Նախօրեին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր-2» հէկ-ի շինարարական աշխատանքներն իրականացնելիս «Հունդայի» մակնիշի էքսկավատորի վրա ընկել է մոտ 30 տոննա կշռով, 10-15 խմ ծավալով ժայռաբեկոր, ինչի հետեւանքով վարորդը` Եղվարդ քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված Արտյոմ Խալաթյանը, տեղում մահացել է: Ամբոջ գիշեր աշխատելուց ու ձեռքի ուժով ժայռաբեկորները հեռացնելուց հետո երեկ հրշեջ-փրկարարները բեկորների տակից դուրս են բերել վարորդի դին: Գեղահովտի համայնքապետ Արթուր Ղազարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց. «Սելավաջրից հողը փափկել է, ու քարը գլորվել ընկել է մեքենայի վրա: Նման դեպք առաջին անգամ է տեղի ունենում: Թարսի պես որտեղ վարորդն է նստած եղել, այնտեղ է քարն ընկել, իսկ տեխնիկային վնաս էլ չի հասցրել»: Համայնքապետի խոսքով՝ մահացածը մեկ շաբաթ է, ինչ ներգրավվել էր հէկ-ի շինաշխատանքներին. ««Եղվարդշին» ԲԲԸ-ի աշխատակից էր: Շուրջ մեկ տարի է, ինչ հէկ-ի շինաշխատանքներ են իրականացվում, միայն նոր է տեխնիկայի անհրաժեշտությունը զգացվել, ու այսպիսի ողբերգական դեպք տեղի ունեցավ: Մեկ շաբաթ է, ինչ համապատասխան տեխնիկան այստեղ է»:
ԹԱՐՍԻ ՊԵՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ