Ռեժիսոր ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ կարծիքով (սկիզբը՝ նախորդ համարում)՝ կառավարման սովետական համակարգը քանդվել է, իսկ նոր մոդելը ստեղծվել է ոչ ինքնուրույն` հուշարարների կողմից. Եվրախորհուրդ, Ռուսաստան, ԱՄՆ. «Քո խնդիրն է ծառայել քո ժողովրդին եւ քո երկրին, իսկ միգուցե մեր ժողովրդին պե՞տք չեն այլ օրենքներ ու բարքեր, որ այսօր թելադրվում են դրսից: Իսկ ո՞ւմ են հարցնում, ո՞վ է հավանություն տալիս, կարծում եմ՝ մեր երկրի ղեկավարներն էլ են մոլորվել, չգիտեն՝ ում լսեն, ոնց անեն: Մտածում եմ, որ դրա պատասխանը մեր մեջ է, երբ կկարողանանք մերը գնահատել եւ մեր երգը երգել, էն ժամանակ մի բան կփոխվի»:
-Ինչի՞ց պետք է սկսել փոփոխությունները:
-Սահմանադրությունից, բայց ոչ թե համաշխարհային փորձը հաշվի առնելով, այլ այդ փորձը ադապտացնելով քո հայկական մենթալիտետին: Եթե այս քաղաքում տհաս ճարտարապետություն ու քաղաքաշինություն է արվում, պետք է հաշվի առնել մարդուն, որն այստեղ ապրում է: Այսօրվա այս այլանդակությունները, որ կառուցվել են Երեւան քաղաքում, նեղլիկ փողոցների այս բարձրահարկ շենքերը, ինչի՞ համար են սրանք: Հները քանդում էին միայն մի նպատակով, որ փող կորզեին: Ու այդտեղի բնակիչներին, որոնք երեւի իրենց տոհմով մի 100 տարի ապրել էին այդտեղ, հանեցին, վռնդեցին: Դա մարդու իրավունքի, հոգեվիճակի շատ լուրջ խախտում է: Ինքս էլ երեւանցի եմ, հայրս էլ, տատս էլ Երեւանից են եղել: Այս նոր քաղաքն ինձ օտար է: Գոնե էլ չշարունակվի բետոնապատվել, Թամանյանի քաղաքն այս ինչի՞ են վերծաել: Ուզո՞ւմ էիք նոր քաղաք կառուցել, կառուցեիք մի նոր տեղում եւ իսկապես նոր բան, նոր ասելիք, նոր ճաշակ թե՛ ճարտարապետության եւ թե՛ քաղաքաշինության մեջ, թե չէ էս նավթալինի միջից գտած պրոյեկտներն ու անշուք ճարտարապետությունը` գեղցու ճաշակով կատարած, անիմաստ չափերով, սրիկայաբար մխրճված իմ հին ու գողտրիկ քաղաքի սրտում, մեծ դավաճանություն էր: Կարծում եմ՝ էս քաղաքն իր հոգու խորքում եւ պատմության մեջ ապրած ու չապրած տարիների խորքից հայհոյում եւ փնթփնթում է սենց վերաբերելու համար, ոնց որ ես եմ հայհոյում եւ ցանկացած մեկը, ով սիրել եւ շարունակում է սիրել աշխարհից կտրված ու այդքան տարբեր աշխարհներ իր մեջ տեսած այս մեր փոքրիկ ու մեծ Երեւանը:
-Իսկ երբ նոր էին սկսել կառուցել, ձայն հանեցի՞ք:
-Իհարկե, շան տեղ դնող չեղավ: Նրանք, ովքեր պետք է իրոք բարձրաձայնեին, նրանք լռում էին, քանի որ այդ շարքերում էլ թույլիկությունը միշտ եղել է: Ունենք այն, ինչ ունենք: Նեգատիվը պետք է քոքահան անել:
-Իսկ հնարավո՞ր է այն արմատախիլ անել:
-Այո՛, 5 օրում: Մենք շատ ունիկալ ժողովուրդ ենք: Երբ նույն հայը գնում է դուրս, որտեղ օրենք կա, շատ շուտ ենթարկվում է: Իսկ այստեղ ի՞նչ վիճակ է: Եթե մեկն ամրագոտի չի կապում, մյուսն էլ մտածում է, որ ինքն էլ չի կապի: Այն մարդիկ, որոնք ավելի շատ են սիրում փչացնել, վախկոտ են, ու խստության դեպքում ամեն ինչ իր տեղն է ընկնում:
-Բավական ընդդիմադիր եք…
-Ես միշտ եմ ներկայի հետ վեճի մեջ: Արվեստի մարդը, ում հայացքը դեպի ապագա է, միշտ պետք է իր ասելիքը պարզ ճակատով ասի: Քաղաքականությամբ էլ պետք է զբաղվի քաղաքագետը, ոչ ամեն պատից դուրս եկածը: Այսօր ես իրական ընդդիմություն չեմ տեսնում, ինձ թվում է՝ կա ընդդիմության նոր տեսակ. էն «Խաթաբալա» ֆիլմում փողով լաց լինող կանայք կային, քանի որ մահացածի հետեւից բարեկամ չկար լաց լինող, վարձել էին` ձեւական լաց լինեին, որ ամոթ չլինի: Ի՞նչ եմ ուզում ասել. ձեւական եւ սուտ ընդդիմությունը քանդում է մեր երկիրն ավելի արագ, իսկ առողջ ընդդիմությունը երկրի համար վիտամին C է: Թե չէ սրանք, նրանք ու նրանց քավորները սրանց սրիկաներին զանգում ու տկռները ճկռներին լոլո են կարդում, թե ով աթոռին բարձրանա: Վա՜յ, ոչ լիներ էն օրը, որ աթոռ տեսաք (ծիծաղում է-Ե.Ռ.): Չորս շքամուտք մարդ ենք մնացել այս երկրում, գոնե այսքանին պետք է գնահատել, սիրել ու փայփայել, մանավանդ որ մեր ժողովուրդը շատ ընդունակ ու խելացի է: Ի՞նչ ենք անում մենք այսօր: Ասում ենք՝ դո՛ւրս արի գնա՛ տնից, օտարության մե՛ջ ստեղծիր քոնը, ստեղ մենք ենք ստեղծելու:
-Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ո՞ւմ համար եք տեսահոլովակներ նկարել:
-Ովքեր երգել են, ասելիք ունեցել երգարվեստի մեջ` Ֆորշ, Նունե Եսայան, Էմմա Պետրոսյան, Մարինե Ալես, Շուշան Պետրոսյան… Տաղանդավոր երիտասարդներ այսօր շատ ունենք, բայց չի կարելի ամբողջ ազգին երգացնել, բա ո՞վ դարբնություն, բժշկություն, շինարարություն անի: Զզվելի է, երբ հասկանում ես, որ սխալը սխալի հետեւից շատանում ու բազմանում է: Երբ կիսաթուրքական մուղամներով հոգիները լցրած մարդկանց կերպարներ են ամեն օր աչքիդ առաջ, փողոցում, հեռուստատեսությամբ, ռեստորաններում, տրանսպորտում, եւ դրանք շատանում են, որովհետեւ դրանց պրոպագանդում են ամենուր: Լուսավոր ու պայծառ կետերը մեր երեխաներն են, մի բան անելուց առաջ պետք է մտածել նախ նրանց մասին: Ծնողը պետք է լավ ապրի, արժանավայել, ազնիվ ու պարկեշտ, առանց մուրալու եւ հպարտ իր եւ երկրի համար, որ մեր վաղվա օրն էլ հուսալի եւ ամուր լինի: Ցանկանում եմ, որ մեր տներում, ընտանիքներում բոլորը լավ ապրեն, որ իրենց երեխաներն էլ տեսնեն ու սովորեն, թե չէ էս մուղամբազությամբ շատ հեռու չենք գնա:
«ՈՉ ԼԻՆԵՐ ԷՆ ՕՐԸ, ՈՐ ԱԹՈՌ ՏԵՍԱՔ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ