ՀԱՐՑ. Ես շաքարային դիաբետով հիվանդ եմ: Ինձ իմ բժիշկը նշանակել է «Խումուլին M3» տեսակի դեղամիջոցը, որը միշտ անվճար ստացել եմ պոլիկլինիկայից: Դեկտեմբերից ինձ տալիս են անհասկանալի ինչ-որ դեղ՝ «Հումուլին 30/70», եւ ասում են, որ դա փոխարինող է: Բայց այս դեղն ինձ ընդհանրապես չի օգնում, եւ իմ բժիշկն արգելում է ինձ օգտագործել այն: Ինչո՞ւ ինձ չի տրամադրվում իմ դեղը: Հիմա ես ի՞նչ պետք է անեմ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Շաքարային դիաբետով տառապող հիվանդների համար նախատեսված հակադիաբետիկ դեղերն ընդգրկված են պետության կողմից կենտրոնացված կարգով գնվող եւ համապատասխան հիվանդներին անվճար հատկացվող դեղերի ցանկում:
Հայտնում եմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պետության կարիքների համար կենտրոնացված կարգով «Xumulin M3» ինսուլինի ձեռքբերման նպատակով գնման ընթացակարգ երբեւիցե չի իրականացրել, քանի որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների տեխնիկական բնութագրերը պետք է լինեն ոչ խտրական, չպետք է պարունակեն հղում որեւէ ֆիրմային անվանմանը: Ելնելով վերոգրյալից՝ նախարարությունը տեխնիկական բնութագրով ներկայացրել է «Ինսուլին 100մմ/1մլ-ում» դեղի գնման պահանջ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 2013թ. ՀՀ ԱՆ կարիքների համար շրջանակային համաձայնագրով կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերման նպատակով մրցույթով գնվել են կարճատեւ ազդեցության ինսուլիններ, միջին ազդեցության ինսուլիններ եւ 30/70 կարճատեւ եւ միջին ազդեցության ինսուլիններ (խառը):
Սուրեն Քրմոյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, այն հիվանդները, որոնք պետք է ստանան բարձր ազդեցության ինսուլին, ստիպված են լինելու կա՛մ իրենց միջոցներով այն ձեռք բերել, կա՛մ ընդհանրապես չօգտագործել իրենց անհրաժեշտ դեղամիջոցը` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Իսկ ԱՆ-ի պատասխանն ուղղակի վիրավորական է ընթերցողների ու, առավել եւս, հիվանդների համար, որովհետեւ ստացվում է, որ մինչ այս անգամ հայտնի չի եղել, թե նրանք կոնկրետ ինչ դեղամիջոց են օգտագործում: Տարակուսելի ոճով է աշխատում առողջապահության նախարարը: