ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես բնակվում եմ հինգհարկանի պանելային շենքում: Որքան ինձ հայտնի է, նման շենքի բնակիչները գույքահարկ չեն մուծում: Բայց մեզ համապատասխան հիմնարկից անընդհատ զգուշացնում են. «Ինչո՞ւ ձեր բնակվարձը չեք մուծում, չմուծելու դեպքում կտուգանվեք»: Արդյո՞ք նրանք ճիշտ են: Մենք բնակվարձ պե՞տք է մուծենք, թե՞ ոչ:

Ռաֆայել Խալաթյան (78 տարեկան, թոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչությունից տեղեկացնում են, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ գույքահարկով հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա սույն օրենքով սահմանված դրույքաչափերով եւ կարգով հաշվարկվում է գույքահարկի գումարը: Ընդ որում, շինությունների հարկման բազա է համարվում օրենքով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքը:  Միաժամանակ նշեմ, որ մինչեւ 3 մլն դրամ արժեք ունեցող բնակելի նշանակության շինությունները գույքահարկով հարկվող օբյեկտ չեն համարվում:
Բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարանի համար գանձվում է սպասարկման գումար՝ բնակվարձ, որը վճարվում է տեղի համատիրությանը:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից պարզ է դառնում, որ անկախ այն հանգամանքից` անձը բնակվում է պանելային, թե քարե շենքում, միեւնույն է, նա պետք է վճարի գույքահարկ: Չնայած հարկերը հավաքելիս համապատասխան կառույցները շատ ակտիվ ու արագ են աշխատում, իսկ շենքի թերությունները վերացնելու հարցում դառնում են «անհասանելի»:




Լրահոս