ՊԱՆՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՅԼԵՎՍ ԵԿԱՄՏԱԲԵՐ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ դաբաղ հիվանդության պատճառով Հայաստանից որոշ գյուղմթերքների, այդ թվում նաեւ ջերմային մշակում չանցած մսամթերքի, կաթնամթերքի եւ պանրի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն արգելվել է: Չնայած որ արգելքը վերաբերում է ջերմային մշակում չանցած սննդատեսակներին, այնուամենայնիվ, պանրի արտադրությամբ զբաղվող որոշ տնտեսվարողների մոտ ռուսական կողմի կիրառած արգելանքը մտահոգություններ է առաջացրել:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության եւ բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը հունվարի 26-ին ՀՀ-ից կաթնամթերքի արտահանման սահմանափակումների վերաբերյալ պարզաբանել է, որ նշված սահմանափակումները չեն տարածվում ջերմային մշակման ենթարկված կաթնամթերքի ներմուծման վրա: Հարկ է նշել, որ ջերմամշակում չանցած կաթնամթերքի նկատմամբ նմանատիպ սահմանափակումները գործել են նաեւ նախկինում:
«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 20-ից մինչ օրս՝ ՌԴ կողմից ժամանակավոր սահմանափակում կիրառելուց հետո, Հայաստանից ՌԴ է արտահանվել 408 տոննա 757 կգ պանիր: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ից դեպի ՌԴ էր արտահանվել 123 տոննա 299 կգ պանիր: Արտահանող ընկերություններն են եղել «Դուստր Մարիաննա»-ն, «Սպայկա»-ն եւ «Դեագա»-ն:
Ըստ պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի՝ ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման հետ կապված խոչընդոտները օբյեկտիվ են: Նրա խոսքերով՝ ռուսական շուկայում ռուբլու արժեզրկման հետեւանքով ստեղծված անկայուն իրավիճակը մեծ վնասներ է հասցնում նաեւ հայաստանցի պանրագործներին: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանից պանիր հիմնականում արտահանվում է դեպի ՌԴ: Վրաստան, ԱՄՆ կամ մեկ այլ երկիր պանիր արտահանվում է, բայց քիչ քանակությամբ: Վերջին շրջանում խոսակցություններ եղան այն մասին, որ տեղական արտադրողները կարող են պանիր վաճառել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունում: Սակայն այդ ուղղությամբ կարծես թե առաջընթաց չկա:
ՀՀ Շիրակի մարզում պանրի արտադրությամբ զբաղվող «Իգիթ» ընկերության տնօրեն Անդրանիկ Իգիթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրանական շուկան սուլուգունի կոչվող պանրատեսակի մեծ պահանջարկ ունի: Բայց թե երբ ընկերությունը կսկսի պանիր արտահանել դեպի Իրան, հայտնի չէ: Իսկ առայժմ ընկերությունը բավարարվում է միայն ՌԴ պանիր արտահանելով, թեկուզ քիչ քանակությամբ. «Փորձեցինք վրացական շուկայում տեղ զբաղեցնել, այն էլ չստացվեց, քանի որ այնտեղ հայկական պանրի պահանջարկ չկար»,- ափսոսանքով նշեց Իգիթյանը:
Ու թեեւ ՌԴ-ի կողմից կիրառված արգելանքը մտահոգություններ է առաջացրել որոշ պանրագործների մոտ, այնուամենայնիվ, «Իգիթ» ընկերությունը այս տարվա հունվարին առանց խոչընդոտի կարողացել է պանիր արտահանել դեպի Ռուսաստան. «Արտահանել ենք մոտ 20 տոննա պանիր: Այն արգելքները, որոնք ռուսական կողմը կիրառում է, վերաբերում են միայն հում տեսակի արտադրանքին: Իսկ ջերմային մշակում անցած կաթնամթերքն ու պանիրը հանգիստ կարող ենք արտահանել: Մեր արտադրանքը ջերմային մշակում պարտադիր անցնում է: Բայց, այնուամենայնիվ, մտահոգություններ ունենք. հանկարծ սա էլ չարգելվի, որովհետեւ ռուսական շուկայում անկանխատեսելի երեւույթներ շատ են կատարվում: Կոնկրետ մեր ընկերությունը հագեցած է բոլոր տեսակի ժամանակակից սարքավորումներով, եւ ըստ այդմ՝ մենք կարողանում ենք ՌԴ կողմից պահանջված ստանդարտներին համապատասխան արտադրանք տալ»,- հավաստիացրեց Իգիթանը:
Ըստ ընկերության տնօրենի՝ այս պահի դրությամբ միակ խոչընդոտը ռուսական ռուբլու փոխարժեքի վայրիվերումներն են: Բանն այն է, որ ընկերությունը արտադրությանը զարկ տալու նպատակով դոլարային վարկեր է վերցրել, իսկ հիմա դրանք մարում է դրամով, ինչի արդյունքում էլ վնասներ է կրում:
«Թեեւ ռուսական շուկայում պանրի պահանջարկը մեծ է, բայց գների մասով խնդիրներն առկա են: Մեզ մոտ արտադրանքի ինքնարժեքը բարձր է. մենք 1 լիտր կաթը գնում ենք 150 դրամով, իսկ ռուս գործարարները՝ 120-ով: Իրենք ավելի էժան են արտադրում, քան մենք: Դեռ ավելին՝ մենք նաեւ արտահանման մասով լրացուցիչ ծախսեր ենք անում: Ստացվում է՝ ռուսական պանիրը այնտեղ էժան է վաճառվում, մերը՝ թանկ: Չենք տեղավորվում գների մեջ եւ ստիպված մենք էլ ենք էժան գնով վաճառում»,- ներկայացրեց «Իգիթ»-ի ներկայացուցիչը:
Որքան էլ որ պատկան կառույցները պնդեն, թե ՀՀ-ից անարգել պանիր է արտահանվում, նկատենք, որ պանրագործների համար արտահանումը դարձել է ոչ եկամտաբեր: Իսկ թե երբ ռուբլին կարժեւորվի, առայժմ հայտնի չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԻՄ ԱՆՈՒՆԸ ՇՈՇԱՓԵՑ. ԵՍ ԴՐԱՆԻ՛Ց ԷՄՈՑԻԱՅԻ ՏԱԿ ԱՍԵԼ ԵՄ

2015 թվականի սեպտեմբերի 21-ին` անկախության 24-ամյակի օրը, դաժան ծեծի էր ենթարկվել «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը:

Դեպքից հետո նա իրեն այցելած լրագրողներին ասել է, որ ծեծի ենթարկողների մեջ նկատել է Տիգրան անունով երիտասարդի, ում հիշում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից: Ավելի ուշ մամուլի ասուլիսով էր հանդես եկել եւ հայտարարել, որ կատարվածը Ռուբեն Հայրապետյանի իմացությամբ եւ հովանավորությամբ է տեղի ունեցել:
ArmLur.am-ը դեպքից ամիսներ անց փորձեց հասկանալ՝ ի վերջո, ինչ միջադեպ էր տեղի ունեցել Ռուբեն Հայրապետյանի եւ Սմբատ Հակոբյանի միջեւ: Մեր այս եւ մի քանի այլ հարցերի պատասխանեց ՀՖՖ նախագահը:
-Պարո՛ն Հայրապետյան, լրագրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հայտարարեց, որ Դուք իրեն երկխոսության եք հրավիրել, սակայն ինքը հրաժարվել է…
-Ես չեմ կարծում՝ Սմբատը նման բան ասած ըլնի, բայց ես որեւէ առնչություն չունեմ էդ դեպքի հետ: Ու էն, ինչ որ էմոցիայի տակ իրար ասել ենք, կարծում եմ՝ դրանք սաղ անցած-գնացած են:
-Ես ճի՞շտ հասկացա՝ միջադեպը էմոցիաների՞ ազդեցության տակ է տեղի ունեցել:
-Կարծում եմ՝ այո: Իմ կողմից, հաստատ, այո, իսկ թե Սմբատի կողմից ոնց՝ չգիտեմ:
-Սմբատ Հակոբյանի ներկայացրած հեռախոսազրույցի վերծանման մեջ սպառնալիքներ են եղել Ձեր կողմից…
-Մենք եքա մարդիկ ենք, ի՜նչ սպառնալիք…
-Խոսվում էր նաեւ, որ այդ ամենը քաղաքական հողի վրա է տեղի ունեցել…
-Արդեն ասացի՝ ես էդ ամեն ինչի հետ որեւէ առնչություն չեմ ունեցել: Հետո՝ քաղաքական չէր կարա լիներ:
-Ձեր խոսքում էմոցիաների ազդեցության տակ զայրանալու մասին խոսեցիք… Ի՞նչն էր եղել Ձեր բարկության պատճառը:
-Ես զայրացել եմ, որ էդ դեպքերում իմ անունը հնչել ա: Ես էլ էմոցիայի տակ կարող ա մի քանի բառ ասել եմ:
-Դեպքեր ասելով նկատի ունեք Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բողոքի ցույցերին հաջորդած ակցիանե՞րը. Սմբատ Հակոբյանն ա՛յդ ընթացքում ծեծի ենթարկվեց…
-Չէ՛: Հենց կոնկրետ Սմբատ Հակոբյանի դեպքը: Ինքը իմ անունը շոշափեց. ես հենց դրանի՛ց էմոցիայի տակ ասել եմ… Ի սկզբանե որեւէ բան չի եղել… Կարծում եմ՝ բոլորն էլ համոզվեցին, որ ես կապ չունեմ:
-Քննչական գործողություններին մասնակցե՞լ եք՝ հարցաքննվել կամ առերեսվել:
-Առերեսում էղել ա Սմբատի հետ:
-Դուք ի՞նչ կարգավիճակով եք ներգրավվել գործին:
-Ես որպես վկա եմ հարցաքննվել: Հիմա չեմ կարա ասեմ՝ գործն ինչ ընթացքի մեջ է:

Զրուցեց ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 

 

 
ՀՈՂԵՐԸ ՉԵՆ ՄՇԱԿՎՈՒՄ
Տավուշի մարզի գյուղատնտեսական հողատարածքները կազմում են 110 հազար 779 հեկտար, որից 25 հազար 300 հեկտարը վարելահող է, իսկ 3755 հեկտարը` բազմամյա տնկարկներ: Վերջինից էլ 2400 հա-ն՝ պտղատու իսկ, 1355 հա-ն խաղողի այգիներ են: Գյուղատնտեսական մարզում հազարավոր հեկտար հողեր չեն մշակվում: 25 հազար 300 հա վարելահողերից 7210 հեկտարը չի մշակվում սահմանամերձ, ականապատ լինելու, ադրբեջանական գնդակոծության գոտում գտնվելու պատճառով: Մնացած 18 հազար 90 հա վարելահողից 2015 թվականին մշակվել է 16 418 հա-ն: Տավուշի բնակիչները հողերը չեն մշակում տարբեր պատճառներով՝ հողատարածքների մի մասը ոռոգելի չէ, վարելահողերը տարիներ շարունակ չեն բերրիացվել, պարարտանյութերով հարստացել (այդ պատճառով բերքատվությունը ցածր է, ոչ եկամտաբեր), աճեցված բերքի իրացման շուկան փոքր է եւ այլն: Սահմանամերձ մարզում գյուղացիներ կան, ովքեր պարզապես վարուցանքի, սերմացուի փող չունեն:

 

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՆԵՐԳԱՂԹ
Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի եզրին սննդի օբյեկտներ կան, որոնք վերջերս սկսել են կրել «Հալեպ», «Քեսաբ» անունները: Դիլիջանցիների խոսքով` այնտեղ աշխատում են Սիրիայից պատերազմի հետեւանքով Հայաստան ներգաղթած հայեր: Նրանք որպես խոհարարներ աշխատանքի են տեղավորվել Դիլիջանի տարածաշրջանում, միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ գործող ռեստորաններում: Սննդի այդ օբյեկտների տերերը կարծում են, որ ռեստորանները Սիրիայի հայաշատ քաղաքների անուններով կոչելը հաճախորդների թիվը կավելացնի: Հավելենք, որ ազգությամբ վրացի խոհարարներն արդեն մի քանի տարի հաջողությամբ աշխատում են Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի ռեստորաններում, իսկ վրացի հացթուխները՝ Իջեւանի տարածաշրջանի հացի փռերում:

 

ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ
Երեւան քաղաքի բնակիչ, 1974թ. ծնված Կարեն Մոսինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպատակ ունենալով խուսափել իր հարեւան Կարեն Սարգսյանի հետ հնարավոր անախորժությունից՝ կապված վերջինիս կողմից իրեն տրված 300 ԱՄՆ դոլարի դիմաց Վրաստանից հեռուստացույց չբերելու հետ, 2015թ. ապրիլի 5-ին ոստիկանության Իջեւանի բաժնում կատարել է սուտ մատնություն, իբր ինքը մի խումբ անձանց կողմից ավազակային հարձակման է ենթարկվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս