Ինչպես հայտնի է, Հայաստանի դատական ատյաններում կրկին կքննվի ավելի քան տասը տարի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կատարված անչափահասի դաժան սպանության գործը. մեղավոր ճանաչված Նալբանդյան ամուսինները պնդում են, թե տարիներ շարունակ ուրիշի փոխարեն են պատիժ կրել:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այն վերաբերում է փաստաբան Սեդա Սաֆարյանի գանգատին «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որտեղ, ըստ Եվրադատարանի, խախտվել են Նալբանդյանների` արդար դատաքննության, դատական պաշտպանության մատչելիության իրավունքները, ինչպես նաև անմարդկային վերաբերմունք է դրսևորվել նրանց նկատմամբ:
Այս գործով որպես փոխահատուցում սահմանվել է 62 հազար եվրո գումար, որից Բագրատ Նալբանդյանին ՀՀ կառավարությունը պետք է վճարի 10 հազար եվրո, Նարինե Նալբանդյանին` 27 հազար եվրո, և Արևիկ Նալբանդյանին 25 հազար եվրո: 16-ամյա Սյուզաննա Սարգսյանին դաժանորեն սպանելու մեջ մեղավոր ճանաչված Նալբանդյան ամուսինների բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 1 տարի առաջ մասնակիորեն բավարարել էր, ինչի հիման վրա էլ օրեր առաջ Վճռաբեկ դատարանը գործի վերաբացման վարույթ է սկսել:
ArmLur.am-ի հետ զրույցում մահացած անչափահասի քույրը՝ Բելլա Սարգսյանը, իր վրդովմունքը հայտնեց, որ տարիներ առաջ տեղի ունեցած դժբախտությունը պարբերաբար հիշեցվում է, արդյունքում՝ իրենց չսպիացած վերքն ավելի է թարմանում: Մեր զրուցակցի խոսքով՝ իր քրոջ սպանության գործն արդեն բացահայտված է, և նոր շահարկումներ պետք չէ անել. «Նրանք սրբություն չունե՞ն: Ինչո՞ւ են ցանկանում արատավորել խեղճ երեխայի հիշատակը: Ինչո՞ւ են անընդհատ շահարկում, խոսում, գրում, գնում-գալիս: Ինչքա՞ն կարելի է մարդկանց զգացմունքների հետ խաղալ: Հայրս արդեն չկա, մենք էլ շատ բան չենք հասկանում, փաստաբան չունենք, ո՞վ պետք է պաշտպանի մեզ այդ անիրավներից»,- վրդովված ասաց Բելլա Սարգսյանը:
Անդրադառնալով առաջ քաշվող վարկածին, թե սպանությունից առաջ Սյուզաննային բռնաբարել են, Բելլա Սարգսյանը մեկնաբանեց, որ քրոջ պատիվն անարգելու անմարդկային փորձ է: Նշենք, որ այս վարկածում առաջ է քաշվում նախկին ոստիկանապետի որդու անունը. «Ես Վարդենիսում եմ ապրել և միշտ այստեղ եմ եղել, դպրոցում եմ աշխատում, ոստիկանապետի տղան իմ աչքի առաջ է մեծացել, մեր աշակերտն է եղել այդ տղան: Ասենք, եթե ոտիկանապետի տղան լիներ, հիմա հանգիստ չէին նստի: Հեռուստացույցով ասում են՝ իմ ամուսինն է խաղացել, պարտվել, իմ ամուսինն անգամ թուղթ խաղալ չգիտի, ուր մնաց թե… եթե իմ ամուսինն էր, իմ վրա կխաղար, ի՞նչ գործ ուներ իմ քրոջ հետ: Իսկ եթե չապացուցի, այդ ժամանակ ի՞նչ պիտի անի, կամ մենք իրա հետ ի՞նչ պիտի անենք: Ինչպե՞ս է մեղքի զգացումով ապրելու, որ քրոջս պատիվն արատավորեց»,- շարունակեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, թե Սյուզաննայի սպանության մեղադրանքով ազատազրկման դատապարտված Նարինե Նալբանդյանը նախկինում մշտապես տարաձայնությունների մեջ է եղել հարազատների հետ, ուստի` որևէ մեկի համար զարմանալի չէր, որ նա կարող էր դեպքի մասնակից լինել. «Այդ կինը ոսկե շղթայով իր սկեսուրին էր խեղդել, մեր դեպքից որոշ ժամանակ առաջ էլ տապոռով խփել էր ամուսնու գլխին, բայց այդ ժամանակ իրեն չբռնեցին: Սյուզաննան շատ չէր շփվում իրենց աղջկա հետ: Միշտ ասում էր՝ Արևիկին շատ եմ խղճում, մազերը հորքուրն է կապում, շորերը հորքուրն է լվանում: Իր տղան, որ հեռուստացույցով խոսում է, ասում է՝ մայրս կապ չունի և այլն, դեպքից հետո էլ աում էր՝ ես տանը չեմ եղել, հետո եմ իմացել, որ նման բան է տեղի ունեցել: Հիմա լավ տղա՞ է դարձել, մո՞րն է պաշտպանում»
Սարգսյանների ընտանիքը պարբերաբար իր վրդովմունքն է հայտնում տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգության մասին հիշեցնելու շուրջ: Եվ մինչ նրանք վրդովվում ու զայրանում են, Նալբանդյանների պաշտպան Սեդա Սաֆարյանը վստահեցնում է՝ ամուսիններն ուրիշի փոխարեն են տարիներ շարունակ անազատության մեջ գտնվել:
ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Սեդա Սաֆարյանը նկատել էր, որ դեռևս նախաքննության ընթացքում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով Սյուզաննային տանելու մասին էր խոսվում, սակայն վարույթն իրականացնող մարմինը խնամքով շրջանցել էր դա, արդյունքում` սխալ պատկեր էր ստացվել. «Ես կարծում եմ, որ եթե այս գործով ներպետական դատարաններում պայքար սկսեմ, պետք է հասնեմ արդարացի բացահայտմանը: Այլ խնդիր է, թե տուժողի իրավահաջորդին որքանով է ձեռնտու իր աղջկա մահվան հանգամանքների բացահայտումը:
Ես արդեն կասկածում եմ, որ նրանց դա ձեռք է տալիս, քանի որ եթե մի մարդու ցանկանում ես բացատրել, որ աղջկադ շուրթը վնասված էր ինչ-ինչ պատճառներով, նա չի հասկանում, որ դա պետք է բացահայտվի: Անգամ այն ցուցմունքներով, որոնք խոցելի են և այսօր չենք ընդունում և ստի վրա են կառուցվել, չեն բացահայտում`շրթունքների վնասվածքն ինչով է բացատրվում»:
Համաձայն մեղադրական եզրակացության` Վարդենիսի անչափահաս բնակչուհի Սյուզան Սարգսյանը մարտի 31-ին գնացել էր համադասարանցու՝ Արևիկ Նալբանդյանի տուն և նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ վիճել: Վերջինս իր տան խոհանոցում վիճաբանության ընթացքում «Ջերմուկի» ապակե շշով մի քանի անգամ հարվածել էր անչափահաս 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի դեմքին: Աղջնակը ստացած հարվածներից կորցրել էր գիտակցությունը: Տանտերերը մետաղալարով կապել էին Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը եւ 5-6 ժամ թողել էին փակված խոհանոցում, սակայն աղջնակը այդ ժամանակ դեռ ողջ է եղել:
Ըստ քրեական գործի նյութերի՝ ամուսինները, մի քանի ժամ սպասելուց հետո դեռեւս չմահացած աղջկան կեսգիշերին քաշ տալով տարել եւ նետել էին իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր: 2005-ի փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով` աղջկան սպանելու մեջ կասկածվող Նարինե Նալբանդյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, իսկ Բագրատ Նալբանդյանը՝ 9 տարվա:
Նշենք նաև, որ այն ժամանակ այս քրեական գործով հետաքրքրված էր նաև «Հելսինկյան ընկերակցությունը», որը կասկածի տակ էր դրել այդ սահմռկեցուցիչ հանցագործության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ու դատաքննությունը: Ուստի` ամբաստանյալների պաշտպանությունը ստանձնել էր կազմակերպության անդամ Սեդա Սաֆարյանը: Նրա պաշտպանյալներից Նարինե Նալբանդյանը դատարանում հայտնել էր, թե ինքնախոստովանական ցուցմունքներն իրենից բռնությամբ են կորզել:
Սեդա Սաֆարյանը Եվրոպական դատարան էր դիմել: Բողոքում նշվել էր, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններում, դատական համակարգում խախտվել են Նալբանդյանների արդար դատաքննության, արդյունավետ պաշտպանության, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները, նշվել է նաև անհիմն կերպով կալանքի տակ պահելու մասին: 2012 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել էր Սյուզաննա Սարգսյանի սպանության գործով հարցուպատասխանը ՀՀ կառավարության հետ: