Արդեն երկու տարի խոսվում է Քաղցրաշենի ոռոգման նախագծի մասին, որով Արարատի մարզի 12 համայնքների ջրամատակարարումը մեխանիկականից պետք է դառնա ինքնահոս, պետության՝ այս ոլորտի սուբսիդավորման բեռը թեթևացնելով տարեկան ավելի քան 500 մլն դրամով:
Այս նախագիծը կօգնի տարածաշրջանի բնակիչներին օգտվել ինքնահոս ջրից, թեև մինչ այս էլ Արարատի մարզի 12 գյուղի դաշտերը ոռոգվում էին նույն Ազատ գետի ջրով` բայց ծախսելով 500 մլն դրամի հոսանք: Այս ընթացքում բավականին ակտիվ քննարկումներ կազմակերպվեցին Գառնի համայնքում, որտեղ բնակիչները մտավախություններ ունեին, սակայն պարզաբանումներից հետո, որ Ազատ գետում ջուրը չի ցամաքի, գետի եզերքին գործող հանգստի գոտիները չեն տուժի, իսկ հողամասերի սեփականատերերին փոխհատուցում կտրվի, իրավիճակը հստակեցվեց: Մտավախությունը, որ գետի վրա ՀԷԿ է կառուցվելու, բացառվում է:
Ջրային տնտեսության ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագծային տվյալների համաձայն` ջրառի և ջրթափի կետերի միջև բարձունքային նիշերի տարբերությունը, թեև կազմում է 100 մ, սակայն հաշվի առնելով շփման և կետային կորուստները` հոսքի վերջնական ելքը 10 մետրին համարժեք հիդրոէներգետիկ ուժ է ունենալու, որը ցանկության դեպքում անգամ անհնար է օգտագործել հետագայում խողովակաշարի վրա ՀԷԿ-ի կառուցման նպատակով:
Նալբանդյանն ընդգծեց, որ Ազատ գետում պահպանվելու է օրենքով սահմանված էկոլոգիական թողքը, և գետում ձկների պահպանությանն ու վերարտադրմանը ևս ջրառը չի խանգարի: Մասնագետի կարծիքով` անհասկանալի է Քաղցրաշենի ծրագրի դեմ հանդես եկող որոշ ակտիվիստների դիրքորոշումը, քանի որ որևէ կերպ Ազատ գետի ցամաքեցման խնդիր չի լինելու. նախ` գետի ջուրը պետք է լցվի Ազատի ջրամբար, որտեղից ոռոգվում է նաև Արարատյան դաշտի զգալի հատվածը: Այնպես որ, Արարատյան դաշտի մի հատվածը ինքնահոս ոռոգելու հաշվին, անտրամաբանական է, որ դաշտի մեկ այլ հատված ցամաքեցվի:
Մարտիրոս Նալբանդյանի խոսքերով` Գառնիի բնակիչների հետ քննարկումների ժամանակ բոլոր մտահոգող խնդիրները պարզաբանվել են, և որևէ հարց առանց պատասխանի չի մնացել, գնացել են անգամ զիջումների. ջրընդունիչ կայանի նիշը նախնական նախագծման ընթացքում որոշված նիշից ավելի ներքև է իջեցվել:
Ըստ մասնագետի` Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, իրոք, բնապահպանական խնդիրները շատ են, և դրանց լուծմանը հետամուտ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների աշխատանքն անուրանալի է. «Հետագայում էլ ԾԻԳ-ի աշխատակազմը պատրաստ է քննարկել բոլոր հուզող հարցերը շահագրգիռ կողմերի հետ, սակայն դեմ ենք ապատեղեկատվությանը, ինչպես օրինակ` «ծրագիրը ցամաքեցնելու է Ազատ գետը, կամ օգտագործվում են 60 տարվա վաղեմության Ազատ գետի ջրային հոսքի տվյալներ, կամ՝ ջրագիծը կառուցվելու է Քարերի սիմֆոնիային մոտ»:
Մասնագետները շարունակում են վստահեցնել` որևէ հէկ չի կառուցվելու. Քաղցրաշենի նախագիծն այն է, ինչ բազմիցս ներկայացվել է: Գետը չի ցամաքելու, բնապահպանական հոսքը երաշխավորված է նաև տեխնիկապես: Նախագիծը չի վնասելու Քարերի սիմֆոնիան և Խոսրովի անտառը: Գառնի համայնքի բնակիչները չեն զրկվելու ոռոգման, առավել ևս` խմելու ջրից: