ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների արդյունքները ՀՀ իշխանություններին շատ լուրջ են մտահոգել, քանի որ անցած տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած իրադարձությունների գնահատման ֆոնին 2017 թվականի ԱԺ ընտրություններում անհրաժեշտ «արդյունք» ունենալու հեռանկարը սկսել է մշուշվել:

Հայաստանի իշխանություններն այս տարվա սկզբից մոբլիզացրել են ընտրական գործընթացների իրենց բոլոր հին ու նոր տեխնոլոգներին,, կամ այլ կերպ ասած՝ ընտրակեղծարարության մտավոր կենտրոններին: Վերջիններիս առջեւ խնդիր է դրված հաշվարկել եւ հասկանալ, թե իշխանություններն ինչպես կարող են 2017 թվականի ԱԺ ընտրություններում երաշխավորված «արդյունք» ունենալ:
Ինչպես հայտնի է՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ իշխանությունները ներդրել էին իրենց ողջ ներուժը՝ ՀՀԿ-ն իր ողջ վարչական ռեսուրսներով եւ թաղային հեղինակություններով, ԲՀԿ-ն իր տիրապետման տակ մնացած ազդեցության լծակներով, ՀՅԴ-ն իր ունեցած ու իշխանություններից ստացած լրացուցիչ գործիքներով եւ ՕԵԿ-ն իր կեղծ ընդդիմադիրի վարքով: Թվում էր, թե նրանք բոլորով միասին կկարողանան սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ թվով «այո» ապահովել` առանց ավելորդ աղմուկի: Սակայն, ինչպես հայտնի է, հանրաքվեն անցավ խայտառակ խախտումներով: Ամենեւին էլ պատահական չէ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շարունակում է ՀՀ իշխանություններից կոնկրետ քայլեր ակնկալել հանրաքվեի ընտրակեղծարարներին պատժելու ուղղությամբ: Ըստ դեսպանի՝ մինչ օրս այդ ուղղությամբ ընդամենը նախնական քայլեր են ձեռնարկվել: Իհարկե, կասկած չկա, որ ՀՀ իշխանություններն այս անգամ էլ, լավագույն դեպքում, մի քանի հոգու պայմանական կդատեն եւ հանրաքվեի էջը կփակեն:
Սակայն ողջ խնդիրն այն է, որ հանրաքվեում անհրաժեշտ «արդյունքը» ստացվել է ընտրակեղծարարության ողջ, այդ թվում՝ ամենակեղտոտ զինանոցը ամբողջական ծավալով օգտագործելու շնորհիվ, ինչպես, օրինակ, 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Սա այն դեպքում, երբ բոլորին է հայտնի, որ հանրաքվեի ժամանակ ընտրողների մեծամասնությունը անտարբեր էր, եւ տվյալ քվեարկության ելքը նրանց չէր հետաքրքրում: Ընդդիմադիր քաղաքական ուժերը եւս հանրաքվեի գործընթացում ողջ ծավալով ներգրավված չէին եւ հակաիշխանական դաշտի դիմադրությունը հանրաքվեի ժամանակ իրական ներուժի 30-ից 40 տոկոսն էլ չի կազմել:
Ստացվում է՝ ՀՀ իշխանական համակարգն իր 100 տոկոս գործիքակազմով եւ անտարբեր ընտրողի պայմաններում հանրաքվեի քվեարկության ցանկալի ելքը կարողացել է մի կերպ ապահովել: Նման պայմաններում անգամ հանրաքվեի անցկացման նպատակով կազմավորված 1997 տեղամասերից 441-ում, կամ նույնն է, թե ընդհանուր տեղամասերի մոտ 25 տոկոսում ՀՀ իշխանությունները կատարյալ պարտություն էին կրել: Իսկ ինչ տեղի կունենա, եթե ընդդիմությունն ամբողջությամբ մտնի պայքարի մեջ, ընտրողներն էլ հստակ շահագրգռված լինեն քվեարկությանը մասնակցելու եւ ինչ-որ բան փոխելու գործում: Հենց այս հարցն են այս օրերին իշխանական «տեխնոլոգներն» իրենք իրենց տալիս եւ ամենեւին «լավ» եզրակացության չեն հանգում: Ընդդիմության ընդհանուր ներգրավվածության եւ ընտրողների մոտիվացվածության պայմաններում առավել քան հավանական է, որ ընդդիմությանը կհաջողվի իր հաջողությունն արձանագրել առնվազն հազար տեղամասերում, ընդհանուրի կեսից ավելիում: Միեւնույն ժամանակ իրատեսական է այն հեռանկարը, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդդիմությունը, հնարավոր է, կարողանա բոլոր տեղամասերը վերահսկել: Նախորդ բոլոր տեսակի ընտրություններում նման նախադեպ չի եղել: Ընդդիմությունը եւ, ընդհանրապես, Հայաստանի ողջ հանրությունը իմացել են, որ քվեարկությունը կեղծվել է, բայց փաստական ապացույցներով դրանց ընդհանրական պատկերը չեն կարողացել ցույց տալ:
Իսկ եթե տեղամասերի մեծամասնությունում` հազար եւ ավել, ընդդիմությունը կեղծիքները կանխի, իսկ մյուսների վերաբերյալ փաստական ապացույցներ ունենա, կարող է առաջին անգամ քվեարկության սեփական ամփոփում իրականացնել: Արդյունքում, քվեարկության արդյունքների երկու պատկեր կլինի՝ մի կողմում չկեղծված տեղամասերի արդյունքները, իսկ մյուսում` կեղծված արդյունքներով տեղամասերը: «Պահպանվածների» հազարից ավել լինելու դեպքում ընդդիմությունը կարող է դառնալ իրավիճակի տերը` հաշվի չառնելով, թե այդ մասին ինչ են մտածում իշխանությունները եւ նրանց կողմից վերահսկվող դատաիրավական համակարգը:
Մեր տեղեկություններով՝ հենց նման հեռանկարի իրական լինելն է խիստ մտահոգել Սերժ Սարգսյանին: Երբ քվեարկության ընդհանրական պատկերը ներկայացվել է, նա խիստ բարկացել է հանրաքվեի քվեարկության համար պատասխանատուների` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ իր աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի վրա: Սերժ Սարգսյանը հանրաքվեն առանց խոչընդոտի անցկացնել պարտավորված այս պաշտոնյաներին ուղղակի ասել է, որ այն ձեւերով, ինչպես նրանք են «այո»-ն ապահովել «ութերորդ դասարանի երեխան էլ կարող էր անել»: Մեր տեղեկություններով` իշխանական տեխնոլոգները ներկայումս մշակում են ընտրակեղծարարության առաջարկների փաթեթը, որը պատրաստվում է ընտրական նոր օրենսգրքի նախագծի հետ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՆԵՐԿԱ-ԲԱՑԱԿԱ
Վեջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին հրահանգել էր. «Ուշադրություն դարձրեք աշխատանքային կարգապահության վրա: Ես հետամուտ եմ լինելու, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան եւ ժամանակից շուտ չգնան»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել, թե նախարարներն ինչպես են կատարում վարչապետի հանձնարարականը: Երեկ աշխատանքային օրվա ավարտից մոտավորապես 30 րոպե առաջ զանգահարել ենք բոլոր նախարարների ընդունարաններ՝ ճշտելու, թե արդյո՞ք նախարարները տեղում են: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տեղում չէր, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզում էր, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը գործուղման էր: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, գյուղնախարար Սերգո Կարապետյանի, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի, ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ՏԿԱԻՆ Արմեն Երիցյանի, սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի եւ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալ չհաջողվեց, քանի որ նրանց ընդունարանների հեռախոսահամարները չէին պատասխանում: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ նրանք արդեն աշխատավայրում չէին, հակառակ դեպքում ընդունարանի հեռախոսներին պատասխանողներ կլինեին:
Ի դեպ, նախարարներից Արտեմ Ասատրյանը, Հրանուշ Հակոբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արամայիս Գրիգորյանը եւ Վաչե Գաբրիելյանը, ըստ նրանց օգնականների, զանգահարելու պահին տեղում էին:

 

 

ՊԱՐՏԱՏԵՐԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հունվարի 12-ին նշանակված «Էյր Արմենիա» ՍՊԸ-ի պարտատերերի առաջին ժողովը չի կայացել: Պատճառն այն է եղել, որ պարտատերերի պահանջների ցուցակը մինչ այդ չի հաջողվել հաստատել: Պարտատերերի ժողովը հետաձգվել եւ նշանակվել է փետրվարի 16-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ընկերության մամուլի քարտուղար Սիրակ Համբարձումյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենք առաջիկայում պատրաստվում են առողջացման ծրագիր ներկայացնել:

 

 

ԷԼԻ «ՈՍԿԵ ԶԱՎԱԿ»
Օրերս Սերժ Սարգսյանի կողմից «փաթեթով» նշանակված դատավորների մեջ, պարզվում է, եւս մեկ «ոսկե զավակ» կա: Բանն այն է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին քննիչ Հեկտոր Սարդարյանի որդին՝ Արսեն Սարդարյանը, նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը դեռեւս 2015-ի հունվարի 16-ին գրել էր, որ Հեկտոր Սարդարյանի որդին, որը, ինչպես հայրը, քննիչ էր աշխատում, որոշել է դառնալ դատավոր: Ինչպես տեսնում ենք՝ այս գործը հաջողվեց «գլուխ բերել» մեկ տարում: Չսխալվեցինք:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ
Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային, ասել է, որ Դաշնակցությունը իշխանության մաս կազմելով՝ հավասարապես եւ ամբողջական պատասխանատվություն կկրի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական զարգացումների համար: «Դա նշանակում է, որ ինչպես նախկինում, տարանջատումներ չանեն, երբ մեր կոալիցիոն գործընկերները կոալիցիայից դուրս էին գալիս եւ սկսում էին մեկնաբանություններ տալ այն ոլորտների մասին, որոնք որ իրենք ղեկավարել են: Այսինքն՝ իրենք գործ ունեն այս երկու ոլորտի հետ, մնացածի հետ գործ չունեն: Բայց որտե՞ղ մնաց կոալիցիոն համագործակցությունը: Կոալիցիոն համագործակցությունը մենք պատկերացնում ենք, որ ե՛ւ դրականին են իրենք տեր, ե՛ւ բացասականին»,-երեկ ԱԺ-ում հայտարարել է Բաղդասարյանը:

 

ՉՈՐՍ ԹԵԿՆԱԾՈՒ
Երեկվա դրությամբ շրջանառվում էր Մարդու իրավունքների պաշտպանի չորս թեկնածուի անուն: ՀՀԿ-ն առաջարկել է արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, Տիգրան Ուրիխանյանը` Նարեկ Ալոյանի, իսկ ԲՀԿ-ն էլ առաջարկել է Մակար Եղիազարյանի թեկնածությունը: ՄԻՊ-ի թեկնածուների փաստաթղթերի առաջադրման վերջնաժամկետը փետրվարի 9-ին է, ժամը 18.00-ին: Իսկ փետրվարի 12-ին ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում այս չորս թեկնածուներից կընտրվի մեկը, ով էլ փետրվարի 22-ին Աժ լիագումար նիստում կընտրվի Մարդու իրավունքների պաշտպան:

 

ՉԻ ՇՓՎԵԼ
«Ես համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել, քաղաքացու կողքին լինել»,- երեկ ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ով հանդիսանում է ՄԻՊ-ի պաշտոնում ՀՀԿ-ի թեկնածուն: Հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ նա Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի «կադրն» է, Արման Թաթոյանը պատասխանել է. «Ես պարոն Մինասյանին չեմ ճանաչում անձամբ եւ առիթ չի եղել, որ շփվեմ»: Փոխնախարարի հավաստմամբ՝ իր թեկնածությունը առաջադրել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:




Լրահոս