ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:
Բարձր գնահատելով առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության ներկա մակարդակը՝ նախարարը նշեց.
«Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում բարեկամ Հնդկաստանի հետ մեզ հաջողվեց առողջապահության ոլորտում էապես խորացրել և ընդլայնել համագործակցության ծրագրերը»:
Արմեն Մուրադյանի խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև մեր երկրում ավանդական բժշկության փորձն ուսումնասիրելու ուղղությամբ:
Սուրեշ Բաբուն ասաց, որ հնդկական կողմը համագործակցության առաջարկներ է արել նաև դեղարտադրության ոլորտում համագործակցություն իրականացնելու ուղղությամբ: Դեղարտադրության ոլորտում համագործակցության շրջանակում 2015թ. փետրվարին Հայաստան էր ժամանել գործարարների մեծ պատվիրակություն Հնդկաստանից:
«Հնդկական կողմը աշխատանքներ է տանում նաև Երևանի պետական բժշկական համալսարանի հետ` այնտեղ ավանդական բժշկության դասընթացներ, կրթական ծրագրեր անցկացնելու ուղղությամբ»,- ասաց դեսպանը:
Նա նաև ընդգծեց, որ մեծաթիվ հնդիկ ուսանողներ տարիներ շարունակ հաջողությամբ Հայաստանում ստանում են բժշկական բարձրագույն կրթություն, ձեռք են բերում մասնագիտական հմտություններ:
Դիվանագետը հայտնեց, որ հնդկական կողմը շահագրգրված է նաև մարտի սկզբին Երևանում կայանալիք «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովին մասնակցելու հրավերով:
Հանդիպման ընթացքում կարևորվեց, որ երկու երկրի միջև առկա է մեծ ներուժ առողջապահության տարբեր ճյուղերում փոխգործակցությունն էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու համար:
Նշենք, որ 2014թ. ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին» Փոխըմբռնման հուշագիր, որով Հնդկաստանի աջակցությամբ Երևանի մեկ և հանրապետության 9 մարզային բժշկական կենտրոններին հատկացվել են հեռաբժշկության ժամանակակից տեխնիկական սարքավորումներ:
2013թ. սեպտեմբերին Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիոթերապիայի բաժանմունքին նվիրաբերել է թալասեմիա հիվանդությունը բուժող դեղեր: