ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԻՈՎԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է
Հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայանալիք պատանի պարողների «Եվրատեսիլ»-ին Հայաստանն առաջին անգամ կներկայացնի 17-ամյա Վահագն Մարգարյանը: Մրցույթին մասնակցում են 16-24 տարեկան երիտասարդներ, մեր մասնակիցը ամենաերիտասարդն է: «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով` բոլոր նախապատրաստական աշխատանքներն արդեն արվել են, եւ Վահագնը լիովին պատրաստ է մրցույթին:
Վահագնի պարուսույց, Երեւանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանը նույնպես փաստեց, որ Վահագնը պատրաստ է մրցույթին:

ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Հունիսի 3-ին տեղի է ունեցել երգիչ Հայկ Կասպարովի եւ Կարմեն Լուիզայի հարսանիքը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայկը պատմեց, որ հարսանիքը կայացել է Գերմանիայի Շվերին քաղաքում, քանի որ հարսնացուն այնտեղ է բնակվում:
Ինչպես նշեց փեսան, իր ծնողներն ու բարեկամները Երեւանից «Skype»-ի միջոցով են մասնակցել արարողությանը: Հարսանիքն այնքան էլ մեծ չի եղել. ներկա են եղել հարսնացուի հարազատներն ու ընկերները` շուրջ 35 հոգի:

ՀՆԱՐԱՎՈՐ Է
Դերասան, հումորիստ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որում «Կարգին սերիալ»-ի նրա կերպարը՝ Վարդանը, եւ ռեփեր Միշոն կատարում են Միշոյի «Հաճելի ա» երգից մի հատված: «Արմսթար»-ի հետ զրույցում Հայկը նշել է. «Վարդանի սիրած արտահայտություններից մեկը «հաճելի ա»-ն է, որը նա հաճախ է կրկնում, իսկ Միշոն էլ ունի այդպիսի երգ, Վարդանը երազում տեսնում է, որ ինքն ու Միշոն միասին կատարում են այդ երգը»: Կայքի տված հարցին, թե հնարավոր է արդյոք, որ շուտով այս դուետի կատարմամբ երգի նոր տեսահոլովակ նկարահանվի, Հայկ Մարությանը պատասխանել է կարճ եւ խոստումնալից. «Հնարավոր է»:




Լրահոս