Արամ Սարգսյանը մերժել է «Նոր Հայաստան»-ի առաջարկը. ովքեր կմասնակցեն մարտի 1-ի հանրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` «Հայ ազգային կոնգրես»-ը եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մարտի 1-ին նույն տեղում, նույն ժամին հանրահավաք անցկացնելու մասին իրազեկում են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, սակայն միասնական հանրահավաք անցկացնելու մասով դեռ վերջնական որոշում չկա:  Թե ինչպիսին կլինի հանրահավաքի ընթացքը, վաղ է ասել, քանի որ կողմերը դեռ քննարկումների մեջ են:

Առաջիկա հանրահավաքի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով ասաց. «Մենք հիմա մեր գործընկերների հետ այդ մասով բանակցությունների մեջ ենք գտնվում, եւ երբ որ նորություններ կլինեն, անպայման կհայտնենք: Բայց ես կարծում եմ, որ մենք ունենք այն հատման կետերը, որ միասնական հանրահավաք անցկացնենք: Եւ չեմ կարծում, որ սա մի այնպիսի գլոբալ խնդիր է, եւ որ երկրի ամբողջ ճակատագիրն այս հանրահավաքի միասնական կամ ոչ միասնական անցկացնելուց է կախված: Իհարկե, ցանկալի է, որ միասնական հանրահավաք անցկացնենք, բայց եթե չպայմանավորվենք ինչ-ինչ հարցերի շուրջ, այդ դեպքում հանրահավաքն առանձին կանցկացնենք: Այստեղ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»:

Զրուցեցինք նաև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ, ով նշեց, որ տարբեր քաղաքական ուժերի հետ ներկայումս բանակցությունները շարունակվում են, իսկ ՀԱԿ-ի հետ վերջնական դիրքորոշման հասնել դեռևս չի հաջողվել:

Մակեյանի փոխանցմամբ քաղաքական ուժերից իրենց առաջարկը մերժել է «Հանրապետություն» կուսակցությունը: Նրա խոսքով` կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի կողմից պարզաբանում է եղել, որ իրենք  2009 թվականից մարտի 1-ի որևէ հանրահավաքի չեն մասնակցել, այլ միայն Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ են դրել, և չեն ցանկանում ավանդույթը խախտել: Անդրադառնալով մյուս ուժերին` Մակեյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» եւ ԱԻՄ կուսակցություններից հանրահավաքին մասնակցելու նախնական համաձայնություն ունեն:

Մակեյանն ընդգծեց, որ իրենք դեռևս սպասում են ՀԱԿ-ի պատասխանին, որպեսզի մինչ այս բանակցություններ անցկացրած մյուս ուժերի հետ վերջնական ավարտվեն բանակցությունները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս