Ապագա օմբուդսմենը` խոշտանգումների հմուտ մասնագետ. ՀՀԿ-ի թեկնածուն 5 տարի պաշտպանել է «խոշտանգողի» շահերը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի ՄԻՊ թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը 2011թ.-ից մինչ օրս Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչն է: Ասել է թե` ՀՀԿ-ի թեկնածուն 5 տարի պաշտպանել է «խոշտանգողի» շահերը: Հետաքրքիր է, թե միջազգային հանրությունը ինչպես է ընկալելու այն փաստը, որ նույն անձը մեկ ամիս առաջ արդարացնում էր խոշտանգողին, իսկ հիմա պիտի դատապարտի հենց այդ նույն խոշտանգողին: Այսինքն՝ դերերի կտրուկ փոփոխություն՝ պաշտպանական կողմից սրընթաց անցում դեպի մեղադրողի կողմ:

Պատկերացնենք հետեւյալը. մարդը խոշտանգվել է, դիմել է ՄԻԵԴ, ՄԻԵԴ-ն էլ իր հերթին դիմել է պետությանը: Եվ ի՞նչ է տեղի ունենում՝ ահավասիկ սկսում է աշխատել «խոշտանգողի» պաշտպանը, այսինքն՝ եթե մասնավորեցնենք, ապա մինչ օրս Հայաստանի դեպքում ասպարեզ է եկել Արման Թաթոյանը՝ որպես «խոշտանգողի» պաշտպան: Օրինակ՝ Արման Թաթոյանի պատասխանը ուղարկված Վարդգես Գասպարիին՝ ի պատասխան նրա՝ ՄԻԵԴ-ի հարցմանը՝ 2008 թ.-ին Նուբարաշենում իր նկատմամբ բռնությունների եւ անմարդկային վերաբերմունքի մասին. «Դիմորդը իրեն հասանելի ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները չի օգտագործել»:

Ստացվում է՝ մինչ օրս Արման Թաթոյանը միջազգային հարթակում արդարացրել է խոշտանգման դեպքերը, իսկ, ահա, այս տարվա սկզբից պետք է հակառակ բեւեռում հայտնվի: Մինչդեռ ըստ ՄԻՊ օրենքի 6-րդ հոդվածի. «Պաշտպանը հանդիսանում է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամ ընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Անի Ստեփանյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս