1935 թվականի փետրվարի 12-ին է ծնվել հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը:
Ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։ 1952 թվականից տեղափոխվել է Երևան։ 1955-1958 թթ. աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում։ 1958-1962 թթ. սովորել է ԵրևանիԽաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։
Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս», լույս է տեսել 1967 թ.։ ՍՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը։
Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն,վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։ Ունի դուստր և որդի։
Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։