Հայկական ֆիլմը` Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի մայրաքաղաքում, հունիսի 20-29-ին տեղի կունենա Մոսկվայի միջազգային 35-րդ կինոփառատոնը, որին ներկայացված է նաեւ ռեժիսոր Մարինե Զաքարյանի՝ Վիլյամ Սարոյանի համանուն պատմվածքի մոտիվներով նկարահանած “Փասիանի որսորդը” ֆիլմը (պրոդյուսեր Հովհաննես Գալստյան, արտադրող` Պարալլելս Ֆիլմ): Այս ֆիլմն ընդգրկված է միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:
Փառատոնի գլխավոր մրցույթում “Սուրբ Գեորգի” մրցանակի համար պայքարելու են 16 ֆիլմեր: Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ընտրված ֆիլմերը յոթն են, որոնց թվում է Հայաստանը ներկայացնող ՓԱՍԻԱՆԻ ՈՐՍՈՐԴԸ ֆիլմը: Եվս յոթ ֆիլմ մասնակցում են վավերագրական ֆիլմերի մրցույթին:
Փառատոնը բացվելու է ռեժիսոր Մարկ Ֆորստերի World War Z (Война миров Z), (ԱՄՆ, պրոդյուսերներ՝ Բրեդ Փիթ, Դեդե Գարդներ, Ջերեմի Կլեյներ, Յեն Բրյուս), գլխավոր դերում` Բրեդ Փիթ:
ՓԱՍԻԱՆԻ ՈՐՍՈՐԴԸ ռեժիսոր Մարինե ԶԱՔԱՐՅԱՆԻ առաջին ֆիլմն է: Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի դեբյուտային ֆիլմերի աջակցության ծրագրով, նույնիսկ հայաստանյան կինոարտադրության համար՝ չնչին բյուջեով, սեղմ ժամկետներում և սահմանափակ տեխնիկական միջոցներով: Ֆիլմը աչքի է ընկնում դասական գրողի հանդեպ հոգատարության ու ինքնուրույն մեկնաբանության համադրմամբ, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների համարձակ կիրառմամբ: Ֆիլմի օպերատորն է Միհրան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, կոմպոզիտորը՝ Լիլիթ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ է, հնչունային ռեժիսորը՝ Լևոն ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ: Ֆիլմում նկարահանվել են. Սամվել ՎԱՐԴԱՆՅԱՆԸ (առաջին դերը կինոյում), Անի ԳԱԼՍՏՅԱՆԸ, Աշոտ ԱԴԱՄՅԱՆԸ, Նարինե ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, Կարեն և Սոս ՋԱՆԻԲԵԿՅԱՆՆԵՐԸ: Ապրիլին ՓԱՍԻԱՆԻ ՈՐՍՈՐԴԸ ստացել է ազգային կինոյի ՀԱՅԱԿ մրցանակը՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵԲՅՈՒՏ անվանակարգում:




Լրահոս