Օրեր շարունակ անտառում քնած և ցրտահարված զինծառայողը հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասը լքած եւ 4 օր անց հայտնաբերված Ազիզ Բաքոյանին տեղափոխել են Մուրացանի հանրապետական զինվորական հոսպիտալ: Նշենք, որ տղան օրեր շարունակ քնել է անտառում, ցրտահարվել տուն փախչելու ճանապարհին, եւ ըստ ամենայնի՝ նրան հիվանդանոց տեղափոխել են այդ ամենը հաշվի առնելով:
Նշենք, որ ի սկզբանե հրապարակվել էր, թե զինվորը կարոտից է ինքնակամ լքել զորամասը, սակայն Ազիզ Բաքոյանի հորեղբոր տղան՝ Ուսե Բաքոյանը «Ժողովուրդ»-ին հայտնել էր, որ Ազիզի թեւը պարբերաբար դուրս է ընկել: Հրամանատարությունը մի քանի անգամ նրան ուղարկել է հոսպիտալ, որպեսզի վիրահատեն: Բայց, չգիտես ինչու, երիտասարդին չեն վիրահատել, եւ վերջինս էլ, չդիմանալով ցավին, փախել է զորամասից: Նշենք, որ անգամ զինվորի հորից ստորագրություն են վերցրել՝ նրան վիրահատելու համար, սակայն, այդուամենայնիվ, չեն իրականացրել: Իսկ Ազիզը մի քանի անգամ ծառայակից ընկերներին է խնդրել ուսը «տեղը գցել»:

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Ազիզ Բաքոյանի կողմից զորամասն ինքնակամ լքելու դեպքի առթիվ: ՀՀ քննչական կոմիտեն փետրվարի 9-ին հարուցել է քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը երեք օրից ավելի պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հուսանք՝ իսկապես օբյեկտիվ քննություն կիրականցվի, եւ «կուժն ու կուլան միայն տղայի գլխին չեն ջարդվի»: Իրավապահները պետք է հաշվի առնեն նաեւ այն իրողությունը, որ տղան ուսի ցավին չի դիմացել ու լքել է զորամասը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մեր հրապարակումից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրահանգել է ուսումնասիրել տղայի գործը եւ հասկանալ, թե ով, ինչպես եւ որտեղ է թերացել, ինչի հետեւանքը եղել է զինվորի փախուստը զորամասից:

Քնար Մանուկյան




Լրահոս