ՀԱՆՈՒՆ ՕՖՇՈՐԻ, ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող կոալիցիան երեկ քվեարկությամբ մերժեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծերն ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու առաջարկը: Խոսքը վերաբերում էր «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» եւ «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրենքների նախագծերին, որոնց` ԱԺ օրակարգ ընդգրկելուն կողմ քվեարկեցին միայն ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները:
Իշխանությունների կողմից նման կտրուկ մերժողական վերաբերմունքը, երբ համաձայն չեն նույնիսկ քննարկել նախագծերը, վկայում է մեկ բանի մասին. ՀՀԿ-ն չի ուզում` որեւէ կերպ արծարծվեն առաջ քաշված հարցերը, մասնավորապես օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործունեության կարգավորման խնդիրը: Այնինչ Հրանտ Բագրատյանի նախագիծը կարծես թե պետք է դրական հետեւանքներ ունենար. նա ընդամենն առաջարկում էր արգելել օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը հանքարդյունաբերության ոլորտում՝ սկսած հանքերի շահագործումից, վերջացրած արտադրանքի արտահանմամբ ու վաճառքով: Հրանտ Բագրատյանը պնդում է, որ իր նախագծով էապես կավելանան բյուջետային մուտքերը, քանզի օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները գործում են հարկային արտոնյալ պայմաններում: «Հայաստանում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների օրինակը եւս ցույց է տալիս, որ հաճախ նրանք պատրաստի արտադրանքը վաճառում են իրենց իսկ պատկանող օֆշորային ընկերություններին էժան գներով, իսկ վերջիններս արդեն իսկական եւ թանկ գներով վաճառում են այդ արտադրանքը վերջնական գնորդին: Այս ամենի արդյունքում է, որ դատելով ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում հանքերի շահագործված ֆիզիկական ծավալներից՝ 1,5 մլրդ դոլարի համախառն շրջանառության փոխարեն ունենք 500 մլն եւ 400-450 մլդ դոլար բյուջետային մուտքի փոխարեն ունենք միայն 75-80 մլն դոլար»,-կարծում է Բագրատյանը:
Ցանկացած նորմալ իշխանություն, եթե ինքը չի հասցրել հանդես գալ նման առաջարկով, ապա պետք է գոնե համաձայներ քննարկել ընդդիմության ներկայացրածը. ի վերջո, առաջարկվում է պետական բյուջեի մուտքերի կտրուկ ավելացում: Այնինչ ՀՀԿ-ն, ընդհակառակը, փորձում է ամեն գնով մոռանա տալ այդ թեման:
Իսկ թե ինչո՞ւ, դժվար չէ կռահել. վերջին օրերին քաղաքական դաշտի «թոփ թեման» դարձել է Կիպրոսի օֆշորային գոտում վարչապետ Տիգրան Սարգսյանի անվամբ գրանցված ընկերության կոռուպցիոն սկանդալը: Ու հիմա, փաստորեն, վարչապետի հետ կապված աղմուկը չմարած՝ ընդդիմությունը շարունակում է, թեկուզ այլ տեսանկյունով, բայց «բզբզել» այդ թեման:
Իշխանությունների նման վերաբերմունքը նաեւ մեկ այլ խորքային պատճառ չունի. Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների զգալի մեծամասնությունը հենց օֆշորային գոտում է գրանցված: Այդ հանգամանքը լավ է երեւում հատկապես ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Միայն 2011թ. Վիրջինյան կղզիները Հայաստանում մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում կատարել են 31,3 մլն դոլարի ներդրում, իսկ 2012թ. հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման ոլորտում  Կիպրոսից իրականացվել է 1 մլն դոլարի, Շվեյցարիայից՝ 43,6 մլն դոլարի ներդրում: (Իմիջիայլոց, նշենք, որ օֆշորային գոտում գրանցված երկրները բացի հանքարդյունաբերության ոլորտից, նաեւ հետաքրքրություն են ցուցաբերում ու ներդրումներ անում անշարժ գույքի շուկայում):
Եւս մեկ կարեւոր հանգամանք. օֆշորային գոտիներում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների զգալի մասն  ունի գրանցած ընկերություններ, որոնք լայն գործունեություն են ծավալում Հայաստանում: Այնպես որ, հազիվ թե իշխանությունները կտրեն այն ճյուղը, որի վրա նստած են իրենք:

ԱՃԻ ՓՆՏՐՏՈՒՔ

Ի դեպ, ԱԺ-ում երեկ քննարկվում էր ՀՀ ԿԲ 2013թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որն ընդդիմության կողմից բավական լուրջ դիմադրության արժանացավ: Նույնիսկ ԱԺ ՀՀԿ-ական նախագահ Հովիկ Աբրահամյանն իր արտահերթ ելույթում հայտարարեց, թե երկրի զարգացումը կախված է տնտեսության զարգացումից, որ պետք է ամեն ինչ անել՝ տնտեսվարողներին երկարաժամկետ եւ էժան վարկեր տալու համար: Ըստ Աբրահամյանի՝ մյուս կողմից հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մեր վարկառուները կարողանան վճարել վարկերը: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տնտեսությունը զարգանա, որից կախված է նույն գործազրկությունը, որը 10%-ից ավել է երկրում, արտագաղթը, աղքատությունը, որը 27-30% է»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն իր արտահայտություններում ավելի կտրուկ էր: «Ինքան ուզում եք՝ թվե՛ր հայտարարեք, միեւնույն է՝  չկա կենսամակարդակի աճ։ Երկրում ռիսկայնություն կա, որեւէ օտարերկրյա ներդրող ներդրում չի անի մեր երկրում, քանի որ վստահություն չունի, փոքր բիզնեսը Հայաստանում չի ապրի՝ առանց քաղաքական հենարանի»,-հայտարարեց նա՝ հավելելով, թե դրամավարկային քաղաքականությունը որեւէ կապ չունի մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հետ, ընդհակառակն՝ ավելի է ամրապնդում հարուստների եւ աղքատների միջեւ տարբերությունը։

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս