Ինչպես հայտնի է՝ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Ազգային անվտանգության ծառայության պետ, 70-ամյակը բոլորած Գորիկ Հակոբյանին փոխարինեց փետրվարի 3-ին գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Գեորգի Կուտոյանը, որը մինչ այդ ՀՀ նախագահի օգնականն էր:
Այս նշանակումը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել, շատերն անգամ թերահավատ են, որ 35-ամյա Կուտոյանը կկարողանա ղեկավարել Ազգային անվտանգության ծառայությունը:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ՝ նշանակումը մի քանի տեսանկյունից է անհասկանալի:
-Պարո՛ն Սաֆարյան, Ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի: Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդ կադրի ընտրությունն այս գործում:
-Նշանակվել է մի մարդ, որը վերին աստիճանի երիտասարդ է այդ գործի համար: Նրա կենսագրությունն ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, որ նա այդքան էլ առնչություն չուներ այն ծառայության հետ, որը ղեկավարելու է:
-Նա հայկական բանակում չի ծառայել: Արդյո՞ք դա ինչ-որ կերպ կանդրադառնա հետագա գործունեության վրա:
-Ես շատ կցանկանամ, որ թեկնածուն իսկապես կատարյալ լինի այն իմաստով, որ երդում տված լինի ծառայելու Հայաստանի Հանրապետությանը: Քանի որ բանակը ազգային անվտանգության կարևոր դերակատարներից մեկն է, բնականաբար նա պետք է անցած լինի այդ թոհուբոհով ևս: Այդ իմաստով նորանշանակ պետը խնդիրներ ունի: Իհարկե, Ռուսաստանում սովորելիս չեն երդվում ծառայել Հայաստանին, այնտեղ երդվում են ծառայել Ռուսաստանին: Սա արդեն իսկ խնդիր է:
-Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և նրա բոլոր տեղակալների միջև տարիքային տարբերությունը մեծ է: Այս հանգամանքը կարո՞ղ է գոնե սկզբնական շրջանում խնդիրներ առաջացնել աշխատանքային գործունեության ընթացքում:
-Աշխատանքային կոնֆլիկնտներ ակնհայտորեն լինելու են: Նախ նա համակարգի դրսից է բերված: Հնարավոր է՝ նա նախկինում էլ եղել է ԱԱԾ աշխատակից, բայց դրա մասին նրա կենսագրության մեջ չի նշվում, այդուհանդերձ, ստաժավոր աշխատողների համար, իհարկե, դա խնդիրներ կառաջացնի: Տարիքային խնդիրները կոնֆլիկտներ են բերելու, ստաժավորները թերահավատ են լինելու նրա կայացրած որոշումների նկատմամբ: Ի վերջո, ռուսական դաշտում կրթություն ստացած երիտասարդը, բնականաբար, խնդիրներն այլ կերպ է ընկալելու:
-Պարո՛ն Սաֆարյան, ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելուց բառացիորեն մեկ շաբաթ առաջ Գեորգի Կուտոյանը նշանակվել էր որպես գլխավոր դատախազի տեղակալ: Ձեր կարծիքով՝ ինչի՞ հետ է կապված այս կտրուկ տեղաշարժը:
-Անբացատրելի բան էր, թե ինչու կատարվեց փոփոխություն: Ի վերջո ո՛չ գլխավոր դատախազի տեղակալն է պատահական պաշտոն, ո՛չ էլ ԱԱԾ տնօրենի պաշտոնը: Թե ինչ տեղի ունեցավ այս տասը օրերի ընթացքում, որ նա դատախազությունից գնաց ԱԱԾ, դեռևս անբացատրելի է: Սա կիմանան միայն նրանք:
-Մամուլում ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը շարունակելու է աշխատել այնտեղ, սակայն այլ աշխատասենյակում: Արդյո՞ք այս վարկածի հաստատվելուց հետո կարող ենք ենթադրել, որ դա փորձ է Գորիկ Հակոբյանի՝ անուղղակի կերպով որպես պետ պաշտոնավարելու:
-Իսկ ինչո՞վ կարող ենք համոզված լինել, որ երիտասարդ և հանրությանը ոչ այնքան հայտնի կադրի ընտրությունը հենց դրա համար չի արվել: Ոչինչ պետք չէ բացառել: Շատ հնարավոր է, որ Գորիկ Հակոբյանն ուղղորդի նորանշանակ և ինչ-որ տեղ նաև անփորձ պետին:
Զրուցեց Տաթև Հարությունյանը