Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստը: Նիստում, ևս մեկ անգամ կարևորելով Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությունը, քննարկվել և որոշում է կայացվել հավատարիմ մնալով «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորմանը միանալու համաձայնագրի դրույթներին, ՀՀ կուսակցությունների մասին օրենքի համաձայն, մասնակից դառնալ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադրմանը` միացյալ ուժերով երկիրը դժվարին դրությունից դուրս բերելու կարևորագույն առաքելությանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը իշխանություն-ընդդիմություն բազմակի վայրիվերումներից, կուսակցական կառույցների լուծարումից, 2012թ. իր անդամների թվից մի քանի անգամ քիչ քվեներ ստանալուց հետո, անդամակցության կարգի վերանայումից եւ վերակազմավորումից հետո, այնուամենայնիվ, այդպես էլ չկարողացավ վերագտնել իր երբեմնի հեղինակությունը եւ ստիպած եղավ վերջնականապես լուծարվել` քաղաքական դաշտում նոր անվամբ ներկայանալու եւ այդպիսով 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
Արդեն մի քանի ամիս է, ինչ տարբեր առիթներով հարցազրույցներ տալիս` ՕԵԿ կարկառուն դեմքերը նախընտրում էին հանդես գալ ոչ թե իրենց համար երբեմնի այնքան սիրելի «Օրինաց երկրի», այլ «Հայկական վերածնունդ» միավորման անունից, որն էլ, ի վերջո, վերածվեց կուսակցության եւ փետրվարի 21-ի համագումարում վերջնականապես «կկլանի» ոչ միայն իրենց «ճակատներին եւ սրտներում ՕԵԿ դաջած» ՕԵԿ-ի, այլեւ եւս 8 այլ կուսակցությունների անդամներին:
Եվ չնայած առաջին հայացքից «8 կուսակցությունների անդամներ» ասվածը բավականին ազդեցիկ է հնչում, իրականում ակնհայտ է, որ նորաստեղծ «Հայկական վերածնունդը» լինելու է նոր փաթեթավորմամբ հին ՕԵԿ-ականների «վերածնունդը», որն ունի բացառապես մեկ նպատակ. մոռացության մատնել «Օրինաց երկրի» վերջին տարիների անփառունակ անցյալն ու ազատվել «ուխտադրուժի»` 2008թ.-ից ի վեր հետապնդող խարանից: Կերպարանափոխության դասական օրինակ, երբ մարդը որեւէ անօրինական արարք է կատարում եւ այլ ելք չունենալով՝ փոխում է իր բնակավայրը, անունը, նոր փաստաթղթեր է ձեռք բերում եւ փորձում նորից ներկայանալ մարդկանց:
Արդյո՞ք կհաջողվի դա Ա. Բաղդասարյանին եւ նրա թիմակիցներին, ցույց կտա ժամանակը, թեեւ «ինքնամաքրումը» կերպարանափոխության միջոցով ընդամենը հնարք է, որով դժվար է մոլորեցնել ժողովրդին: