ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Արսեն Քարամյանի անձնական արխիվից

«Ժողովուրդ» օրաթերթի՝ հունվարի 28-ի համարում լույս տեսած «Էլիտար դասալիքները» վերնագրով հոդվածում հայտնվել է նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի անունը, ով օրաթերթին փոխանցեց, որ ինքը 1996-1998թթ. ծառայել է հայոց բանակում (Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, թիվ N զորամաս, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով փոխհրամանատար):

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե սփյուռքի դիմորդներն ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել ՀՀ բուհեր ընդունվելու դեպքում:

Ռիմա Ֆեռոյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բացի Հայաստանում բուհական ընդունելության ընդհանուր կարգից՝ սփյուռքահայ դիմորդները կարող են ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված հատուկ կարգով: Յուրաքանչյուր տարի՝ հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ին ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ ԿԳ նախարարություն կամ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դիմորդը կարող է ընդունվել ՀՀ բուհերի ցանկացած ֆակուլտետի նախապատրաստական բաժին՝ հայոց լեզուն եւ մասնագիտական առարկաները ուսումնասիրելու նպատակով եւ տարեվերջում քննությունները բարեհաջող հանձնելով՝ շարունակել իր ուսումը, կամ անցնել հարցազրույց ընդունելության համար նախատեսված առարկաներից եւ բավարար գիտելիքների առկայության դեպքում անմիջապես ընդունվել համապատասխան ֆակուլտետի 1 կուրս:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սփյուռքահայերին պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության տեղերի բաշխման ժամանակ նախապատվությունը տրվում է սփյուռքի համար առաջնային համարվող հայագիտական, մանկավարժական եւ արվեստի բնագավառի մասնագիտություններին:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ՝ ասեք, թե ի՞նչ կարգով է հաշվարկվում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը, եւ կցանկանայի իմանալ, թե ի՞նչ միջոցներից է վճարվում այն:

Լիաննա Պողոսյան (29 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
Հայտնում ենք նաեւ, որ բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի՝ ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աշխատանքային օրերի համար գործատուն վարձու աշխատողի նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ համատեղությամբ աշխատելու դեպքում նպաստը հաշվարկվում, նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր գործատուի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից՝ անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու եւ վճարելու հանգամանքից:




Լրահոս