ԲՀԿ-ՈՒՄ ՔԱՅԼԵՐՈՎ ԵՆ ԱՌԱՋ ԳՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրական նոր օրենսգրքի նախագծի, մասնավորապես էլեկտրոնային քվեարկության եւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կոշտ զեկույցի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ:

-Պարո՛ն Մելքումյան, նոր ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում քննարկումներ եղե՞լ են:
-Իհարկե, քննարկումներ եղել են, մենք դեկտեմբերին մեկ-երկու անգամ հանդիպել ենք Հրայր Թովմասյանի հետ, ճշտումներ ենք արել՝ ընդհանուր թե ընտրական օրենսգիրքը ինչ սկզբունքով, ուղղություններով է ձեւավորվելու: Խոսքը գնում է ընդհանուր ընտրական համակարգի մասին, վստահության մասին, էլեկտրոնային քվեարկության մեխանիզմների մասին եւ, իհարկե, ընտրատարածքների խոշորացման մասին: Մենք մեր նախնական մոտեցումներն ունենք, ամենակարեւորը դա, իհարկե, ընտրությունների օրվա հետ կապված բոլոր տիպի անվստահության սպասումները կփորձենք վերացնել, դա մասնավորապես կապված է էլեկտրոնային քվեարկության մեխանիզմի հետ: Հաջորդը՝ մինչեւ ընտրության օրը թե ինչպես կհետեւեն, որպեսզի արդեն հայտնի գործընթացները կանխվեն կամ ընդհանրապես չլինեն, եւ, ի վերջո, էլեկտրոնային քվեարկության ծրագրի սերվերի ապահովության խնդիրը: Իսկ ռեյտինգային եւ քաղաքական ցուցակի մասով նախնական, կարծես թե, կա 50/50 տարբերակը: Այսինքն՝ եթե 10 տոկոսով անցնեն, 5-ը կանցնեն քաղաքական թիմից, 5-ը՝ տարածքներից եւ նմանատիպ այլ հարցեր: Ավելի մանրամասը մենք այս մասին կխոսենք, երբ նախագիծը լինի արդեն:
-Էլեկտրոնային քվեարկությանը կողմ ե՞ք, թե՞ դեմ:
-Առհասարակ էլեկտրոնային քվեարկությունը երկու կոմպենենտ ունի, մեկը, որ կարձանագրի ընտրողների մասնակցությունը, այսինքն՝ ընտրությունների ցուցակի հրապարակման եւ չհրապարակման հարցը դուրս է գալիս, այսինքն՝ մասնակցել ես, վերջ, դա արդեն հստակ արձանագրվում է, եւ երկրորդը՝ թե արդյոք քվեարկությունն էլ է լինելու էլեկտրոնային: Այս 2-րդ մասը թոշակառուների, սոցիալապես անապահով խավի համար խնդիրներ կառաջացնի, այս մասը միանշանակ պետք է պարզաբանվի: Մեխանիզմները պետք է հասկանանք եւ հստակեցնենք:
-Իսկ վտանգ չե՞ք տեսնում Էլեկտրոնային քվեարկության դեպքում, ավելի հե՞շտ չի լինի կեղծիքների դիմել:
-Դա կախված է նրանից, թե ինչ մեխանիզմներ են դրվելու ապահովման համար, հիմա դժվար է խոսել այդ մասին: Պետք է տեսնենք փաստաթուղթը, պետք է շատ կոնկրետ ամբողջ գործընթացը պարզ լինի: Ծրագրային երաշխիքները պետք է տեսնենք՝ սերվերի անվտանգության ապահովման հետ կապված, իհարկե, սա արդեն լրիվ ուրիշ խոսակցություն է: Մենք ավելի առարկայական կխոսենք, երբ արդեն կլինի կոնկրետ նախագիծը:
-Պարո՛ն Մելքումյան, ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը վերջերս հրապարակեց հանրաքվեի վերաբերյալ զեկույցը, որում բավականին կոշտ գնահատականներ կային: Դուք հենց դեկտեմբերի 6-ի երեկոյան հայտարարեցիք, որ հանրաքվեն անցել է գրեթե իդեալական, մինչդեռ այս զեկույցում տրամագծորեն հակառակ գնահատականներ են տրված: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
-Գիտեք, հիմա գործընթացը տանում է նրան, որ քաղաքական ուժերը եւ իշխանությունը համախմբվեն, եւ այդ բոլոր թերացումները հաղթահարեն: Այնուամենայնիվ, որոշակի անվստահություն կարող է ձեւավորվել մեր պետության հանդեպ: Այսինքն՝ մենք պետք է քայլ առ քայլ հաղթահարենք այդ ամենը: Միանգամից մեկ քայլանոց հաջողության ես չեմ հավատում, ոչ մի ասպարեզում՝ ո՛չ էկոնոմիկայի, ո՛չ քաղաքականության մեջ: Եթե հիմա համեմատենք 10 տարվա կամ 7 տարվա հետ, միանշանակ առաջընթաց կա, չէ՞: Քայլերով պետք է գնանք, թե ինչքանով կհաղթահարենք, դա բոլորի կամքի խնդիրն է: Սա գործընթաց է, որ պետք է հասունանա եւ վերջնական լուծում ստանա: Տեսեք, մենք վերցնում ենք առանձին ընտրական գործընթացը եւ ասում ենք, որ այստեղ կարող ենք մենք կատարյալ լինել, եթե դատաիրավական համակարգը կատարյալ չի, մարդու իրավունքների պաշտպանության համակարգը կատարյալ չի, եթե մոնոպոլիաները կան, ոնց կարող է այս բոլորի դեպքում ընտրական գործընթացը կատարյալ լինի: Անհնար է, այս ամենը փոխշաղկապված են իրար հետ: Նույն կերպ կարող եմ ասել՝ մենք կարող ենք ունենալ կատարյալ սոցիալական համակարգ, պետական ծառայություն, այս ամենը լուրջ համակարգային, շաղկապված գործընթացներ են: Իհարկե, այս ամենի դեպքում եվրոպական չափանիշներին համապատասխանելը բավականին բարդ գործընթաց է: Այսինքն՝ նման դեպքերում կոմպլեքսում պետք է նայել ամողջ գործընթացը եւ հետեւանքները:
Ես, իհարկե, որպես Միքայել Մելքումյան, իմ կարծիքը չեմ ձեւավորում այդ զեկույցի հիման վրա: Կյանքը ցույց կտա, թե ինչ քայլերով, ամեն մեկս մեր տեղում ինչպես կաշխատենք՝ հաղթահարելու այդ բոլոր պրոբլեմային հարցերը: Ես ծայրահեղությունների կողմնակից չեմ, լավին լավ եմ ասում, վատին՝ վատ, ինձ թվում է՝ նման կերպ ինչ-որ բալանսի կգանք:

 

 

 

 
ԱՊԱԳԱ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ` ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ՀՄՈՒՏ ՄԱՍՆԱԳԵՏ

ՀՀԿ-ի ՄԻՊ թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը 2011թ.-ից մինչ օրս Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչն է: Ասել է թե` ՀՀԿ-ի թեկնածուն 5 տարի պաշտպանել է «խոշտանգողի» շահերը: Հետաքրքիր է, թե միջազգային հանրությունը ինչպես է ընկալելու այն փաստը, որ նույն անձը մեկ ամիս առաջ արդարացնում էր խոշտանգողին, իսկ հիմա պիտի դատապարտի հենց այդ նույն խոշտանգողին: Այսինքն՝ դերերի կտրուկ փոփոխություն՝ պաշտպանական կողմից սրընթաց անցում դեպի մեղադրողի կողմ:

Պատկերացնենք հետեւյալը. մարդը խոշտանգվել է, դիմել է ՄԻԵԴ, ՄԻԵԴ-ն էլ իր հերթին դիմել է պետությանը: Եվ ի՞նչ է տեղի ունենում՝ ահավասիկ սկսում է աշխատել «խոշտանգողի» պաշտպանը, այսինքն՝ եթե մասնավորեցնենք, ապա մինչ օրս Հայաստանի դեպքում ասպարեզ է եկել Արման Թաթոյանը՝ որպես «խոշտանգողի» պաշտպան: Օրինակ՝ Արման Թաթոյանի պատասխանը ուղարկված Վարդգես Գասպարիին՝ ի պատասխան նրա՝ ՄԻԵԴ-ի հարցմանը՝ 2008 թ.-ին Նուբարաշենում իր նկատմամբ բռնությունների եւ անմարդկային վերաբերմունքի մասին. «Դիմորդը իրեն հասանելի ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները չի օգտագործել»:
Ստացվում է՝ մինչ օրս Արման Թաթոյանը միջազգային հարթակում արդարացրել է խոշտանգման դեպքերը, իսկ, ահա, այս տարվա սկզբից պետք է հակառակ բեւեռում հայտնվի: Մինչդեռ ըստ ՄԻՊ օրենքի 6-րդ հոդվածի. «Պաշտպանը հանդիսանում է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամ ընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ»:
Մենք այս օրերին փորձեցինք կապ հաստատել Արման Թաթոյանի հետ, սակայն ապարդյուն: Արդյունքում մտաբերեցինք պարոն Թաթոյանի` 2014 թ.-ին «Առաջին լրատվականին» տրված հարցազրույցը «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» ծրագրի քննարկման շրջանակներում.
-Պարո՛ն Թաթոյան, այս ծրագրի դեպքում որքանո՞վ կբացառվեն կամ կնվազեն ակտիվիստների դեմ բռնությունները ոստիկանության կողմից՝ Աֆրիկյանների շենքի եւ հոսանքի սակագնի թանկացման հետ կապված: Ի՞նչ կփոխվի այս իրավիճակների հետ կապված:
-Դա համապատասխան մարմինների իրավասությունն է, եւ ես գնահատական չեմ կարող տալ, որքանով տեղյակ եմ՝ քննություն է գնում: Ծրագիրն անդրադառնում է այս ոլորտում իրավունքների ապահովմանը, բայց ես չեմ կարող ասել, թե կոնկրետ իրավիճակում ինչպիսի դեպք է տեղի ունեցել, եւ այդ դեպքին ինչպես են արձագանքում պետական մարմինները: Դա արդեն յուրաքանչյուր դեպքում պետք է, հաշվի առնելով կոնկրետ հանգամանքները, առանձին գնահատական տալ, իսկ ես այս պահին չեմ կարող գնահատական տալ. 1-ին՝ քանի որ դա իմ իրավասությանը չի վերաբերում եւ իմ ներկայացրած գերատեսչությանը, եւ 2-րդ՝ հստակ փաստական հանգամանքներին ես չեմ տիրապետում:
-Բայց չէ որ մարդու իրավունքների խախտմանն են վերաբերում:
-Դա համապատասխան մարմինների իրավասությանն է վերաբերում, եւ այս պահին գնահատականներ չեմ կարող տալ, քանի որ ընթանում է քննություն:
Ինչպես տեսնում ենք` ՄԻՊ-ի ՀՀԿ-ական թեկնածուն հմտացած է պետական պաշտոնյային վայել «ցրողական» պատասխաններ տալու հարցում: Անկասկած բավականին բարդ է լինելու «չինովնիկական» դպրոց անցած Արման Թաթոյանի համար նոր դերը. ի վերջո, 5 տարի եղել է ՄԻԵԴ-ում խոշտանգողի պաշտպան:

Նյութերը՝ ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ

 

 

 

 
160 ՄԼՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՎՃԱՐ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեն 2016 թվականի կոմունալ վարձերի համար պետբյուջեից ծախսել է մոտ 160 մլն դրամ: Օրինակ՝ «Յուքոմ»-ին վճարել են մոտ 12.5 մլն դրամ, «ԱրմենՏել»-ին՝ 69 մլն դրամ, «Երեւան ջուր» ՓԲԸ-ին՝ 1 մլն 200 հազար դրամ եւ 76 մլն դրամ «Գազպրոմ Արմենիա»-ին:

 

 

ԴԵՌ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ
Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստը նշանակում եւ վճարումն ապահովում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինները: Արդյունքում հունվար ամսվա նպաստների վճարումները հետաձգվել էին մինչեւ փետրվարի 10-ը: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ երեկվա դրությամբ երեխայի նպաստները դեռ չեն վճարվել: Սոցիալական ապահովության պետական ծառայությունից այս առնչությամբ «Ժողովուրդ»-ին ասացին. «Առաջիկա օրերին մինչեւ 2 տարեկան խնամքի նպաստի վճարման վերաբերյալ ՍԱՊԾ-ն հաղորդագրություն կտարածի»: Ստացվում է՝ գումարների վճարման ժամկետները դեռ մնում են անորոշ:

 

 

ՌԴ-Ի ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ ռուսական լրատվամիջոցներից մեկում տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը արգելել է ՀՀ-ից ՌԴ Կրասնոդարի երկրամաս 22 տոննա լոլիկի ներմուծումը: Նշվում էր, որ պատճառը լոլիկի խմբաքանակում հարավամերիկյան ցեցի հայտնաբերումն է եղել: Սակայն որոշ ժամանակ անց՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասի եւ Ադիգեյա Հանրապետության «Ռոսսելխոզնադզորի» վարչությունը հաղորդագրություն տարածեց, որով ներողություն էին խնդրել վարակված լոլիկը Հայաստանի հետ կապելու համար: Պարզվում է՝ կասկածելի պոմիդորը այլ երկրից է ներկրված եղել: Այլ կերպ ասած՝ ռուսական ծառայությունների մոտ սովորություն է դառնում սկզբում մեղադրել, հետո հանգամանքները պարզել:

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է
Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել անցած տարվա նոյեմբերի 25-ին կալանավորված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Արթուր Վարդանյանի եւ նույն գործով մի քանի այլ կալանավորների փաստաբանները ՀՀ վերաքննիչ դատարանում բողոքարկել էին իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները: Սակայն վերաքննիչը բոլոր բողոքները մերժել է: Հիշեցնենք, որ այս գործով կալանավորված մոտ վաթսուն անձանցից տասին ԱԱԾ-ն օրերս ազատ էր արձակել: Այլ կերպ ասած՝ նախաքննությունը վարող մարմինն է որոշում՝ որին կարելի է ազատել, որին՝ ոչ:




Լրահոս