ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ԹԵՐԹԻՑ ԵՆ ՏԵՂԵԿԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վերջապես կհստակեցվի, թե ինչ ձեւաչափով եւ ինչ պայմաններով է ձեւավորվելու ՀՀԿ-ՀՅԴ իշխանական նոր կոալիցիան: Ու թեեւ դեռ չկա պաշտոնական տեղեկատվություն, այնուամենայնիվ, իշխանական կուլիսներում արդեն իսկ հաստատված են համարում մի քանի փոփոխություններ: Մասնավորապես առաջիկա օրերին իրենց պաշտոններին հրաժեշտ են տալու ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սահակյան, կարծես թե, արդեն անխուսափելի է ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի ձեւավորումն ու դրա ադյունքում նաեւ Ձեր պաշտոնանկությունը: Մեր տեղեկություններով՝ Դուք պետք է Ձեր աթոռը զիջեք Արագածոտնի նախկին մարզպետ, դաշնակցական Գաբրիել Գյոզալյանին: Արդյո՞ք Ձեզ արդեն ասել են, որ հրաժարականի դիմում ներկայացնեք:
-Ես բազմաթիվ անգամ պատասխանել եմ այս հարցերին: Ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ ես քաղաքական թիմի անդամ եմ, հանրապետական կուսակցության անդամ եմ, կուսակցությունը ղեկավարում է երկրի նախագահը եւ երկրի նախագահը, եթե որոշում է, ուրեմն ես կողմ եմ: Ուրիշ ոչ մի բան չունեմ ավելացնելու:
-Այսինքն՝ դեռ Ձեզանից չեն պահանջել հրաժարականի դիմում ներկայացնել:
-Ո՛չ, ո՛չ, նման բան չկա, ինձ նման բաներ չեն ասել:
-Իսկ ո՞վ պետք է Ձեզ նման հրահանգ տա:
-Ես ինֆորմացիա չունեմ:
-Պարո՛ն Սահակյան, եթե Դուք հրաժարականի դիմում չներկայացնեք, ապա ստացվում է՝ Ձեզ պաշտոնա՞նկ են անելու, սակայն անհասկանալի է մնում, թե ինչ հիմքով կարող են դա իրականացնել:
-Ես Ձեզ ասացի, չէ, որ ես քաղաքական թիմի անդամ եմ, հանրապետական կուսակցության անդամ, ես պարտավոր եմ երկրի նախագահի հանձնարարականները կատարել:
-Բայց ըստ Ձեզ` որեւէ հիմք կա՞ Ձեզ պաշտոնանկ անելու համար:
-Ես ուրիշ հարցերի չեմ տիրապետում, գիտեմ մենակ այնքանը, ինչ-որ Ձեզ ասացի:
-Պարո՛ն Սահակյան, Արագածոտնի նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում: Արդյո՞ք նա կկարողանա Ձեզ լիարժեքորեն փոխարինել:
-Ես չգիտեմ նման որոշում, ծանոթ չեմ: Տեսակետը կարող եք գալ, ժողովրդից հարցնել:

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ
-Պարո՛ն Ցոլակյան, ՀՀԿ-ՀՅԴ իշխանական կոալիցիայի ձեւավորելուց հետո, ամենայն հավանականությամբ, Դուք պաշտոնից ազատվելու եք: Ձեզ արդեն ասե՞լ են, որ հրաժարականի դիմում ներկայացնեք:
-Գիտեք, որեւէ մեկն ինձ որեւէ բան չի ասել, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ես ոչ մի տեղեկություն չունեմ, ոնց որ Դուք եք թերթում կարդում, այնպես էլ ես եմ կարդում: Ավել բան չգիտեմ, ավել բան չունեմ ասելու:
-Այսինքն՝ Ձեզ չեն հրահանգե՞լ հրաժարականի դիմում ներկայացնել:
-Չէ, չէ…
-Այնուամենայնիվ, եթե Դուք հրաժարականի դիմում չներկայացնեք, Ձեզ պաշտոնանկ են անելու: Ձեր կարծիքով՝ ի՞նչ հիմքով կարող են Ձեզ պաշտոնից ազատել:
-Չէ, չէ, չէ, չկա այդպիսի բան:
-Նշվում է, որ Ձեզ պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է նաեւ այն պատճառով, որ մարզում համապետական ընտրությունների ժամանակ իշխանությունների համար ցանկալի արդյունքներ չեն ապահովվում:
-Ով է ասում, մարզը բարձր քվեներ է ապահովել, ոնց չի եղել: Ասողները լավ տեղյակ չեն: Հանրաքվեի արդյունքներով մարզում հաղթել է այո-ն:
-Խոսքը միայն հանրահավաքի արդյունքների մասին չէ:
-Չէ, չէ, իսկապես հաղթել է մարզը:
-Պարո՛ն Ցոլակյան, շրջանառվող տեղեկությունների համաձայն` Շիրակի ապագա մարզպետը լինելու է դաշնակցական Հակոբ Մաթիլյանը: Վերջինիս մասին որեւէ տեղեկություն ունե՞ք եւ ի՞նչ եք կարծում՝ նա կկարողանա Ձեզ լիարժեքորեն փոխարինել:
-Դուք կարդացել եք, ես էլ եմ կարդացել, ո՛չ մարդկանց հետ խոսել եմ, ո՛չ որեւէ մեկն է ինձ հետ խոսել, ոչ էլ ես տեղյակ եմ:

 

 

 
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՉՊԵ՞ՏՔ Է ԶԲԱՂՎԻ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՄԲ

Փետրվարի 10-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ձեւավորվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ, որը պետք է զբաղվի ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներով: Նշենք, որ ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերջնաժամկետը մարտի 1-ն է, եւ այդ օրը փաստաթուղթը պետք է ամբողջությամբ պատրաստ լինի:

Ուշագրավ է, սակայն, այն հանգամանքը, որ ընտրական օրենսգրքի աշխատանքները սկսվել են դեռեւս հունվարից, իսկ խորհրդակցական խորհրդի ձեւավորման հրամանագիրը ստորագրվել է միայն օրերս:
«Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ զրուցել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անդամ, «Սահմանադրական իրավական կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանի հետ:
-Պարո՛ն Դանիելյան, Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ է ստեղծվել, որը պետք է զբաղվի ընտրական օրենսգրքի մշակմամբ: Դուք եւս ներգրավված եք այդ խորհրդում: Ո՞ր փուլում են գտնվում աշխատանքները:
-Խորհրդի աշխատանքները նոր պետք է սկսվեն, քանի որ հրամանագիրը նոր է ուժի մեջ մտել: Ընտրական օրենսգրքի եւ որեւէ այլ օրենսդրական ակտի նախագծի մշակման պատասխանատուն չենք: Խորհրդի առաքելությունը ոչ թե օրինագծեր մշակելն է, թեպետ դրա առանձին անդամներ, բացառությամբ վերջինիս նախագահ Գ. Հարությունյանի, կարող են ընդգրկվել օրենսդրական ակտերի մշակման հանձնախմբերում, այլ խորհրդատվությամբ այդ հանձնախմբերին աջակցելն է: Մեր խնդիրն այս փուլում մշակված կամ մշակվելիք նախագծերի առնչությամբ եզրակացություն տալն է: Ինքս առայժմ ընտրական օրենսգրքի մշակմանը չեմ մասնակցում, դրա հետ չեմ առնչվում:
-Որքանով է արդարացված այն հանգամանքը, որ օրենքների նախագծերը ոչ թե խորհրդարանում են մշակվելու, այլ Սերժ Սարգսյանին կից խորհրդում: Արդյոք այս քայլով չի նսեմացվում խորհրդարանի դերը որպես օրենսդիր մարմին:
-Խորհրդարանը ոչ մի երկրում իրավական ակտ մշակող մարմին չէ: Խորհրդարանը, որպես կանոն, հիմնարար օրինագծեր չի մշակում, պարտավոր էլ չէ ստանձնել այդ աշխատատար եւ խիստ նեղ մասնագիտական բեռը: Խորհրդարանը պատվիրատու է, եւ հիմա հանրապետության նախագահի կամ կառավարության կողմից ստեղծված հանձնախմբերի միջոցով պետք է տարբեր ձեւաչափերով մշակման աշխատանքներ իրականացվեն: Խորհրդարանը, եթե ինքը ստանձնի անմիջականորեն նախագծեր մշակելու գործառույթը, դրանով ինքնըստինքյան չի բարձրացնի իր հեղինակությունը, նույն կերպ այլ կառույցների միջոցով օրինագծեր մշակելը չի կարող հանգեցնել խորհրդարանի հեղինակության նվազեցմանը: Օրենսդիր մարմնի գերխնդիրը նախագծեր քննարկելն է, պատվեր առաջադրելը, որոնք կարող են ուղեկցվել համապատասխան հայեցակարգերով, հիմնադրույթներով եւ այլն, որոնք կբացահայտեն այն, թե իրենք ինչ են ակնկալում, իսկ մշակելը նեղ մասնագիտական աշխատանք է: Շատ երկրներում օրինագծերը մշակում են մասնագիտացված կառույցները, պատվեր են վերցնում, վարձատրվում են դրա դիմաց եւ մշակում են նախագծեր: Դա շատ ընդունված տարբերակ է: Պատվիրատուն լինում է ե՛ւ կառավարությունը, ե՛ւ Ազգային ժողովը, ե՛ւ նրանք, ովքեր օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն: Մենք հաճախ շփոթում ենք օրենսդրական նախաձեռնությունը օրինագիծ մշակելու աշխատանքների հետ, բայց դրանք տարբեր հարթության վրա են:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՀԵՌԱՑՎԵԼՈՒ ՎԱԽԸ
Դաշնակցական մարզպետներ ունենալու լուրը իսկական իրարանցում է առաջացրել Հայաստանի Արագածոտնի եւ Շիրակի մարզերի իշխանական շրջանակներում: Գործող մարզպետների մտերիմներն ու հավատարիմները տեսարաններ են բեմադրում, թե նրանց հեռանալով՝ մարզերում լրջագույն խնդիրներ կառաջանան, եւ արհեստական ընդվզում կձեւավորվի: Նույնիսկ լուրեր տարածվեցին, թե մի շարք գյուղապետեր ցանկանում են բողոքի ձայն բարձրացնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավիճակն այն աստիճան է լարվել, որ ուժային կառույցների ղեկավարները դեռեւս գործող մարզպետների հետ քննարկել են իրենց հեռանալուց հետո հնարավոր ընդվզումների թեման՝ հասկանալու համար, թե ինչ է պետք անել՝ իրավիճակը հանդարտեցնելու համար:
Մյուս կողմից էլ մարզային իշխանավորները ողբերգություն են ապրում, քանի որ դաշնակցական մարզպետների նշանակվելուց հետո, բնական է, որ նրանք կցանկանան իրենց մերձավորներին մարզպետարաններում աշխատանքի տեղավորել: Ի վերջո, ձրիակերների հավաքատեղի համարվող այդ կառույցներում, ինչպես ասում են, տեղերը սահմանափակ են:

 

ԱՅԴ «ԴԱՎԱՃԱՆ» ՍՈՑՑԱՆՑԸ
Ինչպես հայտնի է՝ անցած տարվա դեկտեմբերի 4-ին կալանավորված պահեստազորի սպա, Արմավիրի մարզի բնակիչ Գարիկ Մարությանը մեղադրվում է ծառայության բերումով իրեն հայտնի դարձած տվյալները ադրբեջանցիներին փոխանցելու մեջ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Մարությանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանք: Նա իրավապահներին փորձում է համոզել, որ սոցիալական ցանցի միջոցով իր հետ կապ հաստատած, Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցները չեն ներկայացել, թե իրականում ովքեր են: Այսինքն՝ հենց սկզբից չեն ասել՝ բարեւ ձեզ, մենք ադրբեջանական լրտեսներ ենք, ուզում ենք, որ դուք դավաճանեք ձեր հայրենիքին: Ըստ պահեստազորի սպայի՝ ինքը սոցիալական ցանցի միջոցով շփվել է եւ ընկերացել է լրտեսների հետ: Այն աստիճան են «ընկերացել», որ լրտեսները նրան գումար են ուղարկել, դե, ինքն էլ ուղղակի նման «լավ» ընկերների հետ մի փոքր չափից ավել է անկեղծացել: Իսկ թե ԱԱԾ քննիչները որքանով են հավատացել Գարիկ Մարությանին, ցույց կտա ժամանակը, երբ նրա մեղադրանքը կներկայացվի դատարան: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պետական դավաճանություն:

 

«ԱՆՀԵԹԵԹ» ԼՈՒՐ
«Ժողովորդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հնարավոր է, վաճառի Ծիծեռնակաբերդի խճուղու հարեւանությամբ գտնվող իր առանձնատունը: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանից, սակայն վերջինս, ի պատասխան, ասաց. «Ես անհեթեթ լուրերը չեմ մեկնաբանում»: Ու այդպես էլ անհասկանալի մնաց՝ կվաճառի՞, թե՞ ոչ, եւ ինչու են նրա մերձավոր շրջապատում քննարկում այդ հարցը:




Լրահոս