ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիայի շրջանակներում իրականացվելիք կադրային փոփոխություններն արդեն հայտնի են: Իհարկե, քանի դեռ կոալիցիայի մասին պաշտոնապես չի հայտարարվել, նախարարական պորտֆելներն էլ Դաշնակցությանը չեն տրվել, եւ նախարարացուները չեն նշանակվել իրենց պաշտոններում, չի կարելի բացառել, որ վերջին պահին կարող են նաեւ անակնկալ զարգացումներ տեղի ունենալ: Սակայն ներկա վիճակում անակնկալների սպասելն այլեւս իրատեսական չէ:

Այսպիսով, ենթադրվում է, որ այսօր կամ վաղը Դաշնակցության քվոտայով ՀՀ կրթության եւ գիտության նախարար կնշանակվի Լեւոն Մկրտչյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար` Արծվիկ Մինասյանը, իսկ Դավիթ Լոքյանն էլ կդառնա ՀՀ տարածքային կառավարման նախարար: Մինչ օրս այդպես էլ չպարզաբանված է մնում՝ ինչու է հենց նշված անձանց անունները շրջանառվում որպես նախարարացուների: Արդյոք Դաշնակցությունը չէր կարող երկու-երեք նոր նախարարացուների առաջադրել: Այս եւ, ընդհանրապես, սպասվող նշանակումների հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կարելի է գտնել նախարարացուների կենսագրությունում:
Դավիթ Լոքյանը մասնագիտությամբ քիմիկոս-կենսաբան է: Նրա քաղաքական վերելքը սկսվել է 1998 թվականից, երբ Հայաստանում տեղի ունեցած փետրվարյան հեղաշրջումից հետո ՀՅԴ ռեաբիլիտացվեց եւ դարձավ Ռոբերտ Քոչարյանի հիմնական հենարաններից մեկը: ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան համագործակցության շրջանակներում Դավիթ Լոքյանը 1998-ին նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ: 1999-ի մայիսի 30-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում Լոքյանին հաջողվեց մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալ: Դրանից հետո, մինչեւ Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները, այսինքն՝ 1999-ի աշունը, Դավիթ Լոքյանը եւ ՀՅԴ խմբակցության մյուս անդամները սովորական ընդդիմադիր պատգամավոր էին: Իսկ երբ Ռոբերտ Քոչարյանին 2000-ի մայիսին հաջողվեց ավարտին հասցնել Հայաստանում իրականցված արդեն երկրորդ հեղաշրջումը, Դաշնակցությունը կրկին վերադարձավ իշխանության: 2001-ի հունվարին Դավիթ Լոքյանը նշանակվեց ՀՀ քաղաքաշինության նախարար: 2003 թվականի նախագահական եւ ԱԺ ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը կրկին կոալիցիա ձեւավորեց, որում արդեն Լոքյանին վերապահվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Նա այդ պաշտոնում երկու անգամ վերանշանակվեց` 2007-ին եւ 2008-ի ապրիլին: Ի դեպ, վերջին անգամ Դավիթ Լոքյանը գյուղատնտեսության նախարար վերանշանակվեց 2008-ի նախագահական ընտրություններից հետո ձեւավորված իշխանական կոալիցիայի շրջանակներում: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ից բացի՝ ՀՀԿ-ի հետ կազմված այդ կոալիցիայի մեջ էին մտել նաեւ ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն: Նրանք այդպիսով Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հետ հավասար ստանձնել էին Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների պատասխանատվությունը. չխորշեցին արյունով պահպանված իշխանությունից մաս ունենալ: Բայց Դավիթ Լոքյանը 2008-ի հունիսին, այնուամենայնիվ, հրաժարական ներկայացրեց, պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ նա ընտրվել էր ՀՅԴ բյուրոյի անդամ եւ այլեւս չէր կարող կուսակցական ու նախարարական պաշտոնները համատեղել:
Չնայած Լոքյանն իր պաշտոնները մշտապես ստացել է որպես դաշնակցական, սակայն նա կառավարման համակարգում ունեցել է «գործարար» նախարարի համբավ: Նրա պաշտոնավարումը մշտապես եկամտաբեր է եղել ինչպես իր, այնպես էլ Դաշնակցության համար: Թե որքան եկամտաբեր է եղել Լոքյանի պաշտոնավարումը անձնապես նրա համար, կարելի է դատել նրա որդու` 29-ամյա անկուսակցական Սերգեյ Լոքյանի կուտակած կարողությունից: Վերջինս 2014-ի մայիսից մինչ օրս զբաղեցնում է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը: Լոքյան կրտսերն ուսումնառությունն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել տարբեր պետական կառույցներում: Բայց այդ փաստը չի խանգարել, որ նա տակավին երիտասարդ տարիքում կարողանա բավականին պատկառելի հարստություն կուտակել: 2013 թվականի հայտարարագրով նա պաշտոնապես ներկայացրել է, որ նշված տարում իր եկամուտը կազմել է 44 միլիոն 570 հազար դրամ, որից նրա աշխատավարձը եղել է 3 միլիոն 590 հազար դրամը: Մնացած` շուրջ 41 մլն դրամը, նա հայտարարագրել է որպես շահաբաժին` 33 մլն 780 հազար եւ վարձակալության դիմաց ստացված եկամուտ` 7 մլն 200 հազար դրամ:
Իհարկե, Լոքյան կրտսերի հաջորդ տարիների հայտարարագրերը, չգիտես ինչու, չեն հրապարակվել: Բայց փաստը մնում է փաստ, որ Դավիթ Լոքյանի՝ տակավին երիտասարդ որդին բավական պատկառելի, չհիմնավորված հարստություն ունի, հավանաբար, հոր «ազնիվ» գործունեության շնորհիվ: Ավելին՝ Լոքյան կրտսերն, ինչպես վայել է նորօրյա դաշնակցականին եւ նախարարի զավակին, բանակում չի ծառայել: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ դաշնակցականի համար նրա որդու բանակում չծառայելը կարող էր անպատվաբեր լինել: Նորօրյա կարկառուն դաշնակցականը, ընդհակառակը, պետք է կարողանա որդուն բանակից ազատել եւ պետական պաշտոններում աշխատելով՝ նրա անունով միլիոնավոր դոլարների հասնող կարողություն կուտակել: Մարդիկ ոչ թե իրենց, այլ ազգի համար են այդ ամենն անում` նպաստում են սփյուռքում հայապահպանությանը:
Ահա թե ում է որպես բարեփոխիչ նախարար առաջարկում ՀՅԴ-ն:
Հաջորդիվ կներկայացնենք նախարարի մյուս թեկնածուների անցյալը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԱՊՇԱԾ ԵՆ
Փետրվարի 8-ին Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի դիմաց, անհայտ անձինք ավազակային հարձակում էին գործել «Ամարաս-Շին» ՍՊԸ փոխտնօրեն, 34-ամյա Ալեքսեյ Ալեքսանյանի վրա: Աշտարակի խճուղում՝ «Կարմիր խաչի» գրասենյակի հարեւանությամբ, վրացական պետհամարանիշներով արծաթափայլ «Օպել-Աստրա» ավտոմեքենան, լուսարձակներով ազդանշան տալով, կանգնեցրել է գործարարի վարած «ՎԱԶ-2121» ավտոմեքենան: Ապա երկու հոգի, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին ու դանակի սպառնալիքով գործարարից գումար պահանջել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ավազակային հարձակման ենթարկված գործարարի մտերիմները եւս ապշած են կատարվածից: Բոլորին հատկապես զարմացրել է այն հանգամանքը, որ հանցագործները գործարարին թալանելուց հետո ավտոմեքենան հրկիզել են: Գործարարի ծանոթները վստահեցնում են, որ նա թշնամիներ չունի եւ ոչ մեկի հետ խնդիրներ չի ունեցել: Նշենք նաեւ, որ դեպքից հետո Ա. Ալեքսանյանը հեռացել է Հայաստանից:

 

ԲՅՈՒՋԵԻՑ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարության 2016 թվականի կոմունալ վարձավճարների համար պետբյուջեից հատկացվել է մոտ 246.5 մլն դրամ: Մասնավորապես, հեռախոսային եւ ինտերնետ կապի համար «Յուքոմ» ընկերությանը վճարել է մոտ 70 մլն դրամ, իսկ «ԱրմենՏելին»-ին՝ ավելի քան 1 մլն 600 հազար դրամ: Իսկ, ահա, էլեկտրաէներգիայի վարձավճարի համար ֆինանսների նախարարությունը հատկացրել է 115 մլն դրամ, գազի վարձը կազմել է 55 մլն դրամ, իսկ ջրինը՝ 4 մլն 650 հազար դրամ:

 

ԷԼ ՉԻ ՀԱՄԲԵՐՈՒՄ
Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ՀՅԴ իշխանական նոր կոալիցիայի շրջանակներում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին փոխարինելու է նախկինում արդեն երեք անգամ կրթության նախարարի պաշտոնը ստանձնած Լեւոն Մկրտչյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Լեւոն Մկրտչյանը շտապում է ժամ առաջ զբաղեցնել իր ավանդական պաշտոնը: Ըստ լուրերի՝ նա նախօրեին արդեն հասցրել է նախարարությունում իր հավատարիմներով խորհրդակցություն գումարել, որի ընթացքում աշխատակազմին ծանոթացրել է իր ծրագրերին: Սակայն նախարարության կոլեկտիվին առավել շատ ոչ թե նախարարի ծրագրերն են հետաքրքրում, այլ այն հանգամանքը, թե նա կադրային ինչպիսի քաղաքականություն է վարելու: Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը նախարար դառնալուց հետո կադրային ջարդ չարեց:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՉԵՆ ՀԵՐՔԵԼ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է այն տեղեկություններին, ըստ որոնց՝ Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ: «Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով: Արտաքին գործերի նախարարությունը հետեւում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

 

ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ երեկ կառավարությունում տեղի է ունեցել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային եւ հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Քննարկվել եւ հաստատվել են Երեւանի արեւմտյան շրջանցող ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները, ինչպես նաեւ՝ Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերի փաթեթը: Հավանության են արժանացել նաեւ Դավթաշեն-Աշտարակ եւ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարության վերահսկողության խորհրդատուի տեխնիկական առաջադրանքները:

 

ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 11-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: Կողմերը քննարկել են 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տված գնահատականում հնչեցված մտահոգությունները:

 

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑԻՆ
Կառավարությունը երեկ հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագրին: Իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը եւ արդյունքում բարելավեն Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ: Ծրագրով նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն բիզնես սկսելու եւ զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, ՓՄՁ-ների աճին, արտաքին առեւտրի խթանմանը, հարկային եւ մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը եւ այլն: Միով բանիվ, այն ամենին, ինչին այսօր խոչընդոտում է հենց հայրենի կառավարությունը:




Լրահոս