Աղմկալի պատմություն Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի շուրջ. «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորը դիմում-միջնորդություն է ներկայացրել Լիտվայի դեսպանատուն, որպեսզի իրեն ծանոթ ամուսիններին տրամադրվի մուտքի արտոնագիր` վիզա, արտերկիր մեկնելու համար: Արդյունքում ամուսինները «քցել» են պատգամավորին եւ ՀՀ-ում Լիտվայի դեսպանատանը:
Վերջին տարիներին բավականին շատ խոսվեց այն մասին, որ ՀՀ քաղաքացիները տարբեր կեղծ տեղեկություններ են ներկայացնում դեսպանատներ արտերկիր մեկնելու նպատակով: Արդյունքում, հայտնվելով արտերկրում, ժամանակը լրանալուն պես չեն վերադառնում Հայաստան: Այս վտանգը ՀՀ-ում գործող դեսպանատները աչքի առաջ ունենալով` սկսեցին առավել զգոն լինել, ինչի արդյունքում էլ արտերկիր մեկնելու մուտքի արտոնագիր` վիզա, տրամադրելու գործընթացքը դարձավ ավելի բարդ: Ոմանք, սակայն, այս իրավիճակում էլ փորձում են ելքեր գտնել` ներկայացնելով ազդեցիկ երաշխավորների միջնորդություններ:
Այսպիսի մի պատմության մեջ է հայտնվել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերջինս երկու ամուսինների համար դիմում միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում Լիտվայի դեսպանատուն, որպեսզի ամուսիններին մուտքի արտոնագիր տրվի դեպի ԵՄ անդամ այդ երկիր: Լիտվայի դեսպանատունն էլ, տեսնելով, որ առկա է Ազգային ժողովի պատգամավորի երաշխավորությունը, քաղաքացիների դիմումը բավարարել է եւ նրանց վիզա տվել: Եվ, ահա, ամուսինները բարեհաջող մեկնել են Հայաստանից, սակայն երբ եկել է նրանց վերադառնալու ժամանակը, վերջիններս չեն ցանկացել վերադառնալ: Արդյունքում ստացվում է, որ պատգամավորը «քցել» է դեսպանատանը, եւ նրանց լուրջ խնդիրների առաջ կանգնեցրել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Լիտվայի դեսպանատունը պատգամավորին հրավիրել է զրույցի, որպեսզի կարողանան հասկանալ, թե ովքեր են իրականում եղել իր կողմից երաշխավորված անձինք: Հովհաննես Մարգարյանը զարմացել է եւ մեկ ամիս ժամանակ է խնդրել Լիտվայի դեսպանատնից, որպեսզի հասկանա, թե ինչո՞ւ իր կողմից երաշխավորված եւ մուտքի արտոնագիր ստացած ամուսինները չեն վերադարձել Հայաստան:
Կատարվածի մասին Լիտվայի դեսպանատնից տեղակ են պահել նաեւ ՀՀ արտգործնախարարությանը, որտեղ դա շատ խիստ դժգոհություն է առաջացրել:
Չի բացառվում, որ պատգամավորի կողմից երաշխավորված ամուսինների` երկրից անվերադարձ հեռանալու մտադրության մասին Աժ պատգամավորը տեղյակ չի եղել եւ միջնորդությունն անելիս չի էլ պատկերացրել, թե ինչ խնդրի առաջ է կանգնեցնելու դեսպանատանը: Սակայն կարծիքներ կան, որ պատգամավորը լավ էլ տեղյակ է եղել, որ ամուսինները մեկնում են` չվերադառնալու նպատակով: Ավելին՝ որոշ տեղեկությունների համաձայն` Հովհաննես Մարգարյանը այսօրինակ միջնորդությունների արդյունքում «կլորիկ գումար» է աշխատում:
«Ժողովուրդ»-ը այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ, որը վստահեցրեց, որ ներկայացված տեղեկությունները սուտ են. «Ակնհայտ սուտ տեղեկատվություն է, քաղաքացիներ են եղել գյուղից, ովքեր դիմել են, գնացել են, հասել են այդ երկիր, եւ տվյալ քաղաքում այդ քաղաքացին վատացել է, վիրահատել են, երկրորդ վիրահատությունն օրերս են արել, եւ վիրահատությունից հետո հետ են գալու: Այսօրվա դրությամբ օրենքով սահմանված կարգով կա գրանցված համապատասխան հիվանդանոցը, ծանր վիրահատության են ենթարկել: Մեկ վիրահատությունը տարել է այդ օրերին, մեկն էլ օրեր առաջ: Իրենք էլ գիտեն այդ մասին, ուղղակի խնդրել են, որ այդ քաղաքացին, երբ գա Հայաստան, ներկայանա դեսպանատուն, այդքան բան»:
Մեր դիտարկմանը, թե բավականին զարմանալի է, որ Հայաստանում միանգամայն առողջ քաղաքացին մեկեն այն աստիճան է վատացել Լիտվայում, որ չի կարողացել վերադառնալ, գուցե դա ընդամենը պատրվակ է, Մարգարյանը պատասխանեց. «Պատահական է եղել, հենց իջել է ու վատացել է: Այդ հարցը մենք քննարկել ենք բոլորի հետ, ես խնդիր չեմ տեսնում»:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Հովհաննես Մարգարյանը վիզաների հարցերով է զբաղվում, շատ մարդկանց համար միջնորդ է հանդիսանում, եւ դեռ ավելին` կասկածեր կան, որ նա այս ամենի դիմաց «կլորիկ գումար է» աշխատում, պատգամավորը վստահեցրեց, որ այդ ամենը զրպարտություն է. «Դա զրպարտություն է իմ հասցեին, իմ կողմից երկու միջնորդություն է եղել ամբողջ 15 տարվա մեջ: Նման բան չի եղել, մարդը խնդրել է, որ օգնեմ: Այս մարդիկ գնացել են շրջագայելու նպատակով, խնդիր չունեմ: Արտաքին գործերի նախարարության հետ խնդիր չկա: Այդ մարդը հենց ապաքինվի, կվերադառնա, վերջ»:
Հարցին` վստահ եք, որ կվերադառնա, պատգամավորը պատասխանեց.«Չէ՛, չէ՛, նման խնդիր չկա, կվերադառնան, ուղղակի, տա Աստված, ողջ-առողջ վերադառնա: Ես ուղղակի դեսպանի հետ որ խոսեցի, իրենք ասեցին՝ ինչքան ժամանակ կտեւի, որ նա վերադառնա, ես ասեցի՝ երեւի մեկ ամիս, հիմա կարող է՝ 5 օր հետո ապաքինվի: Ինքը երեխաներ ունի, նորմալ մարդ է: Ես շնորհակալ եմ դեսպանից, ուղղակի դեսպանը ինձ ասաց, որ այդ մարդիկ, երբ վերադառնան, անպայման գան, ներկայանան դեսպանատուն»:
Հուսանք, որ ՕԵԿ-ական պատգամավորի կողմից երաշխավորված եւ արտերկրի մուտքի արտոնագիր ստացած քաղաքացիները կվերադառնան Հայաստան եւ պատուհաս չեն դառնա ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան համար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՆ ՈՒ ՍՈՑԱՊԻ ՊԵՏԸ
«Ժողովուրդ»-ը դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի 17-ին գրել էր, որ կաշառքի գործով կալանավորվել է սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան տարածքային ծառայության պետ Վարդուհի Գեւորգյանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին կաշառքի գործը ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ծառայության պետից բացի՝ ամբաստանյալի աթոռին է հայտնվել եւս մեկ անձ:
Եվ այսպես, Վարդուհի Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապ պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթունի սոցապ ՏԲ պետը, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, ունենալով ՀՀ օրենքներով կենսաթոշակների նշանակման եւ վճարման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումն ապահովելու լիազորություն, ՀՀ քաղաքացի Գագիկ Գաբրիելյանին կենսաթոշակ նշանակելու համար կաշառք է պահանջել: Վ. Գեւորգյանը 2015թ. նոյեմբերի կեսերին նույն բաժնի ավագ մասնագետ Մարգարիտա Ստեփանյանի օժանդակությամբ Գագիկ Գաբրիելյանից պահանջել է 100.000 դրամ կաշառք՝ հակառակ պարագայում սպառնալով Գագիկին զրկել 63 տարին լրանալու կապակցությամբ կենսաթոշակ նշանակելու իրավունքից: Վարդուհի Գեւորգյանը Գագիկ Գաբրիելյանին հայտնել է, որ իրեն կաշառք չտալու դեպքում վերջինիս կենսաթոշակը կձեւակերպի միայն 65 տարին լրանալուց հետո:
Ինչպես նկատեցինք՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապ պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթունի սոցապ ՏԲ պետը միայնակ չի գործել եւ իր այս գործողություններին մասնակից է դարձրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապ պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթունի սոցապ ՏԲ ավագ մասնագետ Մարգարիտա Ստեփանյանին: Իսկ ինչ է հրահանգված եղել Մարգարիտա Ստեփանյանին՝ գործը գլուխ բերելու համար: Պարզվում է, որ վերջինս բանակցողի դերն է կատարել, ընդ որում, բավական ակտիվ, ինչի արդյունքում, ի վերջո, քաղաքացի Գագիկ Գաբրիելյանը՝ տեսնելով, որ այլ ելք չկա, որոշել է հանձնել 100 հազար դրամը: Ինչեւէ, կանայք Գագիկից ստացան երկար սպասված 100 հազար դրամը, սակայն այն չվայելեցին, քանի որ ազգային անվտանգության ծառայությունը կալանավորեց Վարդուհի Գեւորգյանին: Հավելենք, որ Վարդուհի Գեւորգյանը արդեն երկու ամիս է, ինչ կալանքի տակ է, իսկ նրա աշխատակցուհի Մարգարիտա Ստեփանյանի խափանման միջոցը ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Նշենք, որ Վարդուհի Գեւորգյանին եւ նրա աշխատակից Մարգարիտա Ստեփանյանին կաշառքի գործով հարուցված քրեական գործի շրջանակներում սպասվում է ազատազրկում մինչեւ հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարարը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, որ «2015-ին ամերիկյան ներդրումների պատմական մակարդակը Հայաստանում միայն սկիզբն է», երեկ ասել է.«Անցած տարի եղան կարեւոր զարգացումներ, այդ թվում՝ Որոտանի հիդրոկասկադի գործարքը, ամենախոշոր ամերիկյան մեկանգամյա ներդրումը Հայաստանում: Նաեւ ստորագրվեց առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիր Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, որը նախատեսված է օգնել երկու երկրների կառավարություններին առեւտրի խոչընդոտների երկուստեք վերացման հարցում: Իմ կարծիքով՝ այս ամենն արտացոլում է այն իրողությունը, որ Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակարդակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար»,- ասել է դեսպանը: Նա նաեւ նշել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է Հայաստանը դարձնել կարեւոր հարթակ ամերիկյան բիզնեսի ընդլայնման համար Իրանի հետ:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշակում է ԸՕ-ի առաջարկությունների իր փաթեթը եւ ակտիվորեն մասնակցելու է ընտրական օրենսգրքի քննարկումներին: Այս մասին հայտնել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ: Սվիտալսկին տեղեկացրել է, որ պատրաստ են կուսակցությանն աջակցություն ցուցաբերել մշակելու ընտրական այնպիսի օրենսգիրք եւ համակարգ, որը հնարավորինս կբացառի ընտրական պրոցեսին անօրինական միջամտությունները: ԲՀԿ նախագահն ու դեսպանը քննարկել են նաեւ դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում բարձրացված մտահոգությունները:
ԸՆԴԴԵՄ «ՈՒԼԻՍԻ»
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի երեկվա նիստում որոշվել է «Ուլիս» ֆուտբոլային ակումբի «Ուլիս» եւ «Ուլիս-2» թիմերը հանել առաջնություններից, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Ուլիս» եւ «Ուլիս-2» թիմերին մնացած խաղերում գրանցել տեխնիկական պարտություն, «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել ընդհանուրը 1.100.000 դրամ: