Նախկին պատգամավորը հաղթեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հայցի քննությունն ընդդեմ «Գյումրեցու ոգի» կուսակցության: Հիշեցնենք` Մարգարյանն այդ կուսակցության դեմ դատական հայց էր ներկայացրել` Գյումրիի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն իր մասին զրպարտչական, վիրավորական բնույթի տեսանյութ տարածելու համար. «Արդեն կլրանա երկրորդ տարին, ինչ Գյումրիում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ: Տեղի ունեցավ անհավասար պայմանների ստեղծմամբ, որը վայել էր այն ժամանակվա իշխանություններին:

Իշխանության բիրտ ուժի կիրառմամբ, վարչական լծակների կիրառմամբ, ընտրակաշառքների բաժանմամբ եղավ այն, ինչ եղավ: Չբավարարվելով՝ իշխանություններն անցան այլ քայլերի, թեկնածուներին սկսեցին տարբեր մոթոդներով սեւացնել: Ես ինքս էլ զերծ չմնացի: Այս ամեն ինչը նման էր, երբ ֆաշիստները առանց զգուշացնելու հարձակվում են մարդու վրա՝ ուխտադրուժ կերպով: Տեսանյութը պատվիրվել էր «Գյումրեցու ոգի» կուսակցության կողմից: Նորաստեղծ այս կուսակցությունը փորձեց ցույց տալ ժողովրդին, թե ում է պատրաստվում տալ իր ձայնը»,- «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Մարգարյանը:

Հիշեցնենք, որ տեսանյութում Աժ նախկին պատգամավորը ճաղերի հետեւում է, վերջինս ձերբակալվել էր գողության կասկածանքով: Սակայն Հովհաննես Մարգարյանը մի շարք փաստեր առաջ բերելով` կարողացավ ապացուցել, որ ձերբակալված չի եղել. «Ես արդարադատությանը ներկայացրի փաստեր: Երկու տարի անց նոր Վովա Գասպարյանը ներկայացնում է փաստաթուղթ, որ Հովհաննես Մարգարյանը դատապարտված չի եղել, եւ ավելին` Հովհաննես Հայկի Մարգարյանի վերաբերյալ ոստիկանությունում որեւէ վարկաբեկող նյութ չկա: Հույս ունեմ` իրավապահ մարմինները հիմա ականջալուր կլինեն ու կփորձեն պարզել, թե ով է 1995 թվականին հանդգնել այդ տեսանյութը տարածել, որն իր մեջ օպերատիվ տվյալներ է պարունակում»:

Դատական վճիռը հանձնվել էր հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին: Եւ ահա, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, միայն ԴԱՀԿ միջամտությամբ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը տեղական հեռուստաընկերությունների միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրեց Հովհաննես Մարգարյանից՝ 2016 թվականի սեպտեմբերի 30-ին «Ճանաչեք» վերտառությամբ եթեր հեռարձակված տեսանյութում հրապարակված վիրավորական եւ զրպարտչական բնույթի արտահայտությունների համար:

Հատկանշական է, սակայն, մեկ այլ հանգամանք: Այս գործով դատական վճիռը կայացվել է Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո. «Ինձ համար պատմական է ապրիլի 23-ը: Դատը երկու տարի անց հանգուցալուծվում է 2018 թվականի ապրիլի 23-ին: Եթե Սերժ Սարգսյանը ոչ թե այդ օրը հրաժարական տար, այլ 2037 թվականին, ուրեմն իմ դատը այդքան ձգձգվելու էր: Այդքան փաստ էի տվել, ինչու հենց այդ օրը որոշում կայացվեց: Փառք ու պատիվ իմ ժողովրդին, որոնք պայքարեցին` նոր Հայաստան ունենալու համար»,- ասաց Մարգարյանը:

Հ.Գ. Մեզ հետ զրույցում Մարգարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Գյումրիի ավագանիում հանդես են գալու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: «Մենք ընդդիմությունում ունենք 16 ավագանու անդամ, նրանց 11 հոգու ստորագրությամբ կներկայացվի ավագանու թեկնածու եւ փակ գաղտնի քվեարկություն տեղի կունենա, թեկնածուն ընտրվելու է: Հստակ, շատ կարճ ժամկետում պետք է կազմակերպենք, դա նշանակում է անվստահություն գործող քաղաքապետին: Ովքեր եղել են ընդդիմությունը ներկայացնող ցուցակի գլխավորողները՝ Վահան Խաչատրյան, Վարդեւան Գրիգորան, Հովհաննես Մարգարյան, կկազմակերպենք հանդիպում, գործընթացը կկազմակերպենք բաց, թափանցիկ, որ ժողովուրդն իրազեկ լինի եւ կփորձենք ներկայացնել թեկնածու»,-ասաց Հովհ. Մարգարյանը եւ նշեց, որ օրենսդրությամբ են շարժվելու, ՏԻՄ օրենքում ամրագրված է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելը:

Հիշեցնենք, որ Մարգարյանը ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր նախկին «Հայկական վերածնունդ», այժմ ՕԵԿ համամասնական ցուցակը, թեեւ հետո հրաժարվեց ավագանի դառնալուց: 2016թ. Գյումրիում ՏԻՄ ընտրություններում «Բալասանյան» դաշինքը ստացել էր 17, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 8, «Հայկական վերածնունդը»՝ 4, ԳԱԼԱ կուսակցությունը` 4 մանդատ: ԳԱԼԱ, «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան», որոնք դատարան դիմեցին թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մանդատների բաշխման եւ հաստատման որոշումը բեկանելու պահանջով: Կուսակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը, չմասնակցեցին քվեարկություններին այնքան ժամանակ, մինչեւ ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակեց վճիռը, մերժեց կուսակցությունների հայցապահանջը: Դրանից հետո ոչ իշխանական խմբակցությունները դադարեցրին բոյկոտն ու մասնակցեցին ավագանու նիստերին: Հիմա, փաստորեն, ավագանիում Բալասանյանին բավական տխուր օրեր են սպասվում:

Շուշանիկ Օհանյան




Լրահոս