ԵՐԲ Է ԳԱԼՈՒ ՄԱՐԴ-ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանում փաստացի գրանցված 79 կուսակցություն կա, որոնցից, սակայն, մեկ տասնյակից քիչ ավելին են ծանոթ հանրությանը: Մասնավորապես իրենց խորհրդարանական գործունեության շնորհիվ հայտնի են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը» եւ մի քանի այլ կուսակցություններ եւս, որոնք կա՛մ նախկին գումարման խորհրդարաններում են եղել, կա՛մ էլ երբեմն օգտվում են երկրում կատարվող տարբեր իրադարձություններից եւ հրապարակային հայտարարությունների միջոցով փորձում են ցույց տալ իրենց գոյությունը:

Չնայած նրան, որ «Կուսակցությունների մասին» օրենքով հստակ պահանջներ են դրվել կուսակցությունների առաջ, օրինակ՝ նվազագույնը 2000 անդամ, տարածքային կառույցների առկայություն եւ այլն, ակնհայտ է, որ այս կարգավորումներն էլ չեն նպաստում դաշտի կայացմանը: Փաստ է, որ գրանցված կուսակցությունների գերակշիռ մասը «մարդ-կուսակցություններ» են, որոնց նպատակը միայն մեկն է՝ շահեկան գործարքներ կնքել ընտրությունների ժամանակ, որեւէ «հայտնի» կուսակցության հետ եւ օգուտով դուրս գալ քաղաքական հնարավոր բոլոր զարգացումներից: Եվ այդ պատճառով էլ, այդ «մարդ -կուսակցություններ»-ի մասին հանրությունը լսում է միայն ընտրությունից ընտրություն:
Եվ, ահա, քանի որ 2017 թվականի ընտրությունները մոտենում են եւ զարգացումները ցույց են տալիս, որ «մարդ-կուսակցությունները» սկսել են իրենց ինքնալուծարվելու եւ քաղաքական դաշտում ինչ-որ դերակատարում ունեցող կուսակցություններին կցորդվելու գործընթացը, «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես պարզաբանում խնդրեց արդարադատության նախարարությունից, թե 2015 թվականից մինչ օրս որեւէ կուսակցություն ինքնալուծարման դիմում ներկայացրե՞լ է: Եվ ի զարմանս մեզ` ԱՆ-ից տեղեկացրին. «ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը 2015 թվականից մինչ օրս որեւէ կուսակցությունից լուծարման դիմում չի ստացել»:
Ստացվում է, որ որեւէ կուսակցություն այս 1 տարվա ընթացքում լուծարման դիմում չի ներկայացրել:
Մինչդեռ, օրինակ, «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը հենց լուծարման գործընթացում է, տեւական ժամանակ հայտարարում էր, որ նորաստեղծ «Հայկական Վերածնունդ»-ին միանում են այս կամ այն կուսակցությունները: Սակայն, փաստորեն, պաշտոնապես ո՛չ «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ ո՛չ էլ «Հայկական վերածնունդ»-ին միավորված մնացած կուսակցություններ մինչ այս պահը չեն ներկայացրել ինքնալուծարման դիմումներ:
Այս հարցի շուրջ զրուցեցինք «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Միսակյանի հետ:
-Պարո՛ն Միսակյան, «Օրինաց երկիր» կուսակցությունը լուծարվելու դիմում ներկայացրե՞լ է համապատասխան մարմնին:
-Առաջիկա օրերին ՕԵԿ-ը քաղաքական խորհրդի նիստ կանի, համապատասխան որոշում կկայացնի եւ որոշման մասին ԶԼՄ-ներով մեր հանրությանը կտեղեկացնենք: Ընդհանուր առմամբ «Հայկական վերածնունդ»-ի, դրա հիմնադրման եւ մնացած բոլոր գործընթացների հետ կապված առաջիկայում մեր քաղխորհրդի նիստը տեղի կունենա, եւ մենք կծանուցենք: Նիստը կլինի մինչ փետրվարի 21-ը:
Ակնհայտ է, որ այս դաշտը շուտափույթ կարգավորման խնդիր ունի, ինչին, միգուցե, նպաստեն 2016 թվականի ընթացքում արդարադատության նախարարության օրինականության եւ վերահսկողության տեսչության կողմից ՀՀ 10 կուսակցություններում նախատեսված ստուգումները:
Եթե այս տեսչական ստուգումներն անցակացվեն կառավարության որոշման համաձայն, ապա գոնե այս 10 կուսակցությունների մասին կունենանք հստակ տեղեկություններ, մասնավորապես կուսակցության համագումարների պատվիրակների թիվը, կուսակցության անդամների թիվը, Երեւանում եւ մարզերում տարածքային ստորաբաժանումների առկայությունը եւ նմանատիպ այլ կարեւոր տեղեկություններ, որոնք «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետք է պահպանի յուրաքանչյուր գրանցված կուսակցություն:
Ի դեպ, նշենք, որ տեսչական ստուգումների ցուցակում ներառված 10 կուսակցություններից 3-ը՝ «Հայաստանի ագրարային կուսակցություն», «Մեր տունը Հայաստանն է» եւ «Ազգի փրկություն» կուսակցությունները, վերջերս միավորվել են «Հայկական վերածնունդ»-ին:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԿՏԱ՞Ն
Տավուշի մարզի 24 գյուղ ունի սահմանամերձ, արտոնություններ ունեցող համայնքների կարգավիճակ եւ ազատված է հողի հարկից, գույքահարկից, օգտվում է ոռոգման ջրի, էլեկտրաէներգիայի եւ բնական գազի վարձավճարների կիսով չափ զեղչից: 2015 թվից սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ է տրվել նաեւ Բերդ քաղաքին: Սակայն Բերդի բնակիչներին վարձավճարների արտոնություններ չեն տրվել, լոկ արտադրություն կազմակերպելու համար հարկային արտոնություն է տրվել:
Նոյեմբերյան քաղաքի Այգեհովիտ (Գոգվելի) տեղամասը սահմանակից է Ադրբեջանին, սակայն համայնքների վարչական սահմանների ճշգրտման, խոշորացման արդյունքում այդ տեղամասը, որպես Նոյեմբերյանի վարչական տարածքի 2-րդ հատված, նախկինում տրվել է Բերդավան համայնքին: Նոյեմբերյանը սահմանամերձի կարգավիճակ չունի, սակայն 1990-ական թվականներին ադրբեջանական ռմբակոծության ժամանակ Նոյեմբերյանում տասնյակ զոհեր են եղել:
2015թ. սեպտեմբերի 24-ին ադրբեջանական 3 արկ ընկավ Նոյեմբերյան քաղաքի տարածքում, բարեբախտաբար, վնասներ չեղան: 2015թ. նոյեմբերի 30-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առիթով Նոյեմբերյան ժամանած ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանին նոյեմբերյանցի կենսաթոշակառուները հարց առաջադրեցին, թե ինչո՞ւ Նոյեմբերյանը սահմանամերձի կարգավիճակ չի ստանում: Նա հարցին լավատեղյակ չէր: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին 2015թ. դեկտեմբերի վերջին հիշեցնելով, որ Բերդ քաղաքը ստացել է արտադրություն կազմակերպելու համար սահմանամերձ համայնքին տրվող հարկային արտոնություններ, հարցրինք` Նոյեմբերյան քաղաքը կստանա՞ նույն արտոնությունները: Մարզպետն ասաց, որ խնդիրը արտոնություններ տալը չէ, այլ դրանք օգտագործելը: Նրա խոսքերով՝ Նոյեմբերյանից 3 կմ հեռավորությամբ Կողբը, Բերդավանը, Դովեղը սահմանամերձի կարգավիճակ ունեն, եւ եթե արտադրություն կազմակերպելու համար արտոնության կարիք կա, ինչո՞ւ չեն օգտվում այդ գյուղերի հնարավորություններից: Հ. Աբովյանը հայտնեց, որ մեկ տարի առաջ վերոհիշյալ գյուղերի բնակիչներին արտադրություն կազմակերպելու համար հարկային արտոնություններ են տրվել, սակայն դրանք ոչ ոք չի օգտագործել, արտադրություն չի հիմնել: Ողջունելի է, որ Բերդ քաղաքին, որպես սահմանամերձ համայնքի, տրվել է արտադրություն կազմակերպելու համար հարկային արտոնություն, սակայն տարակուսելի է, թե ինչո՞ւ Նոյեմբերյանին չի տրվում նման հնարավորություն, մանավանդ որ դրա տրամադրումից հետո պետական եւ համայնքային բյուջեները լոկ կշահեին: Օրերս «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանին Նոյեմբերյան քաղաքին սահմանամերձի կարգավիճակ եւ արտոնություններ տալու առաջարկությամբ: Հուսանք` կառավարությունը կբավարարի պատգամավորի դիմումը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳՆԱՃԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 5 տոկոս գնաճով: Սակայն ապրանքատեսակները ՀՀ քաղաքներում տարբեր գներ ունեն:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բարձր գնաճ է արձանագրվել ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ ՀՀ մյուս քաղաքներում: Այնուամենայնիվ, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երեւանում եւ Կապանում:
Այսպես, Երեւանում 1 կգ բրինձը այս տարվա հունվարին վաճառվել է 950 դրամով, Գյումրիում՝ 850 դրամով, Արտաշատում՝ 800 դրամով: Իսկ, ահա, Գավառում այն վաճառվել է 620 դրամով: Բարձր տեսակի ալյուրի 1 կգ-ը մայրաքաղաք Երեւանում վաճառվել է 460-ով դրամով, Աշտարակում՝ 360-ով, Հրազդանում՝ 290-ով, Արտաշատում՝ 400 դրամով: Ի դեպ, նույն ժամանակահատվածում տարբեր քաղաքներում բարձր տեսակի 1 կգ հացը նույնպես տարբեր գներով է վաճառվել: Օրինակ՝ Երեւանում այն վաճառվել է 530 դրամով, Արտաշատում՝ 500 դրամով, Եղեգնաձորում՝ 480 դրամով: Ինչպես առաջին անհրաժեշտության այլ ապրանքատեսակներ, այնպես էլ մակարոնը մայրաքաղաքում վաճառվել է 510, իսկ Կապանում՝ 530 դրամով:
Տավարի մսի 1 կիլոգրամը ամենաբարձր գինն ունեցել է Երեւանում եւ Աշտարակում՝ 2500 դրամ, իսկ ամենաէժանը վաճառվել է Վանաձորում՝ 2220 դրամ: Խոզի միսը Կապանում 1 կգ-ն վաճառվել է 3300 դրամով, Էջմիածնում՝ 2840, երեւանում՝ 3100 դրամով: Ոչխարի միսը Գավառում վաճառվել է 2500 դրամով, իսկ Երեւանում՝ 2900 դրամով, Վանաձորում այն արժեցել է 2100 դրամ: ՀՀ տարբեր քաղաքներում հավի բուդը նույնպես տարբեր գներով է վաճառվել. Երեւանում վաճառվել է 1100 դրամով, Էջմիածնում՝ 720 դրամով, Կապանում՝ 1160, իսկ Գյումրիում՝ 860 դրամով:
Հսկայական տարբերություն կա բաստուրմայի գներում. օրինակ՝ Երեւանում այն վաճառվել է 8710 դրամով, Գյումրիում՝ 9040-ով, Աշտարակում՝ 9750-ով, Իջեւանում՝ 7100-ով, Հրազդանում՝ 8230-ով, Եղեգնաձորում՝ 6150-ով, Արտաշատում՝ 7100 դրամով: Թարմ ձուկը ամենաբարձր գինն ունեցել է Կապանում՝ 2400 դրամ: Իսկ Երեւանում այն վաճառվել է 1830 դրամով, Էջմիածնում՝ 1800-ով, Հրազդանում՝ 1700-ով, Գավառում՝ 2000-ով: Մեկ կգ մածունը մայրաքաղաքի սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվել է 680 դրամով, Գյումրիում՝ 480-ով, Էջմիածնում 550-ով, Աշտարակում՝ 720-ով, Կապանում՝ 530-ով: Կարտոֆիլը նույնպես տարբեր գին է ունեցել եւ միայն Գավառ քաղաքում է, որ այն ամենացածր գնով է վաճառվել՝ 150 դրամ: Իսկ, ահա, Երեւանում 1 կգ կարտոֆիլը վաճառվել է 200 դրամով, Վանաձորում՝ 170-ով, Կապանում՝ 210-ով: Միակ ապրանքատեսակը լուցկին է, որի գինը 10 դրամ է եղել եւ բոլոր քաղաքներում մնացել է անփոփոխ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2016թ. փետրվարի 11-ի հերթական նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» որոշումը: Որոշման ընդունմամբ՝ 2016թ. հունվարի 1-ից հետո ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման համար դիմելիս մինչեւ 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու եւ անապահովության «0» միավորից բարձր միավոր ունենալու պահանջը հանվել է: Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը համապատասխանեցվել է «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի բ) ենթակետին, ըստ որի՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է մինչեւ 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին, մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:




Լրահոս