ԴԱՀԿ-Ն ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՇՓՈԹԵԼՈՎ՝ ՎՆԱՍՆԵՐ Է ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղուց արդեն հայտնի է, որ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հազարավոր քաղաքացիների դրամական միջոցների վրա անօրինական կալանքներ է դնում եւ նրանցից գումարներ բռնագանձում: Ստորեւ ներկայացվող դեպքում եւս քաղաքացի-ԴԱՀԿ իրավահարաբերություններում հերթական աբսուրդային իրավիճակն է ստեղծվել, որից, ինչպես միշտ, տուժել է շարքային քաղաքացին:

«Ժողովուրդ»-ին է դիմել Երեւանի բնակչուհի Կարինե Թովմասյանը, ում պատմելով՝ ինքը դարձել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության եւ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների անփույթ աշխատանքի զոհը: Քաղաքացին ներկայացրեց, որ ինքը հունվարի 29-ին ծանուցում է ստացել, որտեղ նշված է եղել, որ ունի աղբահանության մոտ 45 հազար դրամի պարտք: Այդ ընթացքում նրա դրամական հաշիվների վրա արգելանք է կիրառվել, այն դեպքում, երբ վերջինս ոչ մի տեսակի պարտք ու պահանջ չի ունեցել, այդ թվում նաեւ՝ աղբահանության: Ավելին՝ մեզ դիմած քաղաքացին ծնվել եւ ապրում է Էրեբունի վարչական շրջանում, սակայն ստացել է ծանուցում, որը վերաբերում է Շենգավիթի վարչական շրջանին: Ինչեւէ: Որոշ ժամանակ անց քաղաքացին պարզել է, որ ԴԱՀԿ-ի կողմից թյուրիմացություն է եղել, եւ Կարինե անունով այլ քաղաքացու ծանուցում ուղարկելու փոխարեն իրեն են ուղարկել: Արդյունքում՝ «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացու քարտային հաշվից ԴԱՀԿ-ն բռնագանձել է մոտ 45 հազար դրամ:
Տեղի է ունեցել անունների շփոթություն, եւ Շենգավիթի վարչական շրջանի Արշակունյաց հասցեի բնակիչ Կարինե Թովմասովային ուղարկելու փոխարեն ԴԱՀԿ-ն ծանուցել է Էրեբունի վարչական շրջանի Աճեմյան հասցեի բնակիչ Կարինե Թովմասյանին եւ պահանջել վճարել Արշակունյաց հասցեի աղբահանության պարտքը: Ստանալով ԴԱՀԿ ծանուցումը՝ Կարինե Թովմասյանը անհարմար իրավիճակում է հայտնվել. բանկային հաշիվների վրա կալանք է դրվել, իսկ քարտից աշխատավարձը կալանքի չափով բռնագանձվել է: Արդյունքում՝ քաղաքացու վարկային պատմությունը «փչացել է»: Բանն այն է, որ քաղաքացին «Կոնվերսբանկ»-ում ոսկի ունի գրավադրված, որի մարումները վերջինս չի կարող իրականացնել, քանի որ դրամական հաշիվների վրա արգելանք կա:
«Շենգավիթի թաղապետարանում ինձ բաժնից բաժին ուղարկեցին, հետո պարզվեց, որ շփոթություն է եղել: Հետո խոսեցի գույքահարկերի մասով պատասխանատուի հետ մի ամբողջ շաբաթ ձգձգեց, եւ օրեր տեւեց, մինչեւ մի տեղեկանք ուղարկվեց ԴԱՀԿ: Իսկ երբ աշխատավարձ ստացա, ԴԱՀԿ-ն իմ քարտից մոտ 45 հազար դրամ գումար բռնագանձեց»,- զայրացած ներկայացրեց տիկին Կարինեն:
Նկատենք, որ չնայած կառույցի անվանմանը` դատական ակտերի հարկադիր կատարում, կալանքի որոշումները կայացվում են առանց դատարանի որոշման: «Գոյություն ունի «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենք, եւ այդ օրենքով առաջնորդվելով՝ հարկադիր կատարման ծառայությունը իր լիազորություններն է իրականացրել: Մենք ամեն ինչ անում ենք, որ շարքային քաղաքացին չունենա խնդիր: Մենք մեր գործառույթն ենք իրականացնում, պետք չէ ԴԱՀԿ ծառայությունը դիտարկել որպես ֆաշիստական կառույց: Չեմ կարծում, որ դա մարդու իրավունքների խախտում է»,- խնդրի առնչությամբ այսպիսի հայտարարություն արեց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը՝ 2015 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը գրավոր դիմեց ԴԱՀԿ հետեւյալ հարցերով՝ «ՀՀ Սահմանադրությունն արգելում է քաղաքացուն զրկել իր սեփականությունից այլ կերպ, քան դատական կարգով: Ինչո՞ւ է ԴԱՀԿ-ն խախտել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը: Ինչպե՞ս է ԴԱՀԿ-ն վերադարձնելու քաղաքացու հաշվից ապօրինի գանձված գումարը, եւ արդյոք մինչ այս դա արվել է: Ինչպե՞ս է ԴԱՀԿ-ն փոխհատուցելու քաղաքացու վնասները, որոնք նա կրել է իր բանկային հաշիվները հանիրավի արգելափակելու եւ վարկային պարտավորությունները կատարել չկարողանալու արդյունքում:
Այս հարցերին ի պատասխան՝ ԴԱՀԿ-ից փոխանցեցին հետեւյալը. «Հարկադիր կատարման ծառայությունը Կարինե Հրաչիկի Թովմասյանից հօգուտ Շենգավիթ վարչական շրջանի 39 հազար 542 դրամ բռնագանձելու վերաբերյալ կատարողական վարույթ է հարուցել` հիմք ընդունելով Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կողմից այս տարվա հունվարի 18-ին ստացված գրությունը, որտեղ որպես պարտապան նշված են եղել Կարինե Հրաչիկի Թովմասյանի անձնագրային տվյալները եւ հասցեն: Հարկադիր կատարման ծառայությունը, հիմք ընդունելով գրության մեջ նշված տվյալ անձնագրի համարը, կատարողական գործողություններ է իրականացրել, մասնավորապես՝ հարցումներ է կատարել ՀՀ առեւտրային բանկերին եւ ՀՀ ճանապարհային ոստիկանությանը: Արդյունքում՝ արգելանք է կիրառվել քաղաքացու բանկային հաշիվների վրա»:
Ստացվում է, որ ԴԱՀԿ-ն Շենգավիթի թաղապետարանից ստացել է գրություն, որտեղ նշված է եղել Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Կարինե Հրաչիկի Թովմասյանի անձնագրային տվյալները եւ Շենգավիթի Արշակունյաց հասցեն: Իսկ ԴԱՀԿ աշխատակիցները վարույթ են հարուցել անձնագրային տվյալների հիման վրա:
ԴԱՀԿ-ից տեղեկացրեցին նաեւ, որ երեկ հարկադիր կատարման ծառայությունը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կողմից գրություն է ստացել՝ քաղաքացի Կարինե Հրաչիկի Թովմասյանի կատարողական վարույթը կարճելու մասին: Երեկվա դրությամբ, սակայն, կալանքը դեռ հանված չէր քաղաքացու հաշիվների վրայից:
Ի վերջո, ո՞ւմ սխալ աշխատանքի պատճառով քաղաքացին տուժեց: «Ժողովուրդ»-ը այս հարցով դիմեց Շենգավիթի թաղապետարան, սակայն իրավաբանական բաժնի աշխատակիցները՝ պետից սկսած, հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ այս թեմայի շուրջ: Ավելին` Տաթեւիկ անունով աշխատակիցը կոպիտ տոնով հակադարձեց. «Ինքը եկել է այստեղ, հարցը պարզաբանվել է, հիմա հարցն ինչո՞ւմն է: Հիմա Ձե՞զ ինչ: Իմաստը ո՞րն է: Քաղաքացուն բացատրվել է: Ես պարտավոր չեմ Ձեզ բացատրելու: Եկեք այստեղ, պարզեք»: Աչքի առաջ ունենալով այս աշխատակցի պահվածքը լրագրողի հետ զրույցում՝ դժվար չէ պատկերացնել նրա աշխատաոճը քաղաքացիների հետ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ պետբյուջեից սնվող ԴԱՀԿ-ի աշխատակիցները, որպես խրախուսանք, ամեն մի բռնագանձումից նվազագույնը 1250 դրամ պարգեւավճար են ստանում: Հուսանք՝ այս խայտառակ պատմության հերոսները կստանան իրենց արժանի «պարգեւավճարները»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԿԻՍՈՒՄ ԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ

Armlur.am-ի տեղեկություններով՝ խուճապային տրամադրություններ են տիրում Երեւանի վարչական շրջաններից Էրեբունիում, Արաբկիրում եւ Մալաթիա-Սեբաստիայում, քանի որ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակներում որոշակի վարչական շրջաններ նույնպես տրվելու են Դաշնակցությանը:

Այս փաստը պայմանավորված է նրանով, որ ըստ նոր ընտրական օրենսգրքի՝ ընտրատեղամասերը պետք է խոշորացվեն եւ Դաշնակցությունը, բնականաբար, ուզում է Երեւանում նույնպես ուժեղացնել իր դիրքերը 2017 թվականի ընտրություններին ընդառաջ:
Այս հարցի շուրջ Armlur.am-ը զրուցեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:
-Պարո՛ն Մինասյան, խոսակցություններ կան, որ կոալիցիայի շրջանակներում Դաշնակցությանն է տրվելու 2 վարչական շրջան: Արդյոք ճի՞շտ են այս տեղեկությունները:
-Սպասե՛ք, մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի:
-Պարո՛ն Մինասյան, ամեն դեպքում, մինչ օրս խոսակցություններ չկային, որ կոալիցիայի շրջանակներում բանակցություններ են գնում վարչական շրջանների հետ կապված, նման զարգացում հնարավո՞ր է:
-Ամեն ինչ էլ հնարավոր է, սպասե՛ք, ամեն ինչ մոտ օրերս պարզ կլինի: Հուսանք, որ այս ուրբաթ Սերժ Սարգսյանի հայտարարությունը որոշակի հստակություն կմտցնի քաղաքական դաշտում:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ




Լրահոս