ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է
Սեպտեմբերի 10-ին հայտնի կդառնա Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նոր նախագահի անունը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է գործող նախագահ, բելգիացի Ժակ Ռոգեն, որն ավարտելու է իր աշխատանքային գործունեությունը:
Հիշեցնենք, որ Բուենոս Այրեսում սեպտեմբերի 6-10-ը տեղի կունենա ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանը: Առայժմ կա ՄՕԿ-ի նախագահի վեց թեկնածու` Թոմաս Բախ (Գերմանիա), Սեր Միանգ (Սինգապուր), Չինգ Կուո Վու (Թայվան), Ռիչարդ Կերրիոն (Պուերտո Ռիկո), Դենիս Օսվալդ (Շվեյցարիա) եւ Սերգեյ Բուբկա (Ուկրաինա): Նրանք արդեն հուլիսի երկուսին կներկայացնեն իրենց ծրագրերը: Հայ մարզասերները երեւի լավ գիտեն միայն ձողացատկորդ, օլիմպիական խաղերի (1988թ.) եւ աշխարհի հնգակի չեմպիոն, համաշխարհային 35 ռեկորդների հեղինակ, 1985-ին առաջինը 6 մետր բարձրությունը հաղթահարած Սերգեյ Բուբկային։ Ի դեպ, նա 1990-ից բնակվում է Մոնտե Կարլոյում, նույն թվականին Դոնեցկում հիմնել է «Սերգեյ Բուբկա» ակումբ, որը միջազգային ավանդական մրցումներ է կազմակերպում:
ՄՕԿ-ը 12 տարի ղեկավարող Ռոգեն ասել է, որ բոլոր թեկնածուներն արժանի են ստանձնել նախագահի պաշտոնը, ու ցանկալի է, որ ընտրվողը չփոխի իր մարդկային բնույթը:

ԿԽԱՂԱՆ ԱՌԱՆՑ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ
Դանիայի հետ կայացած երեկվա խաղից առաջ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Կոպենհագենում կարճատեւ մամուլի ասուլիս է տվել: Նա մասնավորապես ասել է, թե Մալթայի հետ խաղից հետո խոսել է տղաների հետ այն մասին, որ պետք չէ կենտրոնանալ անցածի վրա: Նրանց տրամադրությունը լավ է, եւ պատրաստ են հանդիպմանը: Վ. Մինասյանն ընդգծել է, որ փոփոխություններ կան ե՛ւ կազմի, ե՛ւ մարտավարության մեջ. «Մենք խաղալու ենք առանց լարվածության: Եթե նայենք մրցաշարային աղյուսակին, ապա Դանիան ավելի շատ լարվելու առիթ ունի»: Ամենայն հավանականությամբ, գլխավոր մարզիչը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ մեր հավաքականն այլեւս որեւէ բանի չի հավակնում, իսկ դանիացիները հաջորդ փուլ դուրս գալու ակնկալիք ունեն:
Հուրախություն մեզ՝ Դանիա-Հայաստան խաղն ավարտվեց 0:4 հաշվով՝ հօգուտ հայերի: Մերոնց հաղթանակը փառահեղ էր:

ՄԻԱՅՆ ՄԵԿ ԲՐՈՆԶ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցած շաբաթվա վերջին ավարտված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ բրոնզե մեդալ: 56 կգ քաշայինների կիսաեզրափակչում երեւանցի Արամ Ավագյանը միավորների հավասար արդյունքով (29:28, 28:28, 28:29) ավարտեց հանդիպումն ուկրաինացի Միկոլա Բուցենկոյի հետ, եւ որոշիչ դեր խաղաց կողային մրցավարներից մեկի պարզ համակրանքը ուկրաինացու նկատմամբ: Այսպիսով՝ Հայաստանի հավաքականի վեց մարզիկներից միայն մեկին հաջողվեց տուն վերադառնալ մեդալով: Առաջնության արդյունքները մասնագետները կվերլուծեն հավաքականի տունդարձից հետո:

 ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս