Գերմանիան կոչ է անում ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս մասին «Ինտերֆաքս»-ի հարցազրույցում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Անկեղծ ասած՝ չէի ցանկանա համակերպվել նրա հետ, որ այդ կոնֆլիկտը սառեցված է համարվում: Տարեցտարի այդ կոնֆլիկտից տուժում են մարդիկ, դադարեցվում է զարգացումը համապատասխան տարածաշրջանում: Փոքր, սակայն հստակ քայլերով մենք պլանավորում ենք կայունացնել հրադադարի ռեժիմը, ամրապնդել վստահությունն ու թեթևացնել մարդկանց առօրյա կյանքը, օրինակ, տնտեսական փոխանակման պայմանների միջոցով»,-ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտում մտահոգություն են առաջացնում զինված բախումները Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան