Համաշխարհային բանկը համամիտ չէ ՎՊ-ի գնահատականների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերահսկիչ պալատի հաշվետվությունների քննարկման ձեւաչափը փոփոխության կարիք ունի։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ առաջարկելով կիրառել ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկման ընթացակարգը։ Վերջինիս կարծիքով, գլխադասային հանձնաժողովներում կողմերի՝ վերահսկիչ պալատի եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումները հնարավորություն կտան առավել ամբողջական եւ օբյեկտիվ պատկերացում կազմել արձանագրված խախտումների իրական բնույթի եւ ձեռնարկված միջոցառումների մասին։
Փոխվարչապետն ըստ էության ակնարկեց, որ ՎՊ-ն ամբողջական չի ներկայացնում իրավիճակը, քանզի նշեց, որ մի շարք դրվագներով գործադիրը ներկայացրել է իր պարզաբանումներն ու պատասխանները, որոնք ՎՊ-ի հաշվետվության մեջ ներառված չեն։ Որպես հետեւանք, ըստ Ա.Գեւորգյանի բոլորովին այլ կարծիք է ձեւավորվում։ Առավել եւս, երբ որոշակի տարաձայնություն կա նաեւ կատարված աշխատանքների գնահատման մեթոդաբանության հետ կապված։
Դատելով փոխվարչապետի խոսքերից՝ մի շարք խախտումներ գործադիրն ընդունել է եւ դրանք վերացնելու, կամ պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, իսկ որոշ դեպքերում էլ համամիտ չէ։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր միջազգային ծրագրերի, դրանց թվում “Դատաիրավական Բարեփոխումներ” ԾԻԳ-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին ՎՊ-ի տրված գնահատականներին։ Միջազգային պայմանագրերով դոնոր կազմակերպությունների ֆիանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում մրցույթները բոլորովին այլ չափորոշիչներով են կազմակերպվում։ Ըստ փոխվարչապետի, դոնոր կազմակերպությունների մոտեցումները մրցույթների նկատմամբ բոլորովին այլ են. նրանց հետաքրքրում է ամբողջական արժեքով ծրագրի վերջնական իրականացումը։ Տվյալ պարագայում, Ա.Գեւորգյանի խոսքով, հավելագրումների մասին խոսք չկա։ Այո, կոնկրետ ծրագրերի իրականացման համար պայմանագրերը հաստատվել են, բայց ընթացքում՝ մրցույթից դուրս այլ աշխատանքներ եւս կատարվել են, որոնց համար նույնպես վճարվել է։ 222 մլն-ը փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարներ են,- հայտարարեց փոխվարչապետը։ Վերջինիս ներկայացմամբ, միջազգային ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողություն են իրականացնում ոչ միայն ՀՀ կառավարությունն ու ՀՀ Վերահսկիչ պալատը, այլ նաեւ դոնոր կազմակերպությունը եւ վստահեցրեց, որ դիտարկվող ծրագրով դոնոր կազմակերպությունը՝ Համաշխարհային բանկը մի քանի ուսումնասիրություններ կատարել է եւ լուրջ խախտումներ չի տեսել։ Նկատելու դեպքում, ըստ փոխվարչապետի, Համաշխարհային բանկը չէր սպասի եւ անմիջապես կբարձրաձայներ։
Անդրադառնալով ՎՊ-ի տարեկան հաշվետության մեջ ընդհանրապես արձանագրված խախտումներին՝ Ա.Գեւորգյանը հայտարարեց, որ կառավարությունը շահագրգռված է արձանագրված խախտումների բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության հարցում եւ չունի որեւէ կաշկանդվածություն։ Ըստ նրա, ՎՊ-ի նկատմամբ վստահությունն ավելի կմեծանա, եթե վերջինս ցուցաբերի հետեւողականություն եւ նյութերն ուղղարկի դատախազություն, դատաիրավապահ մարմիններին, կամ իր հաշվետության մեջ ներառեր, թե օրինակ 2011 թվականին ինչ խախտումներ են արձանագրել եւ ինչ քայլեր են ձեռնարկվել դրանք վերացնելու ուղղությամբ։
ՓԱՍՏԻՆՖՈ




Լրահոս