«Թե այս ինչ պատմություն էր, մարդ բան չհասկացավ». երիտասարդի ականջը կենդանիների կերակո՞ւր է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ Շիրակի մարզի Առափ գյուղի «Փակ ծառ» կենտրոնի մոտակայքում վիճաբանության ժամանակ 23-ամյա երիտասարդի ականջը կտրել են: Դեպքից հետո նա տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, և ականջը պլաստիկ վիրահատության ենթարկելու համար այն չի գտնվել: Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածով` քրեական գործ է հարուցվել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երիտասարդի ականջը կտրելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 23-ամյա բնակիչ Արմեն Հարությունյանը, ով ներկայացրել է դեպքի մանրամասներն ու պատմել ողջ եղելությունը: Ըստ ամենայնի՝ նա նետել է տուժած Տ. Ա.-ի ականջը, որը կենդանիների համար կերակուր է դարձել: Արդյունքում՝ այն գտնել չի հաջողվում:

Հիշեցնենք, որ նախանական վարկածով՝ տարաձայնության պատճառը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն է եղել: «Aravot.am»-ի փոխանցմամբ՝ 23-ամյա Տ.Ա.-ն ծանոթություն է հաստատել մի երիտասարդ, ամուսնալուծված կնոջ հետ, վերջինիս եղբայրն էլ, լսելով այս մասին, Տ. Ա.-ին նախազգուշացրել է հեռու մնալ, գործ չունենալ իր քրոջ հետ: Այնուհետև այդ երկու երիտասարդները ժամադրվել են Շիրակի մարզի մոտակա գյուղերից մեկի՝ Առափիի չգործող ռեստորանի մոտ, որպեսզի հանդիպեն, զրուցեն: Այստեղ վիճաբանել են, այն վերածվել է ծեծկռտուքի, որն էլ ավարտվել է այս տհաճ միջադեպով:

ArmLur.am-ին Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանը հայտնեց, որ միայն ձերբակալվածն է իրենց համագյուղացին, իսկ տուժողը գյումրեցի է. «Նրան չենք էլ ճանաչում: Չգիտենք՝ ով է, ինչ է: Թե այս ինչ պատմություն էր, մարդ բան չհասկացավ: Արմենը պարկեշտ, խելացի, զուսպ մարդ է: Նրա ընտանիքն էլ հարգանք է վայելում: Անհասկանալի միջադեպ էր»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ երիտասարդն արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան, նախորդ տարվա նոյեմբերին է վերադարձել:

Ինչևէ, փաստն այն է, որ անհանդուրժողականությունը տարածված է ամենուր, և մարդիկ իրենց տարաձայնություններն ամեն կերպ, անգամ` ամենաարտասովոր ձևով, պատրաստ են լուծել:




Լրահոս