ՈԱԱԿ-ը հետևում է հավատարմագրված բուհերի բարելավման պլանների իրագործմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերից երկուսը փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի իրագործման վերաբերյալ իրենց առաջին հաշվետվություններն են ներկայացրել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին (ՈԱԱԿ):

ՈԱԱԿ մասնագետներն արդեն ուսումնասիրել են Երևանի Հյուսիսային համալսարանի հաշվետվությունը` գնահատելով թերությունների վերացման ծրագրի իրագործման ընթացքը: Այժմ ուսումնասիրվում է նաև «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի հաշվետվությունը:

ՈԱԱԿ եզրակացությունն ուղարկվում է բուհին և Հավատարմագրման հանձնաժողովին:

Ըստ Հավատարմագրման կարգի` երկու տարով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերը 6 ամիսը մեկ պարբերականությամբ ՈԱԱԿ-ին հաշվետվություն պետք է ներկայացնեն փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի իրագործման վերաբերյալ: Իսկ 4 և 6 տարով հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ ինստիտուցիոնալ ներքին գնահատում պետք է իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ:

Եթե պարզվի, որ բուհը չի հետևում փորձագիտական խմբի խորհրդատվությանը, չի ապահովում թերությունների վերացման հաստատված ծրագրի իրագործումն ու նպատակների իրականացումը, ապա, Հավատարմագրման կարգի համաձայն, կարող է չեղարկվել այդ ուսումնական հաստատությանը տրված հավատարմագրումը:




Լրահոս