Վարդան Ղուկասյանին փորձում են կռվեցնե՞լ իր «մտերիմների» հետ. ի՞նչ է իրականում տեղի ունեցել Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ հերթական միջադեպի մասին լուրերը դրա հավանական մասնակիցների կողմից շարունակվում են ակտիվորեն հերքվել:

Ինչպես հայտնի է, երեկ լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին այն մասին, որ փետրվարի 11-ին Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, իր ընկերոջ` Պատվական Մադոյանի հետ Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում վիճաբանել է բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանի ու նրա ընկերոջ հետ և մահակներով ծեծի ենթարկել նրանց:

Դրանից հետո, նույն օրը՝ գիշերը, բռնցքամարտի մարզիչ Գարիկ Բաղդասարյանը գնացել է Վարդան Ղուկասյանի գրասենյակ, այնտեղ դարձյալ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Վարդան Ղուկասյանի թիկնապահները կրկին ծեծի են ենթարկել մարզչին: Բայց միջադեպն այսքանով էլ չի ավարտվել: Նույն օրը նախկին քաղաքապետն ու նրա որդին ծեծի են ենթարկել ևս երեք գյումրեցու:

Իսկ ոստիկանությունը երեկ պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ «Ծեծ, որ չէ՞ր եղել» վերտառությամբ: Այստեղ ասվում էր. «Փետրվարի 12-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 11-ին` կեսօրին, Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող մանկական սրճարանում, վիճաբանության ժամանակ,  1983 թ. ծնված, նախկինում դատապարտված Սպարտակ Ղ.-ն իր ընկերոջ` 1986 թ. ծնված Պատվական Մ.-ի հետ մահակներով ծեծի են ենթարկել 1979 թ. ծնված Նորայր Ս.-ին և 1979 թ. ծնված Գարիկ Բ.-ին: Այնուհետև նույն օրվա գիշերը Գարիկ Բ.-ն գնացել է Սպարտակ Ղ.-ի հորը` 1961 թ. ծնված Վարդան Ղ.-ին պատկանող, նախկին դատարանի տարածքում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Ղ.-ի թիկնապահները ծեծի են ենթարկել Գարիկ Բ.-ին:

Նույն օրը Վարդան Ղ.-ն Սպարտակ Ղ.-ի հետ ծեծել են 1970 թ. ծնված Արթուր Թ.-ին, իսկ 1982 թ. ծնված Կոլյա Ղ.-ն ծեծի է ենթարկել «Սլաբոտկա» թաղամասի բնակիչներից մեկին:

Փետրվարի 16-ին նյութերի նախապատրաստման ընթացքում Պատվական Մ.-ն, Արթուր Թ.-ն, Նորայր Ս.-ն և Գարիկ Բ.-ն բացատրությաններ են տվել, որ փետրվարի 11-ին իրենք որևէ մեկի հետ չեն վիճաբանել, իրենց ոչ ոք չի հարվածել կամ հրել:

Պատվական Մ.-ին, Արթուր Թ.-ին, Նորայր Ս.-ին, Գարիկ Բ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Վարդան Ղ.-ն և Սպարտակ Ղ.-ն բաց են թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ թիկնապահների ինքնությունը պարզելու, նրանց և Կոլյա Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր»:

Ոստիկանության հաղորդագրությունը թողնենք առանց մեկնաբանության, իսկ այսօր արդեն ArmLur.am-ի հետ զրույցում ծեծի գործով անցնող Նորայր Սոլոյանը վստահեցրել է, թե տարածվել է ապատեղեկատվություն. ինքը վերոնշյալ ժամին իր տանը նստած է եղել. «Անգամ մի հատ քերծվածք չունեմ, անգամ դատաբժշկական փորձաքննությամբ է ապացուցվել, որ վնասվածք չունեմ: Ինչո՞ւ են սուտ տեղեկություններ հրապարակում»,- ասել է երիտասարդը:

ArmLur.am-ը զրուցեց նաև բռնցքամարտի մարզիչ Գարիկ Բաղդասարյանի հետ, ով, ինչպես նախորդը, կտրականապես հերքեց ծեծի մասին լուրերը՝ ասելով, թե ինքը Ղուկասյանների ընտանիքի մտերիմն է, նրանք ջերմ ընկերական հարաբերություններ ունեն. «Մարզիչ մարդ եմ, աշակերտներ ունեմ… Ինչպե՞ս կարելի է, ախր, նման բաներ գրել»: Մեր հարցին՝ ինչո՞ւ պետք է շոշափվեր հատկապես նրանց անունը, եթե իսկապես այդքան ջերմ են նրանց հարաբերությունները, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել. «Նման թեմաներ չեն եղել, մենք իրար հարազատ մարդիկ ենք: Սուտ զրպարտանք են ասում, այդ ամեն ինչը սուտ բաներ են: Ես չգիտեմ՝ ինչու է իմ անունը շոշափվում: Հերթական էլի եսիմ ինչերի հետ է կապված: Ես չեմ էլ հասկանում՝ ինչ է կատարվում: Ամոթ է, խայտառակ եղանք»,- շարունակեց մարզիչը:

Փորձեցինք պարզել՝ գուցե թեթև միջադե՞պ է եղել, որն ուռճացվել է, սակայն այս վարկածը ևս Բաղդասարյանը հերքեց՝ ասելով, թե ինքը ոչինչ չգիտի, ոչնչից տեղյակ չէ: Իսկ հարցին՝ հնարավո՞ր է նրան վախեցրել են, որ նման կերպ է խոսում, մարզիչը, կարծես, անակնկալի եկավ. «Ի՞նչ վախեցնել… իհարկե, ո՛չ: Մենք մտերիմներ են: Սուտ բաներ են»:

Եվ թե ինչ էր իրականում տեղի ունեցել, ինչու էր ոստիկանությունը քննություն իրականացրել և, ի վերջո, ով է փորձում Վարդան Ղուկասյանին կռվեցնել իր «մտերիմների» հետ, դեռևս չի հաջողվում պարզել: Մինչդեռ փաստ է, որ կրակն առանց ծուխ չի լինում:

Պատահական չէ «Ժողովուրդ» օրաթերթի դիտարկումն այն մասին, որ վերջին օրերին բավական ակտիվորեն խոսվում է Գյումրիում քրեական կոալիցիայի ձեւավորման մասին: Արդյոք սա նախընտրական ակտիվություն է Վարդանիկի կողմից, թե հանցագործ տեսակի սովորական  արտահայտություն, դժվար է ասել:

Տաթև Հարությունյան




Լրահոս