Թանգարանը կբացահայտի կոլեկցիոներ Թումանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանի այցելուներին մեծ բանաստեղծի 147-ամյակի առթիվ նրա ծննդյան օրը` փետրվարի 19-ին, անակնկալներ են սպասվում:

Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այդ օրը իրենց մոտ լավ իմաստով «խառնաշփոթ» իրավիճակ կլինի. թանգարանը կվերածվի տոնական հարթակի, որ այցելուները միայն ցնծան եւ ուրախանան. «Բացի այն, որ մեր այցելուները կծանոթանան թանգարանում ցուցադրվող իրերին, նրանք նաեւ կհայտնվեն հետաքրքիր իրավիճակներում. կկազմակերպվեն խաղեր, կբեմադրվեն ներկայացումներ, եւ այցելուները նույնպես «կներքաշվեն» այդ պրոցեսում: Փոքրերի համար առանցքային կլինի Թումանյանի «Շունն ու կատուն» գործը (այս տարի լրանում է ստեղծագործության 130-ամյակը), կրթահամալիրներից կգան երեխաներ եւ կմասնակցեն նաեւ այդ առիթով մեկնարկելիք միջոցառումներին: Այդ օրը, առհասարակ, պաշտոնական, սուտ ճառեր չեն հնչելու, մարդիկ պարզապես գալու են Թումանյանի տուն` նրան շնորհավորելու, գինի խմելու եւ քեֆ անելու: Այդ օրը բաց կլինի բանաստեղծի տիկնոջ սենյակը, սեղան կգցվի, ինչպես տիկին Օլգայի կենդանության օրոք էր, մարդիկ ինչ-որ բաներ կհամտեսեն եւ կենացներ կասեն»,-նշեց նա:

12767931_998346560246410_1511388480_o

Ն. Թուխիկյանը տեղեկացրեց նաեւ, որ Թումանյանի ծննդյան օրը թանգարանում կբացվի նոր ժամանակավոր ցուցադրություն, որով կներկայացվի կոլեկցիոներ Թումանյանը. «Այդ նյութերը երբեւէ չեն ցուցադրվել, դրանք պահվում են մեր ֆոնդերում եւ արխիվներում: Բանն այն է, որ Թումանյանն ունի ֆանտաստիկ կոլեկցիոն իրեր, ամենահետաքրքիրը, թերեւս, այն է, որ նա ունեցել է եռաչափություն ստանալու գործիք: Այցելուները հնարավորություն կունենան այդ սարքով դիտել նկարներ` եռաչափության մեջ: Ուշագրավ է, որ դեռեւս 100 տարի առաջ Թումանյանը զգացել է նկարը եռաչափության մեջ տեսնելու հաճույքն ու գիտակցել դրա կարեւորությունը: Սա, վստահաբար, կլինի նորություն այցելուների համար»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս