Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օրն է, որը նշվում է 2008-ից՝ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ:

Օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ։

Փետրվարի 19-ը՝ որպես գիրք նվիրելու օր, սահմանվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության որոշմամբ։ Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային գրադարանների միջև։

Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը։ Նրա խոսքերով՝

«Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր»։

Տոնի նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։ Օրվա տոնական ավանդույթներից է մտերիմ մարդուն որևէ հետաքրքիր գիրք նվիրելը։




Լրահոս