«ՊԵՏՔ Է ՀՈՒՅՍ ԴՆԵՆՔ ՄԵԶ ՎՐԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինսկում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասնակից 36 երկրների 208 մարզիկների թվում էին Հայաստանի վեց պատվիրակները: Նրանցից միայն Արամ Ավագյանին (56 կգ) հաջողվեց տուն վերադառնալ մեդալով (բրոնզե): «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպես է գնահատում մեր տղաների ելույթները հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
-Մեր վեցյակի անդամները միավորների չնչին տարբերությամբ են զիջել մրցակիցներին, նրանցից երկուսը կողմնակալ մրցավարության զոհ դարձան: Ի դեպ, մեր տղաների նկատմամբ առավելության հասած բոլոր վեց մրցակիցները դարձան հին աշխարհամասի չեմպիոն կամ փոխչեմպիոն: Թերեւս չգոհացրեց միայն գյումրեցի Հովհաննես Բաչկովը: Նա 1:2 հաշվով զիջեց եզրափակիչ մտած գերմանացուն, բայց մեր մարզիկի ընդհանուր պատրաստականությունն ավելի բարձր էր, եւ նա պարտավոր էր հաղթել ու դառնալ եզրափակչի մասնակից: Ինձ հիացրեց Հովհաննես Դանիելյանը, որը վերջին տարիներին նման լավ մարզավիճակում չէր եղել եւ առաջին մենամարտն անցկացրեց օլիմպիական խաղերի մրցանակակիր, այժմ արդեն Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Դավիթ Հայրապետյանի հետ ու գրեթե ոչնչով չզիջեց: Ուզում եմ ամենայն հարգանքով խոսել մեր թիմի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի մասին, ում ծառայությունը հայրենական բռնցքամարտում անուրանալի է: Նա ամենուրեք փայլուն է կատարել իր աշխատանքն ու հիմա իր հարուստ փորձն ու գիտելիքներն է հաղորդում հավաքականի տղաներին: Հայաստանի բոլոր չորս մասնագետները` Արմեն Հակոբյան, Պավլիկ Կարսլյան, Ֆեդյա Ալեքսանյան, Կարեն Աղամալյան, հաջողությամբ հանձնեցին տեսագործնական քննությունները եւ ստացան բարձրագույնի որակավորում: Հակառակ պարագայում մարզչին չի թույլատրվում դառնալ մարտավկա: Նման վիճակում հայտնվեցին Բելառուսի, Վրաստանի ու էլի մի քանի երկրների հավաքականների նույնիսկ գլխավոր մարզիչները:
Ուզում եմ նշել գյումրեցի մարզիչների, հատկապես Մեխակ Ղազարյանի շնորհակալ գործը: Առաջնությունը ցույց տվեց նաեւ մեր աշխատանքներում տեղ գտած թերությունները. մերոնք ռինգում չեն ստանձնում նախաձեռնողի դերը եւ հիմնականում աշխատում են երկրորդ համարով: Հայաստանում աշխատող մարզիչներս իրարից շատ բան ունենք սովորելու, եւ առաջին հերթին անկեղծ զրույցների, խորհուրդների պակաս է զգացվում: Միայն լիարժեք պատրաստականություն ունեցող բռնցքամարտիկն է ռինգում իրեն վստահ զգում, ու եթե այդպես չէ, մեղավոր են ոչ միայն մեր վարպետները, այլեւ նրանց անձնական ու հավաքականի մարզիչները: Իսկ մեր բռնցքամարտի հարուստ ավանդույթները վկայում են, որ լավ աշխատելը մեր ուժերից վեր գործ չէ:
-Հայազգի եւս վեց բռնցքամարտիկներ Ռուսաստանի, Գերմանիայի եւ Բելառուսի դրոշի ներքո հանդես եկան, ու բոլորն էլ դարձան մեդալակիր: Հնարավո՞ր է՝  նրանց հրավիրեք հավաքական:
-Պետք է հույս դնենք մեզ վրա, չդառնանք մուրացկան: Իսկ ինչո՞ւ «դրսի» մարզիկները մեզ չդիմեն հայոց եռագույնի ներքո հանդես գալու ցանկությամբ: Բռնցքամարտի մեր դպրոցին պատիվ չի բերի ուրիշի հաշվին «սնվելը»: Հայրենիքում պետք է աճեցնենք բարձրակարգ մարզիկներ:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս