Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատել սփյուռքի նախարարության աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ սփյուռքի նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ նախարարությունն ակտիվորեն մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստերի նախապատրաստական և կազմակերպչական բոլոր աշխատանքներին: Մասնավորապես, ապահովել է Պետական հանձնաժողովի սփյուռքյան անդամների, տարածաշրջանային հանձնախմբերի նախագահների (ներկայացուցիչների) մասնակցությունը հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև մասնակցել անհրաժեշտ տեղեկատվական և քարոզչական բնույթի նյութերի պատրաստման և տարածման աշխատանքներին (50 երկրում առ այսօր գործում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային 61 հանձնախումբ): Ապրիլի 22-23-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ծրագրե¬րի շրջանակներում Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ցեղասպանության հանցագործության կանխարգել¬ման և պա¬տա¬ս¬խանա¬տվության միջազգային իրավական հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովը:

Նախարարի խոսքով՝ «Սփյուռքահայերի ինտեգրման գործընթացի կազմակերպում» ծրագրի շրջանակում լուծվել են Հայաստանում հաստատված, սիրիահայերի և իրաքահայերի բազմաթիվ իրավական, սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրներ, կազմակերպվել են մշակութային միջոցառումներ, ամառային ճամբարներ, տարեմուտի երեկոներ, արևելահայերեն և ռուսաց լեզվի դասընթացներ:
Ըստ նախարարի՝ Հայոց լեզվի տարածման և հայ երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացման, այդ թվում` նորարարական մեխանիզմների կիրառմամբ, նպատակով ձեռնարկվել են աշխատանքներ մի քանի ծրագրերի շրջանակներում: «Հայոց լեզվի հեռուստադպրոց» ծրագրով հայկական համայնքներ է սփռվել հեռուստադպրոցի երեք տասնյակ դասաժամ, շարունակվել է արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը փոխարկչի ընդլայնման աշխատանքները, Սփյուռքի կրթական հաստատություններին տրամադրվել է շուրջ 46 000 կտոր ուսումնական նյութ, նախարարության օժանդակությամբ Սփյուռքում ստեղծվել են 15 նոր մեկօրյա դպրոցներ, կազմակերպվել է «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» համաժողովը, կրթական տարբեր խնդիրներին նվիրված հեռակոնֆերանսներ և այլն:

Նախարար Հակոբյանը հայտնել է նաև, որ կառավարության համապատասխան որոշումներով հաստատվել են Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն», «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի և «Սփյուռք» ամառային դպրոց» 2015 թվականի ծրագրերը և միջոցառումների ցանկը:
Հովիկ Աբրահամյանը դրական գնահատելով սփյուռքի նախարարության աշխատանքը՝ ընդգծել է, որ գերատեսչության կողմից մեծ աշխատանք է կատարվել, և 2015 թվականին նախարարության ակտիվ մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ ակնառու է եղել: Գործադիրի ղեկավարը կարևորել է սփյուռքահայ գործարարների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում և այդ համատեքստում անհրաժեշտ համարել Հայաստանում սփյուռքահայ գործարարների մասնակցությամբ բիզնես ֆորումների անցկացումը:




Լրահոս