Ինչ իմաստ ուներ ուրբաթ օրն արտահերթ նիստ հրավիրել. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ձգձգելով շտապում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովը գումարել էր արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկված հարցերից ամենակարևարը թերևս «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» հարցն էր: Այս հարցի ընդունումից հետո ՏԿԱԻՆ-ը տարանջատվելու է և այսուհետ կգործեն երկու` տարածքային կառավարման և զարգացման, և արտակարգ իրավիճակների նախարարությունները:

Այսօր, մինչ աշխատանքի մեկնարկը ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտնեց, որ խմբակցությունը չի մասնակցելու նիստի աշխատանքներին՝ անընդունելի համարելով առաջարկված օրակարգը: Նա առաջարկվող փոփոխություններն անվանեց  «հապճեպ և չհիմնավորված»: Նման կարծիք նա հայտնեց նաև լրագրողների հետ զրույցում: 

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ելույթ ունենալիս, ապա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ  փոփոխությունը պայմանավորված է քաղաքական գործընթացներով՝ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության նոր ձևաչափով: Նախագիծը բուռն քննադատության արժանացավ պատգամավորների կողմից, ովքեր դեմ էին արտահերթ նիստ հրավիրելու հրատապությանը և նախարարության կառուցվածքային փոփոխություններին:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բացասական կարծիք հայտնեց փոփոխության վերաբերյալ, քանի որ դրանք արհեստական են  և չեն նպաստելու  երկրի կառավարման արդյունավետությանը: Նա նշել է, որ դեմ է քվեարկելու օրինագծին: Նույն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ևս դեմ արտահայտվեց նախարարության բաժանման գաղափարին, քանի որ դրա հետեւանքով ավելանալու են պետական բյուջեի ծախսերը:  Նա կոչ արեց խնդրի լուծման համար գտնել այլ տարբերակ՝ զերծ մնալով կառավարության կառուցվածքային փոփոխությունից:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն  էլ առաջարկվող փոփոխությունը քաղաքական պարտադրանք համարեց:  ԲՀԿ-ն որոշեց դեմ քվեարկել, իսկ նույն խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի խոսքով` կառավարությունը չի ներկայացնում որևէ հիմնավոր պատճառ: Ըստ Ստեփան Մարգարյանի`  նախագիծը որևէ հիմնավորում չունի, Միքայել Մելքումյանն էլ, խոսելով նախագծի հիմնավորումից, նշել է, որ այն թերի է: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն  առաջարկեց նույնիսկ կիսել մարզերը և հայտարարեց, որ անտեր նախարարներին հանել են, իսկ ով տեր ունի` թողել են:

Ներկայացված քննադատություններին արձագանքեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով նշեց, որ   նախարարության բաժանումը պայմանավորված է քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ: Աղվան Վարդանյանի խոսքով` ՀՅԴ-ն աշխատանքի եւ պատասխանատվության կողմնակից է:

Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով` արդյունավետ կառավարման սկզբունքը զոհաբերվում է հանուն քաղաքական գործարքի: Ի վերջո, նախագիծն ընդունվեց կողմ – 71, դեմ – 17, ձեռնպահ – 1 ձայների հարաբերակցությամբ:

Հավելենք, որ ձեռնպահ է քվեարկել պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, դեմ քվեարկած պատգամավորի թվում են ԲՀԿ և ՀԱԿ խմբակցության պատգամավորները և «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը: Նիստին մասնակցելու համար գրանցվել, սակայն քվեարկությանը չեն մասնակցել 22 պատգամավոր:

Ինչպես հայտնի է` ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի մասին խոսվում է արդեն երկու ամսից ավել, բայց այդ գործընթացն այնքան ձգձգվեց, որ թվում էր, թե կողմերն առանձնապես չեն շտապում: Սակայն իրականում պետք է արձանագրենք, որ անկախ նրանից, թե կոալիցիայի կազմման գործընթացն ինչ պատճառներով է ձգձգվել, կողմերը երկուստեք ցանկանում են, որ այն օր առաջ կայանա:  Հակառակ դեպքում ինչ իմաստ ուներ ուրբաթ օրը արտահերթ նիստ հրավիրել, այն դեպքում, երբ ընդամենը երկու օրից` եկող երկուշաբթի, նախատեսված է խորհրդարանի հերթական քառօրյան:

Իշխանությունները կարող էին նախագծին հավանություն տալ եւ այն ուղարկել խորհրդարան` օրինագիծը ճանաչելով անհետաձգելի: Այդ դեպքում այն կքննարկվեր արտահերթ` 24 ժամյա ռեժիմով: Այս դեպքում կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը ուժի մեջ կարող էր մտնել լավագույն դեպքում եկող ուրբաթ: Երկուշաբթի-երեքշաբթի խորհրդարանը նախագիծը կընդուներ առաջին երկրորդ ընթերցումներով, չորեքշաբթի օրենքի նախագիծը կմակագրեր Սերժ Սարգսյանը, իսկ հինգշաբթի այն կտպագրվեր «Պաշտոնական տեղեկագրում», որից հետո հաջորդ օրվանից այն ուժի մեջ կմտներ:

Սերժ Սարգսյանը փոփոխված օրենքը կարող է ստորագրել հենց վաղը, ինչը ենթադրում է, որ այն կարող է եկող երկուշաբթի իսկ հրապարակվել «Պաշտոնական տեղեկագրում» եւ արդեն երեքշաբթի օրվանից այն կմտնի ուժի մեջ: Հետեւաբար հենց այդ օրն էլ արդեն հնարավոր կլինի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարներ նշանակել, ասել է, թե կոալիցիոն նշանակումներն արդեն կարող են կյանքի կոչվել: Այսինքն՝ օրենքի նախագիծն արտահերթ թե հերթական քառօրյա նիստով ընդունելու տարբերակների տարբերությունն այս դեպքում ընդամենը կազմում է երեք օր: Ստացվում է, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ նույնիսկ այդ երեք օրը չեն ցանկանում սպասել:

Եթե այդքան շտապում են, ապա հարց է ծագում՝ իսկ ինչու էր գործընթացն այսքան ձգձգվում: Բանն այն է, որ այս անգամ իշխանական ուժերը որոշել են կոալիցիայի ծավալուն փաստաթուղթ ստորագրել, որն իր մեջ կներառի ոչ միայն պաշտոնների եւ պատասխանատվության ոլորտների բաժանման սկզբունքները, այլ նաեւ հետագա` համատեղ իշխելու սկզբունքները: Նման փաստաթուղթ ունենալու առաջարկի հեղինակը եղել է հենց Դաշնակցությունը: Այսպիսով ՀՅԴ-ն փորձում է նվազեցնել կրկին անգամ դեյուրե իշխանություն դառնալու արդյունքում իրենց կուսակցության հեղինակությանը սպառնացող վտանգները: Այլ կերպ ասած՝ դաշնակները ցանկանում են իրենց ձեռքին ունենալ մի փաստաթուղթ, որը կճոճեն եւ կհայտարարեն, որ իրենք իշխանության մեջ են մտել Հայաստանը «փրկելու» համար: Իսկ բոլոր այն լուրերը, թե Դաշնակցությունն ընդամենը ցանկանում է իշխանական կերակրատաշտից օգտվել, սուտ են, բամբասանք են:

Իհարկե, մեկ-երկու տարի հետո Դաշնակցությունը հերթական անգամ կսկսի պարզաբանել, թե ինչպես իրեն չհաջողվեց իշխանությունը «ներսից» փոխել, բայց նման հեռանկարը դժվար թե նրանց մտահոգում է: Կարեւորն այն է, որ մինչ այդ կուսակցության ֆինանսական հնարավորությունները էապես բարելավված կլինեն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս