Տնտեսական բլեֆ կամ ստախոսության բոլոր բացահայտ նշանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային անվտանգության խորհրդի վերջին նիստում Սերժ Սարգսյանը Ադրբեջանի մոտալուտ ֆիասկոն գուժելուն զուգահեռ հայտարարեց Հայաստանում տնտեսության հետեւողական աճի մասին: Ընդ որում, իր ելույթում նա ընդգծեց, թե իրենց հաջողվել է  վերականգնել Հայաստանի տնտեսության նախաճգնաժամային վիճակը: Ասել է, թե Հայաստանի տնտեսությունը հասել է 2008թ. մակարդակին:
“Ճշմարտություն է նաեւ այն, որ Հայաստանի տնտեսական զարգացման միտումները խոստումնալից են: 2012 թվականին մեր երկրում տնտեսական աճը կազմեց 7.2 տոկոս: Տնտեսական ակտիվության նման բարձր մակարդակը պահպանվում է նաեւ 2013 թվականին: Եվ սա տեղի ունի գնաճի ոչ բարձր եւ կառավարելի մակարդակի պայմաններում: Այո՛, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2012-ին գերազանցել են հարեւան բոլոր երկրներին: Ի համեմատություն բնական պաշարներով հարուստ մի շարք երկրների, այդ թվում նաեւ մեր հարեւանների, Հայաստանում տնտեսական փոխակերպումը եւ տնտեսության դիվերսիֆիկացիան իրական պտուղներ են տալիս: Արդյունքում՝ Հայաստանը 2012թ. աշխարհի 188 երկրների մեջ ամենամեծ տնտեսական աճ ապահոված 23-րդ երկիրն էր”,- հայտարարել էր Սերժ Սարգսյանն ու ընդգծել,- “Սա թույլ տվեց ի վերջո վերականգնել նախաճգնաժամային վիճակը: Ընդ որում` տնտեսության բոլոր հիմնական ճյուղերի աճի հաշվին”:
Այլ կերպ ասած, այս հինգ տարիների ընթացքում Հայաստանը դարձել է երազանքների հրաշք երկիր, իսկական Նյու-Վասյուկի, որտեղ իշխանությունները քրտնաջան աշխատում են օրնիբուն, իսկ տնտեսությունն էլ աճում է սրընթաց արագությամբ՝ իր հետեւում թողնելով ոչ միայն տարածաշրջանի, այլեւ՝ աշխարհի շատ ու շատ երկրների: Ոգեւորիչ է հնչում, բայց…: Բայց փորձը ցույց է տվել, ոչ Սերժ Սարգսյանի հայտարարություններին պետք է վերապահումներով մոտենալ, քանի որ դրանք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: Նույնն է նաեւ այս դեպքում:
Ինչպես հայտնի է, տնտեսական աճի ցուցանիշը որոշվում է Համախառն ներքին արդյունքով՝ ՀՆԱ-ով: Հայաստանում նախաճգնաժամային տարում՝ 2008թ. ՀՆԱ-ն եղել է 35մլրդ 682մլն դրամ,  իսկ ճգնաժամի պայմաններում՝ 2009թ. այդ ցուցանիշը նվազել է՝ դառնալով 31մլրդ 417 մլն դրամ: 2010թ. ՀՆԱ-ն կազմել է 34մլրդ 620 մլն, 2011թ.՝ 37 մլրդ 764 մլն, իսկ արդեն 2012թ.՝ 39 մլրդ 976մլն դրամ: Ասել է, թե 2010թ. սկսած Հայաստանում ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՆԱ-ն հետեւողականորեն աճել է: Այս տարի ծրագրված է, որ ՀՆԱ-ն դառնա 42մլրդ 454մլն դրամ:
Դրամով հաշվելու դեպքում, այո, ՀՆԱ-ն գնալով աճել է: Սակայն այստեղ կա մի նրբություն. միջազգային պրակտիկայում ՀՆԱ-ն սովորաբար հաշվում են ոչ թե տվյալ երկրի արժույթով, այլ՝ դոլարով: Առավել եւս, երբ քո երկրի ՀՆԱ-ն համեմատում ես այլ երկրների հետ: Իսկ Հայաստանի ՀՆԱ-ն դոլարով հաշվելու դեպքում բոլորովին այլ պատկեր է ստեղծվում: Ինչպես հայտնի է՝ 2009թ. մարտին Հայաստանում դոլարի փոխարժեքը միանգամից բարձրացավ. ԱՄՆ 1 դոլարը 306 դրամի փոխարեն սկսեց վաճառվել միջինը 360-365 դրամով: 
Եվ հիմա, երբ Հայաստանի ՀՆԱ-ն հաշվում ես դրամ-դոլար հարաբերակցությամբ, ապա ստեղծվում է հետեւյալ պատկերը: Նախաճգնաժամային տարում՝ 2008թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 11մլդր 662 մլն դոլար, իսկ ճգնաժամի ժամանակ` 2009թ. այդ թիվը կտրուկ նվազել է՝ դառնալով  8մլրդ  648 մլն դոլար: 2010թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 9մլրդ 372 մլն, 2011թ.՝ 10 մլրդ  137 մլն դոլար: 2012թ. Հայաստանի ՀՆԱ-ն նվազել է՝ դառնալով 9մլրդ 949 մլն դոլար, իսկ 2013թ. նախատեսված է, որ ՀՆԱ-ն դառնա 10մլրդ 455մլն դոլար:
Ասել է, թե առ այսօր Հայաստանը չի հասել իր նախաճգնաժամային վիճակին. ՀՀ ՀՆԱ-ն 2012թ. չի դարձել 11մլրդ 662մլն դոլար, ոչ էլ դա տեղի կունենա այս տարվա ընթացքում: Այնպես որ, Հայաստանի տնտեսության՝ նախաճգնաժամային վիճակին հասնելու մասին Սերժ Սարգսյանի այս հայտարարությունները պարզապես բլեֆ են:
Ուշագրավ մեկ փաստ. ակնհայտ էր, որ ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ներածական խոսքն հիմնականում ուղղված էր արտաքին լսարանին, այսինքն՝ միջազգային հանրությանն ու Ադրբեջանին: Եվ հիմա փաստորեն, բավական տհաճ իրավիճակ է ստեղծվում, երբ պարզվում է, որ Սերժ Սարգսյանի հայտարարոթւյուններն իրականության հետ կապ չունեն: Համենայն դեպս, միջազգային ասպարեզում քիչ չեն լուրջ տնտեսագետները եւ պարզապես՝ խելոք մարդիկ, որոնք հասկանում են այս ողջ նրբությունները:
Հ.Գ. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքն այս հինգ տարիների ընթացքում սրընթաց աճել են, եւ գերազանցել դեռ 2008թ. նրանց հայտարարագրած ունեցվածքի չափերը: Այստեղ, իրոք, ռեժիմը ոչ միայն հասել, այլեւ գերազանցել է նախաճգնաժամային վիճակը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթ 18.06.2013




Լրահոս