Լևոն Մկրտչյանը բոլոր ժամանակներում ջրի երեսին մնալու ֆենոմենալ հատկություն ունի. որն է նրա գաղտնիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնի հավակնորդ Լեւոն Մկրտչյանը բոլոր ժամանակներում ջրի երեսին մնալու ֆենոմենալ հատկություն ունի: Իշխանական վերնախավում շատերը կան, որոնք երեք-չորս կամ ավելի անգամ նախարարական պաշտոններ են զբաղեցրել, բայց Լեւոն Մկրտչյանից բացի՝ հնարավոր չէ գտնել մեկ ուրիշի, ով կարողացել է ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում չորս անգամ միեւնույն նախարարական պորտֆելը զբաղեցնել:

Լեւոն Հովհաննեսի Մկրտչյանը մասնագիտությամբ պատմաբան է: Թերեւս, հենց այս հանգամանքով է պայմանավորված նրա՝ դաշնակցական լինելը: Բանն այն է, որ դաշնակցական հայացքներով ոգեւորվելը պատմության ֆակուլտետի ուսանողների շրջանում տարածված երեւույթ է: Պատմաբանների մեծ մասը, սակայն, տարիք առնելով եւ հասունանալով՝ դաշնակցական հովերից ազատվում է: Լեւոն Մկրտչյանի դեպքում, սակայն, դաշնակցական հայացքները ոչ այնքան գաղափարական արժեհամակարգի, որքան չոր հաշվարկի դրսեւորում են: Մկրտչյանների խաղաքարտերից մեկը երկու եղբայրների` Լեւոն եւ Վահագն Մկրտչյանների «ճիշտ» ընտրությունն է: Ավագ եղբայրը դաշնակցական է, իսկ կրտսերը` Վահագն Մկրտչյանը` հանրապետական:

Դերակատարության այս բաժանումը գործում է դեռ 1998-ից, երբ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իրականացրած փետրվարյան հեղաշրջումից հետո Լեւոն Մկրտչյանն առաջին անգամ նշանակվեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար: Նա պաշտոնավարեց մինչեւ 1999 թվականի մայիսի 30-ի ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփումը: Այն բանից հետո, երբ այդ ընտրություններում հաղթած «Միասնություն» դաշինքը Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ իշխանության եկավ, Լեւոն Մկրտչյանը դաշնակցական մյուս նախարարների պես կորցրեց պորտֆելը: Սակայն, ի տարբերություն մյուսների, Լեւոն Մկրտչյանին 1999-ին վստահվեց վարչապետի խորհրդականի պաշտոնը: 1999-ի Հոկտեմբերի 27-ի սպանդի միջոցով Հայաստանում իրականացված երկրորդ հեղաշրջման ավարտից հետո դաշնակցությունը կրկին աստիճանաբար վերադարձավ իշխանության: 2000-ին Լեւոն Մկրտչյանը նշանակվեց ԿԳ փոխնախարար, իսկ մի քանի ամիս անց նա դարձավ ՀՀ ԿԳ նախարար:

Այդ պաշտոնում նա պաշտոնավարեց մինչեւ 2003 թվականի մայիսի 25-ի ԱԺ ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումը: Դրանից հետո Մկրտչյանը տեղափոխվեց խորհրդարան եւ ստանձնեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարի պաշտոնը: 2006-ին` մեկ տարի անց կայանալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ, Լեւոն Մկրտչյանը կրկին նշանակվեց ՀՀ ԿԳ նախարար եւ այդ պաշտոնում մնաց մինչեւ 2008-ի հունիսը: ԿԳ նախարարի պաշտոնից նա կրկին ազատվեց ՀՅԴ բյուրոյի անդամ ընտրվելու պաշտոնական պատճառաբանությամբ:

Իշխանական բուրգում տարիներ շարունակ տեղ ունենալու գործում Լեւոն Մկրտչյանին օգնել է մի քանի հանգամանք: Ըստ կուսակցական շրջանակներում տարածված խոսակցությունների՝ Մկրտչյանն իշխանական համակարգի համար մշտապես ցանկալի պաշտոնյա է եղել նախեւառաջ ժամանակին եւ ազնվորեն մուծվելու անփոխարինելի հատկության շնորհիվ: Ինչպես արդեն նշվեց, նա մշտապես նախարար է նշանակվել դաշնակցության քվոտայով եւ դրա դիմաց իր հայրենի կուսակցությանը շռայլորեն վարձահատույց է եղել: Միեւնույն ժամանակ, տվյալ պահին իշխանության բուրգի գլխավերեւում կանգնածին եւս չի ընդդիմացել:

Ամենեւին էլ պատահական չէր, որ 2003 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուի պաշտոնը վստահվել էր Լեւոն Մկրչտչյանի եղբորը` ՀՀԿ անդամ Վահագն Մկրտչյանին: Իհարկե, չար լեզուներն ասում են, որ նրա գործունեությունից Քոչարյանը շատ դժգոհ է մնացել եւ առավելապես հենց նրան է մեղադրել այն բանում, որ իշխանություններին չհաջողվեց ցանկալի արդյունքին հասնել հենց առաջին փուլում: 2003-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն իշխանությունների համար ենթադրում էր տասնյակ միլիոնավոր դոլարների լրացուցիչ ծախսեր եւ հարյուրավոր մարդկանց նկատմամբ ռեպրեսիաներ, որոնց հետեւանքները մեղմելու համար անհրաժեշտ էր լինելու նաեւ միջազգային կառույցների «բերանը փակել», ինչը եւս ծախսատար գործ է:

Այդուամենայնիվ, կարելի է արձանագրել, որ Մկրտչյան եղբայրներն իրենց «հնարավորություններն» առավել քան արդյունավետ են օգտագործել: Լեւոն Մկրտչյանը դեռեւս ՀՀ ԿԳ նախարար էր, երբ Լենինգրադյան փողոցում բացվեց նրանց ընտանիքին պատկանող «ՎԱԼԵՄ ՊԼԱԶԱ» համալիրը, որը կառուցված է ֆրանսիական «Մուլեն ռուժ» կաբարեի նմանությամբ: Բնականաբար, տերերը հենց այնպես չէին իրենց օբյեկտը հատուկ այդ տեսքով կառուցել: Այն այցելուին հուշում է, թե տվյալ ռեստորանա-հյուրանոցային համալիրում ինքն ինչ «ծառայություններ» կարող է ակնկալել: Բացի այդ, անցած տարիներին պարբերաբար լուրեր են շրջանառվել այն մասին, որ Մկրտչյան եղբայրները մասնաբաժին ունեն նաեւ լոտոների, գինիների արտադրության, տրավերտինի մշակման բիզնեսներում: Մի խոսքով՝ Մկրտչյանները միշտ պատրաստ են «մուծվել» եւ իրենց «գործը» պատշաճ կատարել, որպեսզի ո՛չ իրենց պաշտոն առաջարկողը եւ ո՛չ էլ նշանակողը դժգոհ չմնան:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս