Ծննդկանի գործով ազդեցիկ դատախազն ու քննիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի շուրջ աղմկալի իրադարձությունները դեռեւս շարունակվում են: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով, բացի Շուշանիկ Բախշյանից, առաջիկայում այլ անձանց եւս մեղադրանք կառաջադրվի:

7 ամսվա քրոնիկան

Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 29-ին ծննդկան Մերի Մարգարյանը հղիության 35-րդ շաբաթում մահացել էր: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել էր բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող «Շենավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել էր ու չէր կատարել իր պարտականությունները, ինչի հետեւանքով Մերի Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է: ՀՀ քննչական կոմիտեն փաստի առթիվ հարուցեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը):

Նշենք, որ դեպքից հետո հարուցված քրեական գործը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց: Մշտապես «ջրից չոր դուրս եկող» բժշկուհին դեպքից 7 ամիս անց ձերբակալվեց, սակայն ավելի ուշ նրան գրավի դիմաց ազատ արձակեցին: Քննիչները Շուշանիկ Բախշյանին մեղարանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Եվ, ահա, բժշկուհու նկատմամբ այս որոշումը հասարակական արհեստական ընդվզում առաջացրեց, սկսեցին իրավապահներին մեղադրել ապօրինի գործողությունների մեջ:
Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը նախ հայտարարեց, որ բժշկուհու ձերբակալությունն ապօրինի է եղել: Ապա ասաց, թե քննիչը փախել է դատարանից՝ չտալով իր պաշտպանյալի ազատ արձակման թուղթը. «Ներողություն եմ խնդրում, եթե անձինք վիրավորվել են, բայց ճար չունեինք: Այն աստիճանի ճար չունեինք, որ ժամը 4-ին դատարանն ազատ արձակման որոշում է կայացնում, դատարանի շենքից չենք կարողանում դուրս գալ: Բա ի՞նչ պիտի անեմ»:

Սա էլ դեռ քիչ է, փետրվարի 8-ին Սիրունյանը հրապարակեց, թե երկու հարյուրից ավել հիվանդներ ու հղի կանայք պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը բժշկուհի Շուշանիկ Բախշյանի նկատմամբ: 250 հղիներ ու հիվանդներ այս պահանջով դիմում էին ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ քննչական կոմիտե:
Այսպիսով, Շուշանիկ Բախշյանի «թիմակիցները» հնարավոր բոլոր ճանապարհները օգտագործում են՝ բժշկուհուն փրկելու համար` նախաքննություն իրականացնող մարմիններին մեղադրելով կողմնակալության, ապօրինի որոշումներ կայացնելու մեջ եւ այսպես շարունակ, իսկ թե որքանով այս ճնշումները կազդեն նախաքննության վրա, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, չպետք է մոռանալ, որ մյուս կողմում բժիշկների անփութության հետեւանքով մահացածը երիտասարդ կին է:

Ովքե՞ր են քննիչն ու դատախազը

Արդյո՞ք ծննդկան Մերի Մարգարյանի գործով քննիչն ու գործը հսկող դատախազը կարող էին ինչ-ինչ վախերով կամ ճնշումներով պայմանավորված գործողություններ անել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ծննդկան Մերի Մարգարյանի գործը քննող քննիչը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդին է՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ Հարություն Բաղմանյանը: Ու դժվար է պատկերացնել, թե ինչքան կաշառք պետք է տային նրան ծննդկանի հարազատները, որպեսզի քննիչը ապօրինություն աներ ընդդեմ բժշկուհու:

Իսկ ինչ վերաբերում է գործը հսկող դատախազին, ապա նա եւս բավականին ապահովված ընտանիքից է: Նա Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի որդին է` Ալիկ Աբրահամյանը: Ամենայն հավանականությամբ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը այնպիսի կուշտ մարդկանց են հանձնել գործի վարույթը, որ գոնե կաշառակերության մասով հետագայում խնդիրների առաջ չկանգնեն:

Կաշկանդված չեն

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով քննիչ Հարություն Բաղմանյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյո՞ք հասարակության այս ճնշումը կաշկանդում է նրանց՝ այլ գործողություններ իրականացնելու համար. «Կարող եմ ասել, որ օբյեկտիվ քննություն է իրականացվում, հասարակությունը քննությանը չի ճնշում, կաշկանդող հանգամանք չկա»:
Անդրադառնալով այն հարցին, որ օրերս մոտ 250 հղիներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ քննչական կոմիտե՝ Շուշանիկ Բախշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով, արդյո՞ք կարող են ինչ-որ բանի հասնել, Հարություն Բաղմանյանը նշեց. «Ձեր այդ հարցը նախաքննությանը չի վերաբերում, չեմ կարող պատասխանել, միայն կարող եմ ասել՝ ես իմ աշխատանքը օբյեկտիվ կատարում եմ»:

Գործը հսկող դատախազ Ալիկ Աբրահամյանը եւս վստահեցրեց, որ չի կարող հասարակության ճնշումը կաշկանդել իրենց. «Մենք աշխատում ենք զերծ մնալ բոլոր տեսակի ճնշումներից ու գործին վերաբերում ենք օբյեկտիվ եւ անաչառ»:
Մեր այն դիտարկմանը, թե 250 հղիներ պահանջում են դարարեցնել բժշկուհու նկատմամբ հետապնդումը, Ալիկ Աբրահամյանը վստահեցրեց. «Դուք նախաքննության տվալներ եք շոշափում: Միայն կարող եմ ասել, որ ոչ մի ձեւի ճնշում հաստատ չի կարող լինել ո՛չ նախաքննության վրա եւ ո՛չ էլ մեր՝ որպես դատավարական ղեկավարումն իրականացնող մարմնի վրա»: Մեզ մնում է սպասել զարգացումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս