«Ժողովուրդ»-ը 2015 թվականի նոյեմբերին գրել էր, որ Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ: Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետի մերձավոր շրջապատն իրենից ցանկանում է խլել Վանաձորի թիվ 1 երթուղին: Եվ, ահա, դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից մի քանի օր անց Սամվել Դարբինյանի բարեկամի դիմումի հիման վրա Լոռու մարզի դատախազությունը որոշում կայացրեց հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Հարուցված քրեական գործից անցել է 2 ամիս, եւ «Ժողովուրդ»-ը քաղաքապետից փորձեց հետաքրքրվել, թե ինչ փուլում է գտնվում իր բարեկամի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը:
-Պարո՛ն Դարբինյան, Ձեզ հարցաքննե՞լ են:
– Ո՛չ:
-Ձեր բարեկամը իրավապահներին կոնկրետ Ձեր անունն էր տվել, Ձեզ չի՞ հետաքրքրում, թե Ձեր դեմ ինչ փաստեր են ներկայացվել իրավապահներին:
-Դա ի՞նչ կապ ունի ինձ հետ: Կարող է՝ քաղաքապետարանի վրա հարուցված լինի: Ինձ ինչի՞ պիտի հարցաքննեն, դրա համար բաժիններ կան, բաժնի աշխատողներ կան, բաժնի պետեր, իրենք պետք է հարցաքննվեն:
-Ստացվում է, որ Դուք մեղքը բարդում եք Ձեր աշխատակիցների վրա, մինչդեռ Ձեր բարեկամը իրավապահներին առաջինը հենց Ձեր անունն է տվել:
-Բա քաղաքապետը ես եմ, իմ անուն էլ կարող է՝ տվել է, բայց դա չի նշանակում, որ քաղաքապետի վրա քրեական գործ կա հարուցված: Նրա բողոքները հետաքննության փուլում են:
-Ձեր աշխատակիցներն առանց Ձեր իմացության կարո՞ղ են որոշակի գործողություններ իրականացնել:
-Ես այդ ժամանակահատվածում եղել եմ արձակուրդում, եւ ինձ վրա ոչինչ չկա:
-Իսկ եթե հակառակը լինի՞:
-Շատ մարդ շատ բան կարող է ասել, այդ ընթացքում արձակուրդում եմ եղել, նա բանսարկություն է անում: Իր նշած բոլոր գործողությունների ժամանակ քաղաքապետը արձակուրդում է եղել, քաղաքապետին ոնց կարող են մեղադրանք առաջադրել: Նա ինձ բարեկամ էլ չի:
Քնար Մանուկյան