Նույնիսկ ինժեներին 100 դուբլ նկարես` մեկը հաջող կստացվի. Տաթև Ղազարյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նրանք, ովքեր դիտել են Համազգային թատրոնի ներկայացումները, կհիշեն դերասանուհի Տաթեւ Ղազարյանին, ում ձայնը հնչում է նաեւ շատերիս բնակարաններում. ֆիլմերի եւ մուլտֆիլմերի կրկնօրինակման ժամանակ դերասանուհին մարմնավորում է մեզ ծանոթ ամենատարբեր հերոսների: «Շխոնց Միհրան», «44 աստիճանի վրա», «Անտիգոնե», «Շան աղջիկ», «Ախ կանայք, կանայք», «Բլեզ»… Նրա մասնակցությամբ ներկայացումների ցանկը կարելի է դեռ երկար շարունակել: «Ժողովուրդ»-ը դերասանուհու հետ զրուցել է կյանքի ռիթմի ու թատրոնի գործելաոճի համապատասխանության, թատրոնում ռեժիսորի, դրամատուրգի, նոր գաղափարի պակասի եւ այլ թեմաների շուրջ:

-Տաթե՛ւ, մի առիթով նշել եք, որ թատրոնը Ձեզ համար առաջին հերթին դերասանն է: Ըստ Ձեզ՝ դերասանի ֆունկցիան ժամանակի ընթացքում փոփոխվո՞ւմ է, թե՞ այն, ասենք, մեկ դար առաջ էլ էր նույնը, այսօր էլ:

12734232_1060145077375725_4518798166896843116_n

-Էլի այդ կարծիքին եմ, իհարկե, լինում են զուտ ռեժիսորական բեմադրություններ, բայց փորձը ցույց է տվել, որ ռեժիսորական տրյուկներով արած ոչ մի բեմադրություն երկար կյանք չի ունենում, եթե չկա ու չի աշխատում դերասանի միտքն ու հոգին, այլ առկա է միայն կատարողական արվեստ: Գուցե երկնքից կախված մարդիկ հայտնվեն կամ այդ մարդիկ «հող դառնան» բեմի վրա (հատկապես, որ տեխնիկան այսօր տալիս է այդ հնարավորությունները), բայց դրանով զարմանալուց հետո հանդիսատեսը մտածում է. «Սպասի՛ր, բայց ինչի՞ մասին էր ներկայացումը»: Իհարկե, այդ տրյուկներն էլ են հանդիսատեսին գրավելու ձեւեր, բայց կենդանի շփումն է, որ արդարացնում է թատրոնի գոյությունը: Ինչ վերաբերում է դերասանի ֆունկցիային, ապա ասեմ, որ նույնիսկ մեկ տարի առաջ խաղացած ներկայացումն այսօր արդեն խաղում եմ շատ տարբեր կերպով. ժամանակն է թելադրում: Ընդամենը երեք տարի առաջ սովորական էր, որ հանդիսատեսը նայում էր երեք գործողությամբ ներկայացում, այսօր արդեն մարդիկ նույն ներկայացումը դիտելիս ասում են՝ որ մի քիչ կարճ լիներ, լավ կլիներ: Չես մեղադրի. դա ո՛չ ներկայացման որակի մասին է խոսում, ո՛չ դերասանի խաղի: Պարզապես մարդուն պետք է կարճ ժամանակում մաքսիմալ էֆեկտ տալ:

-Հայ թատրոնի պատմության մեջ շատ չեն դերասանուհիները, որոնք կերտել են տղամարդկանց կամ տղաների կերպարներ: Կարող ենք հիշել, օրինակ, Սիրանույշին, Վարդուհի Վարդերեսյանին: Ձեզ եւս, «Փրկության կղզի» ներկայացման մեջ տեսնում ենք տղայի դերում, եւ դա միակ դեպքը չէ: Փաստորեն, հաղթահարե՞լ եք շատ դերասանուհիներին բնորոշ այն բարդույթը, ըստ որի՝ իրենք բեմից անպայման պետք է փայլեն որպես գեղեցկուհիներ: Դուք չեք վախենում երբեմն նաեւ տգեղ երեւալուց (թեեւ տգեղը հարաբերական հասկացություն է):

12734277_1060145080709058_6270374972635602060_n

-Այո՛, կինը սիրում է գեղեցիկ երեւալ, բայց եթե կյանքում կարելի է կամակորություններ անել, ապա բեմում մենք մենք չենք, չէ՞: Ես այդ խնդիրը հաղթահարել եմ վայրկենապես, ինձ համար ամենակարեւորն այն է, որ բեմում լինեմ տարբեր: Եթե դերասանի մի կերպարը կրկնում է մյուսին, դա արդեն իսկ ձախողում է:

-Ըստ Ձեզ՝ թատրոնն այսօր ամենաշատը ինչի՞ կարիք ունի, եթե խոսելու լինենք մասնագիտականի մասին:

-Ռեժիսորի, այսինքն` նոր մտքի, որը կկարողանա իր շուրջը համախմբել, օրինակ, 10 հոգու: Պատկերացրեք` այդ միտքը որքան համոզիչ պետք է լինի: Դրա պակասն ունենք ոչ միայն մեր թատրոնում, այլեւ, առհասարակ, Հայաստանում:

-Իսկ դրամատուրգների պակասի մասին ի՞նչ կասեք: Առհասարակ, նման խնդիր տեսնո՞ւմ եք:

-Միանշանակ, այսօր ժամանակակից դրամատուրգիան բավական կաղում է, ընդ որում` ոչ միայն հայկականը, այլեւ համաշխարհայինը: Օրեցօր սնկի պես աճում են այն կայքերը, որտեղ կարող ես գտնել նոր պիեսներ, սակայն 10 էջ կարդալուց հետո հասկանում ես, որ մեկը մյուսից կարծես արտագրված լինեն: Չնեղացնելով որեւէ մեկին` հարցնում եմ` եթե ունենք լավ դրամատուրգներ, ապա ո՞ւր են նրանք: Եթե լավ գործ ստեղծվի, հնարավոր չի, որ այն անտեսվի:

-Որքանով նկատել ենք, կինոյի կողքով, այսպես ասած, անցել եք, բայց «նրան» դեռ չեք հանդիպել: Կինոաշխարհում լուրջ քայլեր անելու մտադրություն ունե՞ք: Մի քանի տարի առաջ նշել եք, որ պատրաստ չեք դրան, իսկ հիմա՞:

12705461_1060145074042392_1229409230058383046_n

-Չեմ համարում, թե կինոաշխարհում իմ կարիերան սկսվել է, քանի որ դեռեւս երկրորդական դերեր եմ կերտել գեղարվեստական ֆիլմերում: Հիմա մեծ ցանկություն ունեմ լուրջ քայլով մուտք գործել կինոաշխարհ: Ամեն դեպքում, այն կարծիքին եմ, որ կինոն չափազանց «տեխնիկական» արվեստ է, նույնիսկ ինժեներին 100 դուբլ նկարես, մեկը հաջող կստացվի: Կինոն առանձնապես մեծ դերասանական դպրոց չեմ համարում, թատրոնում շատ ավելի դժվար է «ցուցադրվել»: Բայց ինձ հետաքրքիր է այդ ասպարեզը. չգիտեմ` կինոն որքանով «կսիրի» ինձ:

-Դուք չեք ցանկանում սերիալներում հանդես գալ, բայց հետաքրքիր է, որ Ձեր մայրիկը` Հայաստանի վաստակավոր արտիստ Արեւիկ Սանթրոսյանը, բազմիցս նկարահանվել է սերիալներում…

-Ես հիմա էլ կողմնակից չեմ սերիալներին, մի փոքր հատված նկարահանվել եմ սերիալում եւ հասկացել եմ, որ դա իմը չէ: Ես չեմ փնովում սերիալ հասկացությունը, դրա իրավունքը չունեմ, պարզապես ասում եմ, որ այն տալիս է ճանաչում, փառք, եւ միայն այդքանը: Ընդհանրապես, հեռուստատեսությունը դերասանին հիմնականում, այսպես ասած, վիզուալ ճանաչում է բերում: Առաջին կուրսում ես հայտնվեցի հեռուստատեսությունում, վարում էի մանկական հաղորդում, ունեի մեծ հաջողություն, հաղորդումն էլ ուներ բարձր վարկանիշ: Դրա ավարտից ընդամենը մեկ ամիս անց այդ հաջողությունը մարեց, իսկ թատրոնում 9 տարի առաջ խաղացածդ դերը մարդիկ հիշում են, ասում են, որ երբեք չեն մոռանա այսինչ կամ այնինչ տեսարանը…

-Թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում ներգրավված եք: Բեմը չի՞ խլում անձնական կյանքի բաժին ժամանակը: Ի՞նչ եք կարծում՝ հետագայում դժվար չի լինի ընտանիք պահելն ու միաժամանակ բեմում լինելը:

-Ես համոզված եմ, որ հնարավոր է դրանք համատեղել: Այդ տեսանկյունից ուշ ընտանիք կազմելը ճիշտ է, որպեսզի ավելի ամուր կանգնես հողին:

-Արվեստագետ կողակից ունենալուց, կարծես, խուսափում եք:

-Այո՛, չեմ ասում, թե արվեստագետ տղամարդիկ վատն են, ամենեւին. ես ունեմ հրաշալի արվեստագետ ընկերներ, որոնք օրինակելի ընտանիքներ են կազմել: Պարզապես ես չափազանց էմոցիոնալ եմ, ստեղծագործ ոգի ունեմ, եթե ինձ նման մեկը կողքիս լինի, սառը ուղեղով ընտանիք կազմելը դժվար կլինի:

-Գիտենք, որ ճակատագրապաշտ եք, անձնական կյանքը դասավորելու բարդ խնդիրն է՞լ եք թողել ճակատագրին, այդպես երբեմն հեշտ է լինում ապրելը…

-Ես հավատում եմ ճակատագրին, այսպես ասած` ում ինչ, երբ տրված է, այն էլ կլինի…

Աննա Բաբաջանյան




Լրահոս