«ԶԱՎՏՐԱ, Ա ՄՈԺԵՏ ՊՈՍԼԵԶԱՎՏՐԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեսկզբից մեկնարկած բանակցությունները ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շուրջ այդպես էլ չեն ավարտվում. ՀՀԿ ԳՄ նիստից նիստ այս հարցի քննարկումն ու վերջնական որոշման ձգձգումը պետական ապարատում անորոշ եւ սպասողական իրավիճակ է ստեղծել: Իսկ ՀՅԴ-ին տրվելիք գերատեսչությունների աշխատակիցները շունչները պահած սպասում են իրենց ղեկավարության փոփոխությանը, որից էլ կախված է լինելու նաեւ շատ շարքային աշխատակիցների ապագան:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մի շարք պետական կառույցներում հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք՝ տեղակալներ, խորհրդականներ, օգնականեր, արդեն իսկ ազատման դիմումներ են ներկայացրել: Ձգձգվող այս բանակցությունների արդյունքում պետական ապարատի զգալի մասը, կարելի է ասել, հայտնվել է «հարկադիր պարապուրդի» մեջ:
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձեւավորման ձգձգման եւ դրա արդյունքում ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» -ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:
-Պարո՛ն Բաղդասարյան, չնայած արդեն տեւական ժամանակ թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ՀՅԴ-ի ներկայացուցիչների կողմից արվող հայտարարություններին, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան այդպես էլ չի կայանում: Ո՞րն է պատճառը, չեք կարծում, որ ստեղծված անորոշ վիճակը բացասաբար է անդրադառնում պետական ապարատի գործունեության վրա:
-Ինչն է անորոշ, ամեն ինչ որոշակի է, զարմանում եմ, որ շատերը կարծում են, որ կոալիցիան 1 օրում պետք է ձեւավորվի: Ուրիշ բան, որ որոշ մարդկանց, հատկապես լրագրողների համար ամենակարեւորը դա նախարարների պորտֆելներն են: Բայց ասեմ, որ մեր բանակցությունների մեջ դա ամենավերջին եւ երկրորդական խնդիրն է:
Նախագահն իր ելույթի ժամանակ շատ մանրակրկիտ ներկայացրեց մեր ապագա անելիքների մասին, եւ եթե մանրացնենք, կտեսնենք, որ ընգծված էին հենց այդ համագործակցության բոլոր էլեմենտները: Այսինքն՝ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք որ կունենան նման համագործակցության երաշխիքներ, մենք այդ ուժերի հետ պատրաստ ենք համագործակցել:
Հիմա մնացել են այդ բանակցային փուլի տեխնիկական խնդիրները, որոնք շատ շուտով կլուծվեն, եւ շատ մոտ ժամանակներս բոլոր խնդիրների պատասխանները կունենանք: Այնպես որ, ոչ մի ձգձգում չկա, սա շատ նորմալ, բնականոն գործընթաց է:
-Ի վերջո, ե՞րբ պատրաստ կլինի կոալիցիոն հուշագիրը. արդեն մեկ ամիս է՝ ՀՀԿ-ից ասվում է` հաջորդ շաբաթ… նաեւ փետրվարի 12-ին ասվեց:
-Ուրբաթ օրը դա գլոբալ հստակեցում էր, որ նախագահն իր մոտեցումներն ապագայի հետ կապված բարձրաձայնեց, իսկ մնացած բոլոր հարցերը դրանք մասնավոր դեպքեր են, իսկ մասնավոր դեպքերի համար նաեւ պետք են ընդհանուր հստակեցումներ:
-Այսինքն՝ դեռ այդ մասնավոր դեպքերը հստակեցվա՞ծ չեն:
-Փաստաթուղթը համարյա թե վերջնական է, իսկ այդ մասնավոր դեպքերը շուտով կհստակեցվեն:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան
-Պարո՛ն Մինասյան, ի վերջո, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցոն հուշագիրը ե՞րբ պատրաստ կլինի, արդեն բավական երկար ժամանակ է` բանակցություններ են ընթանում:
-Այս շաբաթվա ընթացքում վերջնական փաստաթուղթը պատրաստ կլինի, անգամ կարծում եմ՝ հենց այս մի քանի օրվա մեջ:
-Իսկ կոալիցիայի շրջանակներում ՀՅԴ-ին տրվող պաշտոնների մասին ի՞նչ կարող եք ասել:
-Նոր բանակցություններ չկան, ավելի հստակեցված ամեն ինչ կիմանաք այս մի քանի օրվա ընթացքում: Կարծում եմ` պետք է մի քիչ համբերել, մնացած բոլոր մանրամասները, կրկնում եմ, այս մոտակա օրերին կհրապարակվեն պաշտոնապես եւ բոլոր հարցերի պատասխանները կստանանք:
-Ըստ տարածված լուրերի՝ ՀՅԴ-ին են տրվելու էկոնոմիկայի, կրթության եւ գիտության, տարածքային կառավարման նախարարությունները, ինչպես նաեւ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզպետների եւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնները. վերջնական բանակցությունների արդյունքում հենց այս պաշտոնների շո՞ւրջ է համաձայնությունը կայացել:
-Մի քանի օր սպասեք, ամեն ինչ կպաշտոնականացվի եւ վերջնական կհստակեցվի. կհրապարակվեն թե՛ պատասխանատվության ոլորտները, թե՛ պատասխանատուների անունները:
-Տեղեկություններ կան, որ ՀՅԴ-ում ներկուսակցական տարաձայնություններ կան, եւ ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմելու որոշումը միանշանակ չի ընդունվել ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի դաշնակցականների կողմից:
-Ո՛չ, չկա նման բան, դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, այդ տեղեկությունները ակնհայտ հերյուրանքներ են, ստախոսություն եւ անհաջող փորձեր, որոնք ուղղված են մի նպատակի՝ դաշնակցության վերաբերյալ բացասական կարծիք ձեւավորելու հանրության շրջանում:

 

 

 

 
ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՉՓՈԽԵՑԻՆ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը փոխելու եւ նրան գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը: Ի նշան բողոքի մի խումբ քաղաքացիներ ձվեր նետեցին դատարանի շենքի վրա, այնուհետեւ երթով շարժվեցին դեպի ԵԽԽՎ պատվիրակության գրասենյակ:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը ԵԽԽՎ պատվիրակության գրասենյակին ներկայացրեց Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու վերաբերյալ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության եւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ու դրան մաս կազմող Հայաստանում գործող քաղաքացիական կազմակերպության ինստիտուտի նամակները՝ հայտնելով, որ նշյալ կազմակերպությունները հիմնավոր կերպով պահանջում են ազատ արձակել Սաֆարյանին: Ավետիսյանը նշեց, որ շարունակելու են իրենց պահանջով հանդես գալ մինչեւ սպասված արդյունքին հասնելը:
Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեեւ չի հասցրել ծանոթանալ դատարանի կողմից ներկայացված փաստարկներին, որոնք 3 էջ են կազմում, այնուամենայնիվ, վստահ է, որ դրանք անհասկանալի են: «Դատարանը նման որոշման հիմքում դրել է այն, որ Գեւորգ Սաֆարյանի գործունեությունը կարող է ազդել գործի քննության վրա, բացի այդ՝ մտավախություններ կան, որ Գեւորգ Սաֆարյանը կարող է դատարան չներկայանալ»-ներկայացրեց փաստաբանը` արձանագրելով՝ Սաֆարյանին գրավով ազատ չարձակելու որոշումը եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Սաֆարյանը կալանավորվել է իր քաղաքական հայացքների համար:
Հայրապետյանի խոսքով հնարավոր է, որ Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգվի, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 16-ին, ժամը 13:00-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն Ազատության հրապարակից դեպի Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակ բողոքի երթ են իրականացնելու: Ակցիայի մասնակիցները վճռական են տրամադրված եւ պայքարելու են այնքան, մինչեւ երիտասարդ ակտիվիստը կրկին ազատության մեջ լինի:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել, ինչի հետեւանքով երեք անձ ձերբակալվել էր, այդ թվում եւ Գեւորգ Սաֆարյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՑՈՒՑՄՈՒՆՔՆ Է ՊԱՏՃԱՌԸ
Երեկ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին տեղափոխել էին Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Դիագնոստիկա» բժշկական կենտրոն: Հիշեցնենք, որ Վ. Շիրխանյանին կալանավորել են «հանցավոր» խմբի գործով: Շիրխանյանի փաստաբանները բողոքարկել էին նրա կալանավորման որոշումը՝ առաջարկելով նախկին նախարարին գրավի դիմաց ազատ արձակել: Սակայն նախօրեին ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների դիմումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մեղադրանքների հիմքում դրված են այս գործով հիմնական դերակատարներ Արթուր Վարդանյանի եւ հայր Անտոնիո ծայրագույն վարդապետ Թոթոնջյանի ցուցմունքները: Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Վ. Շիրխանյանի կինը՝ Բուրաստան Շիրխանյանը, վաղ առավոտյան վրաերթի է ենթարկվել: Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր: Ուշագրավ զարգացումներ են:

 

ԹԻՄԻՆ ԲԱՑԱՏՐԵՑ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ անցած ուրբաթ հնչեցրած ելույթին, դրանում առկա խոստումներին, ասաց, որ լուրջ չի վերաբերվում. «Բազմաթիվ ելույթներ են եղել, բայց իրականությունը ոչնչով չի փոխվել, դրանք ընդամենը հրաշալի տեքստեր են, որ մենք լսել ենք տարբեր միջոցառումների ժամանակ: Դրանք հասարակությանը ոչինչ չեն տալիս, որեւէ ուղերձ չունեն: Իմ կարծիքով՝ այդ ելույթը ուղղված էր մեր իշխանական հատվածին, թե տեսեք՝ ես մնալու եմ, եւ որեւէ մեկը չփորձի ինչ-որ խաղեր տալ»:

 

ԱՂՔԱՏ ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱ
ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2016թ. հունվարի 1-ի դրությամբ տրակտորների քանակը կազմում է 15 հզ. 115, որից սարքին է միայն 11 հզ. 891-ը: Իսկ սարքին բեռնատար ավտոմեքենաների թիվը կազմում է 11 հզ. 583: Հանրապետությունում առկա է հացահատիկահավաք 1012 սարքին կոմբայն եւ տրակտորային խոտհնձիչներ՝ 1756: Սարքին կերահավաք կոմբայնները 303-ն են, իսկ հատիկազտիչ մեքենաները՝ 361-ը: «Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գյուղատնտեսական տեխնիկայի մի զգալի մասը բաժին է հասնում մայրաքաղաք Երեւանին, որը գյուղատնտեսական նշանակության հողեր չունի: Կարելի է ենթադրել, որ այդ տեխնիկան վարձով օգտագործվում է մարզերում. մարզի բնակիչները գյուտեխնիկայի համար վճարում են գյուղտեխնիկայի երեւանցի սեփականատիրոջը:

 

ԱԱԾ-Ի ԿՈՄՈՒՆԱԼ ՎՃԱՐՆԵՐԸ
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության՝ 2016թ. կոմունալ վարձավճարը կազմել է 726 մլն 735 հզ. դրամ: Սա թերեւս ռեկորդային ցուցանիշ է եւ, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԱԾ-ի կառույցի մեջ է գտնվում «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն: ԱԱԾ-ն գազի դիմաց վճարել է 200 մլն դրամ, էլէներգիայի համար՝ 450 մլն 405 հզ. դրամ, ջրի համար՝ 76 մլն 330 հզ. դրամ:




Լրահոս