Այսօր՝ ժամը 02.00-ին, սպանության հերթական դեպքն է գրանցվել Լոռու մարզի Վահագնի գյուղում: ArmLur.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ սպանվածի դին հայտնաբերվել է գյուղի ճանապարհին:
Մեզ հայտնի դարձավ, որ կրակոցից սպանվել է գյուղի 44-ամյա բնակիչ Նվեր Քոչինյանը՝ գլխի շրջանում ստացված հրազենային վնասվածքից:
Դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մշակվել է քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, ձեռնարկվում են լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու համար:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
ArmLur.am-ին Վահագնիի գյուղապետի օգնական Անուշ Հովհաննիսյանը հայտնեց, որ ողջ գյուղում ապշած են կատարվածից, սպանվածը երբեք խնդիր կամ նման ողբերգական ավարտ ենթադրող տարաձայնություններ չի ունեցել որևէ մեկի հետ: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ նա երկու մանկահասակ երեխա ուներ, արտագնա աշխատանքով էր զբաղվում՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնություն մեկնելով, կամ գյուղում անասնապահություն էր անում:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ սպանությունը կատարելու մեջ արդեն իսկ կասկածյալ կա: Նա, ըստ նախնական տեղեկությունների, սպանվածի համագյուղացին է: Նրանք նախկինում մտերիմ ընկերական հարաբերություններ են ունեցել: