Շարունակվել են ընթացիկ և անհետաձգելի աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվետու ամսին Երևան Ջուր ՓԲԸ համակարգում ցրտերի հետ կապված վթարներ ու, առավել եւս, արտակարգ պատահարներ չեն գրանցվել: Գրեթե չեն գրանցվել ահազանգեր բազմաբնակարան շենքերից ու անհատական տնատիրություններից: Ասել է թե ջրամատակարարումն իրականացվել է կայուն ռեժիմով: Ինչ վերաբերում է շինարարական եռուզեռին, ապա ինչպես և պետք էր սպասել, այս առումով հունվարն աշխուժությամբ աչքի չընկավ: Եղանակային առանձնահատկություններից ելներով, ժամանակավորապես դադարեցվել է մի քանի շինարարական աշխատանք: Դրանք կվերսկսվեն գարնանը: Ձմռանը ընդհանրապես ընկերությունում հիմնական ուշադրությունը դարձվում է գործունեության արդյունքների ամփոփմանը, նոր ծրագրերին, նախագծերին ու գարնան նախապատրաստական աշխատանքներին: Սակայն դա չի նշանակում, որ կյանքն այստեղ ընդհանրապես կանգ էր առել:

Մասնավորապես շարունակվել են ընթացիկ եւ անհետաձգելի աշխատանքները մայրուղային ջրատարների վրա: Օրինակ` Գառնի-Երևան ջրատարի վրա հայտնաբերվել է երկու վթար: Վերացվել է մեկը՝ վայրկյանում 3 լիտր ջրի տնտեսումով: Տեղանքի անանցելիության պատճառով, երկրորդ վթարը կվերացվի ավելի ուշ: Կարգավորվել է Արզականի ջրաղբյուրից հարակից համայնքներին տրվող ջրաքանակները: Ցրտերի պատճառով շատ բաժանորդներ, առավելապես անհատական տնատիրությունններով կառուցապատված տարածքներոմ, այդ թվում գյուղերում, սովորության համաձայն ծորակները բաց են պահել, ինչի հետեւանքով նախորդ ամսվա համեմատ ավելացել է ջրի պահանջարկը: Այն բավարարելու համար Երեւան Ջուրը Գյումուշի պոմպակայանում վերագործարկեց եւս մեկ պոմպ` այդ կերպ ավելացնելով Երեւանին տրվող ջրաքանակը վայրկյանում 100 լիտրով:

Ինչ վերաբերում է ներքաղաքային բաշխիչ ցանցին, ապա այստեղ հիմնականում զբաղվել են ջրագծերի ու կոյուղագծերի վթարները վերացնելով: Ինչպես նաեւ լուծվել է մեկ հրատապ խնդիր: Այսպես, 1970-ական թվականներին կառուցված Բաշինջաղյան 6 շենքի կոյուղագիծը նստվածքների պատճառով խցանվել էր, ինչի պատճառով էլ անհնար էր դարձել դրա շահագործումն ու առաջացող վթարների վերացումը: Դրանով պայմանավորված, այստեղ կառուցվեց նոր կոյուղագիծ` պոլիէթիլենային ակոսավոր խողովակներով:

Ընդհանուր առմամբ հունվարին համակարգում գրանցվել է 464 ջրագծի վթար, 2051 կոյուղու վթար և 191 վթար` պոմպակայաններում, որոնք վերացվել են նախատեսված ժամկետներում: Այս ամենի շնորհիվ, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր է ունեցել սպառողների 79.2%-ը, 17-23,5 ժամ՝ 20.8%-ը: Համակարգում նաեւ ապահովվել է ջրամատակարարման գոհացուցիչ միջին տեւողություն: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարված ջրի որակին, ապա Երևան Ջուր ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1366 փորձանմուշների ստուգումը ցույց է տվել գործող նորմատիվներից մեկ շեղում, որն էլ ընկերության համապատասխան ծառայության կողմից անմիջապես վերացվել է:

Շարունակվել է առաջընթացը թե՜ ջրի եւ թե՜ էլեկտրաէներգիայի տնտեսման ուղղությամբ, որն ընկերության գործունեության կարեւորագույն խնդիրներից մեկն է: Չնայած դրան, հաջողվել է հասնել ջրի վաճառքի ծավալի ավելացմանը ինչպես նախորդ դեկտեմբերի, այնպես էլ 2015թ. հունվարի նկատմամբ: Ավելացել է նաեւ բաժանորդների քանակն ու միջին ամսական ծախսը: Դա առաջին հերթին արդյունք է ապօրինությունների հայտնաբերման ու օրինականացման նպատակով տարվող շարունակական աշխատանքի: Մասնավորապես, այս ընթացքում կազմվել է ջրամատակարարման կանոնների խախտման 372 ակտ, որից 52 վերաբերում է ապօրինի ջրօգտագործմանն ու «ձախ» ջրագծերին:

Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2016թ. հունվարին գործունեության մի շարք ցուցանիշների վերաբերյալ` 2015թ. հունվարի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/:

 

Հիմնական ցուցանիշներ 2009թ.հունվար 2015թ.հունվար 2016թ.հունվար 2016թ. հունվար – 2015թ. հունվար /+ –
Աղբյուրներից վերցված ջրաքանակ՝ լիտր/վրկ. 11 745 8105 7938 -167 /2009թ. հունվարից՝ -3807/
Էլեկտրաէներգիայի օրական սպառում՝ կՎտժ 328 000 45 000 44 000 -1000 /2009թ. հունվարից՝ -284 000/
Ջրամատակարարման շարունակականություն՝ % 84,8 96,0 97,5 +1,5% կետ /2009թ. հունվարից՝ +12.7% կետ

 «Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն




Լրահոս