
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարվել է գույքագրել և ապամոնտաժել մայթերին տեղադրված և քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող գովազդային վահանակները:
«Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ գովազդային վահանակների տեղադրման թույլտվություն տրամադրելիս որևէ կերպ հաշվի չի առնվում քաղաքացիների տեղաշարժի խոչընդոտ լինելու հանգամանքը, մինչդեռ այդ մասով հստակ է մեր պահանջը: Բայց այդ պահանջը ոմանք շրջանցում են ու այս հարցում մեղավորության մեծ բաժինը հենց մեր պատասխանատուներինն է, ովքեր պարտավոր են լինել տեղում և վերահսկել, որ դրանք տեղադրվեն սահմանված հատվածում, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կկամենա պատվիրատուն: Գույքագրեք առկա գովազդային վահանակներն ու որոնք խոչընդոտում են քաղաքացիների տեղաշարժը, համապատասխան քայլեր ձեռնարկեք դրանց ապամոնտաժման ու սահմանված հատված տեղափոխելու ուղղությամբ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը: