ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2008թ.-ից ունեմ գույքի եւ հողի հարկերի պարտք, որը կազմում է մոտ 150.000 դրամ: Տեղյակ եմ, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն` գոյություն ունի հայցային վաղեմության ժամկետ, ըստ որի` քաղաքացին պետք է վճարի իր վերջին երեք տարվա պարտքերը: Երեկ գնացել եմ Կենտրոնի թաղապետարան եւ 50.000 դրամի վճարում կատարել: Այնտեղ ինձ ասում են, որ ես պարտավոր եմ վճարել իմ պարտքերը` 2008 թվականից սկսած: Ինչո՞ւ են ինձ նման բան ստիպում:

Հովիկ Հովսեփյան (թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչությունից տեղեկացնում են, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն՝ սույն օրենքներով սահմանված գույքահարկի եւ հողի հարկի վճարման գծով խախտումներ հայտնաբերվելու դեպքում գույքահարկի եւ հողի հարկի գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը կատարելուց հետո անցել է տասը տարի: Հետեւաբար, սկսած 01.01.2008 թվականից՝ գույքային հարկերի գծով չվճարված հարկային պարտավորությունների մասով, նշված օրենքների համաձայն, վաղեմության ժամկետ է համարվում տասը տարին:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենք գրողները ժամանակին լավ էլ մտածել են, թե ինչ վաղեմության ժամկետ սահմանեն, որ շարքային քաղաքացիները, ինչպես միշտ, տուժածի կարգավիճակում հայտնվեն: Մեզ դիմած քաղաքացուն մնում է միայն զինվել  համբերությամբ եւ մաս-մաս վճարել պետությանն ունեցած իր պարտքերը:




Լրահոս