ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ԲՀԿ խմբակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանն այսօր հրաժարական է ներկայացրել, ըստ որի, նա դադարում է այլեւս այդ պաշտոնը ստանձնել: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` ԲՀԿ-ն այդ պաշտոնում արդեն որոշ թեկնածուներ ունի: Խոսվում է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, «Պոստ-սկրիպտում» մամուլի ակումբավար-սեփականատեր Վանիկ Էլիզբարյանի մասին:
ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջինիս թեկնածուությանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես մամուլից տեղեկացա Վանիկ Էլիզբարյանի թեկնածության մասին, դա շատ լավ գաղափար էր, որ ինձ հուշեց մամուլը: Վանիկ Էլիզբարյանին եւս մենք կքննարկենք մեր մի քանի այլ թեկնածուների հետ միասին, որ ես ու իմ գործընկերներն պատկերացնում ենք, որ կարող են գրագետ իրականացնել կուսակցության մալուլի խոսնակի պարտականությունները»:
Զոհրաբյանն, խոսելով այլ թեկնածուների առկայության մասին, ասաց. «Այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ դեռ քննարկումներ չեն եղել եւ մենք առանձնապես չենք էլ շտապում: Ես որպես նախկին լրագրող կարող եմ ինչ-որ ժամանակ իրականացնել նաեւ այդ պարտականությունը, այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Բայց կարծում եմ, որ առաջիկայում մենք կունենանք մամուլի նոր խոսնակ»: