Այսօր փակ քվեարկությամբ խորհրդարանը կընտրի Հայաստանի չորրորդ օմբուդսմենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ  պետք է ընտրի Հայաստանի չորրորդ օմբուդսմենին: Թեկնածուն մեկն է՝ իշխող ՀՀԿ-ի առաջադրած արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:

Երեկ ողջ օրը ԱԺ-ն քննարկեց Թաթոյանի թեկնածության հարցը, վերջինիս հարցեր ուղղեցին մեծ թվով պատգամավորներ և ելույթներով հանդես եկան:  Նա երեկ համոզմունք հայտնեց, թե ընտրվելու դեպքում կկարողանա պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը: Հիշեցնենք, որ խորհրդարանը Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է վեց տարի ժամկետով:

Թերևս ամենաբացասական կարծիքը երեկ հնչեց Զարուհի Փոստանջյանի կողմից: Վերջինիս ձևակերպմամբ՝ իշխանության փաստաբանը չի կարող պաշտպանել հայաստանցիների խախտված իրավունքները: Չնայած ՄԻՊ թեկնածուն պնդում էր, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելն իրեն չի կաշկանդում, այնուամենայնիվ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը թերահավատորեն էր տրամադրված: «Ես չեմ հավատում, որ Դուք կկարողանաք իսկապես չդառնալ ո՛չ ընդդիմության ձեռքին գործիք, չվախենալ ընդդիմության շանտաժներից, որ կմեղադրվեք իշխանության դրածոն լինելու մեջ, և ո՛չ էլ կկարողանաք դիմակայել իշխանության և պետական տարբեր կառույցների կողմից արվող ճնշումներին», – ընդգծեց նա:

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ  կողմ կքվեարկի Արման Թաթոյանի թեկնածությանը: Նրան կողմ կքվեարկի նաև ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը. ԲՀԿ-ն քվեարկությունն ազատ կթողնի:




Լրահոս