«Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ Օլիմպիական ավանի հարևանությամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դուստրը՝ Արմենուհին, մեկ տարուց ավելի է՝ կառուցում է սպորտային մեծ համալիր։ Ասում են, թե տարածաշրջանում նմանը չունեցող կոմպլեքս է լինելու՝ մրցակից մայրաքաղաքի մյուս հայտնի համալիրներին։ Գևորգյանները քննարկել, ուսումնասիրել են Եվրոպայի նմանատիպ կենտրոններն ու յուրաքանչյուրի միջից ընտրել լավագույնը, արտերկրից էլ պարբերաբար բազմաթիվ մասնագետներ են բերել՝ տեղում խորհուրդներ տալու համար։
Մեր տեղեկություններով, սպորտային համալիրն ունենալու է օլիմպիական չափերի լողավազան՝ 50 մետր երկարությամբ, 25 մետր լայնությամբ, մեծ մարզասրահ՝ հագեցած գերժամանակակից տեխնիկայով, իսկ ամենաբումայինը սերֆինգի հնարավորություններն են։ Սերֆինգը սոսկ մարզաձև չէ, այն օվկիանոսների և ծովի ալիքների վրա հատուկ տախտակով սահելու արվեստ է։ Մեր տեղեկություններով, սպորտային կենտրոնը նախատեսում են բացել հունիսի վերջին, այժմ արդեն ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում։ Համալիրում նաև ռեստորաններ են լինելու։ Մոտ օրերս Իտալիայից հատուկ հրավերով ժամանելու է շեֆ-խոհարար, որը մաստեր-կլաս է անցկացնելու և օգնելու է մենյուի կազմմանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։